ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը քիչ առաջ հայտնեց, որ Ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ։
«Չնայած իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, սակայն կեսգիշերին արձանագրված հրետակոծության ինտեսիվությունը զգալիորեն թուլացել է։ Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ»։
Թորոսյանը նշեց, որ ՀՀ Զինված ուժերը շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։ «Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Կեսգիշերից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են թիրախավորել սահմանամերրձ բնակավայրերը և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս ակնհայտ իրողության ֆոնին առավել քան անհեթեթ են դառնում ադրբեջանական կողմի պնդումները, թե իրենք խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում»։
Թորոսյանն ասաց, որ ՊՆ-ն կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության զարգացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։ «Կոչ ենք անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին, ձեռնպահ մնալ մարտական գործողությունների գոտի մեկնելուց, և առավել ևս այդ տարածքներից տեսանյութեր հրապարակելուց»։
comment.count (0)