Չնայած լրագրողների առանձին հարցումներին պատասխանների միջոցով 2020թ. նոյեմբերի 9-10-ի դեպքերի առնչությամբ քննվող քրեական գործերի մասին համապատասխան ամփոփ տեղեկատվություն տրամադրվել է, սակայն դատելով նույնի առնչությամբ չդադարող բանավոր հարցումներից՝ թերևս առկա է ավելի հրապարակային մակարդակով այդ տեղեկատվությունը հանրայնացնելու անհրաժեշտությունը: Այս մասին գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նա մասնավորապես գրել է․ «2020 թվականի նոյեմբերի 9-10-ին Երևան քաղաքում գտնվող Կառավարության շենքում, Ազգային ժողովի շենքում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու վայրերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս նախաքննությունը շարունակվում է:
Տվյալ քրեական գործով ներկայում 25 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:
Բացի այդ, ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ քրեական գործից անջատվել և մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 29 անձի վերաբերյալ 10 քրեական գործ:
Դատարան ուղարկված քրեական գործերից հինգով 9 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:
Դրանցից՝
1 քրեական գործով 1 անձ դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով և պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 5 տարի փորձաշրջան: Նշված դատավճռի դեմ դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է:
1 քրեական գործով արագացված դատական քննության արդյունքում 2 անձ դատապարտվել է 4-ական տարի ազատազրկման: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել պաշտպանի կողմից, որի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարելու մասին, և ամբաստանյալների նկատմամբ նշանակվել է համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ, այսինքն՝ ազատազրկում 2 տարի ժամկետով: Նշված դատական ակտի դեմ դատախազության կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք:
1 քրեական գործով կրկին արագացված դատական քննության կարգով կայացված մեղադրական դատավճռով (առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը) ամբաստանյալը դատապարտվել է տուգանքի՝ 150.000 ՀՀ դրամի չափով:
1 քրեական գործով էլ համաձայնեցման վարույթի շրջանակներում 3 անձ (զանգվածային անկարգության մասնակիցներ) դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 2 տարի փորձաշրջան:
1 քրեական գործով դատապարտվել է 2 անձ, որոնցից մեկը՝ 3 տարի ազատազրկման և 500.000 ՀՀ դրամ տուգանքի, մյուսը՝ 6 տարի ազատազրկման»:
comment.count (0)