Քննարկվել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման խնդիրները
15:58 - 16 հունիսի, 2022

Քննարկվել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման խնդիրները

Սանկտ Պետերբուրգում անցկացվող 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին:

ՀՀ գլխավոր դատախազը հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքներին՝ նշելով, որ այն խոշոր և արդեն կայցած հարթակ է քննարկելու ժամանակակից գլոբալ մարտահրավերների համատեքստում երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև միջազգային և ազգային մակարդակներում գործարարությունը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու ունիվերսալ կառուցակարգերի կատարելագործման հնարավորությունները:

Այս առումով Արթուր Դավթյանը շեշտել է, որ վերջին շրջանում արձանագրվել է ՌԴ բազմաթիվ քաղաքացիների, գործարարների ներհոսք Հայաստան և ՀՀ դատախազությունն իր ուշադրության առանցքում է պահում վերջիններիս անվտանգության, իրավունքների, գործարար շահերի պաշտպանության խնդիրները՝ այդ նպատակով կայուն կապ պահպանելով նաև Հայաստանում ՌԴ դեսպանատան հետ:

ՌԴ գլխավոր դատախազը բարձր է գնահատել ՀՀ իր գործընկերոջ մասնացկությունը պետերբուրգյան տնտեսական կարևոր ֆորումին:

Իգոր Կրասնովը նաև գոհունակություն է հայտնել երկու երկրների դատախազական կառույցների միջև  տարեցտարի ամրապնդվող համագործակցության բարձր մակարդակի առթիվ, շեշտել դրանում ՀՀ գլխավոր դատախազի ունեցած դերը և գործակցությունն առավել խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են անդրազգային հանցավորության դեմ պայքարի, իրավական փոխօգնության ոլորտներում գործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն արժևորել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ստորագրված բազմավեկտոր համագործակցության ծրագրերի իրականացման արդյունավետ ընթացքը: Երկուստեք արձանագրվել է, որ այդ ծրագրերով նախատեսված համատեղ միջոցառումներն օգնում են դատախազների մասնագիտական կարողությունների զարգացմանը, հանցավորության դեմ պայքարում երկուստեք առաջնային համարվող ուղղություններով փորձի փոխանակմանը:

Հանդիպմանը քննարկվել են նախորդ տարվա ընթացքում Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև կայացած եռակողմ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման խնդիրները: Մասնավորապես՝ շեշտվել է հրադադարի հանցավոր խատումների և դրանց հետևանքների համատեղ հետաքննության, միջադեպերի վերաբերալ տեղեկատվության փոխանակման ձևաչափերը ձևական չդարձնելու կարևորությունը: 

Արթուր Դավթյանն Իգոր Կրասնովին շնորհակալություն է հայտնել հակամարտության կարգավորման հումանիտար խնդիրների լուծման, կողմերի միջև հաղորդակցության ձևաչափ գործարկելու հարցում ցուցաբերած անձնական լուրջ ներդրման համար: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել հրադադարի հաստատման մասին 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջները՝ չնայած Ադրբեջանում պահվող բոլոր անձանց և ռազմագերիների անվերապահ վերադարձը տարածաշրջանային խաղաղության, անվտանգ գործակցության առանցքային գործոն է:

Արթուր Դավթյանը նշել է, որ անհրաժեշտ է համատեղ ջանքերն ուղղել այս հիմնահարցի շուտափույթ լուծմանը:

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել