factor.am: Անորակ հրթիռներ ձեռք բերելու գործով ավելի քան երկու ամիս կալանքի տակ գտնվող ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներա-մայոր Արմեն Հարությունյանը գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացրել է պաշտպան Հակոբ Ենոքյանը՝ զերծ մնալով սահմանված գրավի չափը հանրայնացնելուց։
Դեռ նախորդ ամիս քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին: Քննության ընթացքում, սակայն, պաշտպանական կողմն իր հերթին միջնորդել էր գրավ կիրառել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Մուրադյանի նախագահությամբ, օգոստոսի 11-ին որոշում էր կայացրել բավարարելու քննիչի ներկայացրած կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը՝ թույլատրելի ճանաչելով նաև գրավի կիրառումը: Արմեն Հարությունյանն ազատ էր արձակվել հենց հաջորդ օրը՝ գրավը վճարելուց անմիջապես հետո։
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլարի անորակ հրթիռներ ձեռք բերելու պայմանագիր է կնքել, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։ Արմեն Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում։
comment.count (0)