news.am: Հնարավոր է, որ Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին իրենց պաշտոններից հեռացնելուց հետո այդ պաշտոնները թափուր մնան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին իրենց պաշտոններից զրկելով ՔՊ-ն բավարարվի եւ ընդդիմադիր շուրջ 10 պատգամավորներին մանդատներից զրկելու հարց չառաջանա, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Կախված է հանգամանքներից: Այս պահին մանդատներից զրկելու հարցը դեռեւս քննարկման փուլում է եւ պայմանավորված հետագա զարգացումներով, նաեւ ընդդիմադիր պատգամավորների խորհրդարանական պահվածքով, մենք ըստ այդմ որոշում կկայացնենք»:
Դիտարկմանը՝ եթե ԱԺ փոխխոսնակի պաշտոնը թափուր է, արդյոք խորհրդարանն այդ դեպքում լեգիտիմ է, նա արձագանքեց. «Լեգիտիմության խնդիր բացարձակապես չկա, ԱԺ-ն լեգիտիմ է, ՀՀ քաղաքացին արտահայտել է իր կամքը: Խորհրդարանի ձեւավորման փուլում է անհրաժեշտ, որ բոլոր պաշտոնները լրացվեն, հետագայում նման խնդիր չի առաջանում: Այսինքն ընդդիմադիրները կարող են առաջադրել թեկնածուներ այս երկու պաշտոնի համար, եւ ՔՊ-ն ունի իրավունք ընտրելու կամ չընտրելու»:
Ինչ վերաբերում է պնդմանը, որ ՔՊ-ի այս որոշումը քաղաքական է եւ պայմանավորված է նրանով, որ այդ գործիչները սուր են արտահայտվել իշխանության հասցեին, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Նախ, սուր արտահայտվելը հարաբերական է, նրանք սանձարձակությունների են դիմում եւ լկտի պահվածք են դրսեւորում: Ինչ վերաբերում է քաղաքական որոշմանը, ապա մենք պատգամավորներ ենք, զբաղվում ենք քաղաքական գործունեությամբ եւ մեր բոլոր որոշումները քաղաքական են: Իսկ հիմնավորումները իմ գործընկերները ԱԺ-ում հնչեցրել են»:
Նա հիշեցրեց, որ նախորդ խորհրդարանում հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացրել են Նաիրա Զոհրաբյանին, նա դիմել է ՍԴ եւ որեւէ արդյունքի չի հասել, որովհետեւ այս հարցը բացառապես ԱԺ ներքին կանոնակարգման հարց է: «Բայց այո, կարող են դիմել ՍԴ»:
Արթուր Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ ՔՊ-ում քննարկել եւ դեռ հիմա էլ քննարկում են նաեւ ԱԺ հանձնաժողովների մյուս երկու ընդդիմադիր նախագահների պաշտոններից հեռացնելու մասին հարցը, սակայն դեռ որոշում չկա: Խոսքը Թագուհի Թովմասյանի եւ Արմեն Գեւորգյանի մասին է: Նա հերքեց մամուլի տեղեկությունները, թե ՔՊ-ում որոշ պտգամավորներ պաշտպանել են Արմեն Գեւորգյանի շահերը:
Հարցին, թե ինչ է լինելու, եթե ընդդիմությունը այդ պաշտոններում նոր թեկնածուներ չառաջադրի, նա պատասխանեց. «Եթե չառաջադրեն, ապա ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ այդ պաշտոններն անցնում են քաղաքական մեծամասնությանը: Բայց ես կարող եմ նախնական ասել, որ մենք չենք պատրաստվում այդ պաշտոնները լրացնել»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը այսօր գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
comment.count (0)