Կապանում ուժգին պայթյուններ են․ Ալեքսանդր Քանանյան
01:43 - 13 սեպտեմբերի, 2022

Կապանում ուժգին պայթյուններ են․ Ալեքսանդր Քանանյան

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը, որը բնակվում է Սյունիքի մարզի Կապան համայնքում, Infocom-ի հետ զրույցում րոպեներ առաջ մանրամասնեց, որ հակառակորդը ծանր հարվածներ է հասցնում քաղաքի ուղղությամբ։ Քանանյանի գնահատմամբ՝ պայթյուններն այնքան ուժգին են, որ դրանք, ըստ ամենայնի, անօդաչու թռչող սարքերի հարվածներ են․ «Թեեւ ես մասնագետ չեմ, բայց արցախյան վերջին պատերազմի փորձառությունը թույլ է տալիս այդպես ենթադրել»,- ասաց մեր զրուցակիցը։

«Քանի որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, արդեն գոնե այս պահի գնահատմամբ լիարժեք պատերազմական գործողությունների բնութագրման տակ է ընկնում, հետեւաբար, որչափ էլ անվստահելի եւ մերժելի լինեն պաշտոնական աղբյուրները, այդ թվում՝ լրատվության, այս մի քանի նախադասությունը, որ ասում եմ, պարզապես իրավիճակից անտեղյակ անձի պատուհանից երեւացող նկարագրությունն է, իսկ մնացածի համար սպասենք պաշտոնական աղբյուրների հաղորդագրությունների»,- հարկ համարեց նշել մեր զրուցակիցը։

Նա մանրամասնեց, որ մոտավորապես վերջին կես ժամվա ընթացքում անընդհատ ուժգին պայթյունների ձայներ են լսվել․ «Քանի որ ես Կապանի արվարձանում եմ բնակվում, բարձրադիր Խուստուփի լանջերին, այսեղից նկատելի է, որ գոնե մեկ թիրախի ուղղությամբ արդեն տասից ավելի հարված է եղել, ընդ որում՝ շատ ուժգին հարված»,- ասաց Քանանյանը՝ նշելով, որ ավելի հեռու տեղերից նույնպես պարբերաբար որոտացող պայթյունների ձայներ են գալիս։

Մեր զրույցի պահին էլ, ինչպես նշեց Քանանյանը, պայթյունների ձայները լսվում էին․ «Հենց էս պահին նորից ուժգին հարված եղավ, իմ տան պատուհանից տեսնում եմ»,- ասաց նա, եւ, եզրափակելով խոսակցությունը, նշեց․ «Բարի գալուստ խաղաղության դարաշրջան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել