Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ինքը Արցախի հարցով այս ընթացքում բարձր մակարդակով ՀՀ իշխանությունների կողմից անցկացված բոլոր միջազգային քննարկումների մասին տեղեկացված է մանրամասնությամբ, քանի որ պարբերաբար տեղի են ունենում համատեղ խորհրդակցություններ։
«Ընդգծում եմ, որ, ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նրանց կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերն ու կարծիքը։ Հավելեմ՝ առայսօր այդ համատեքստում որևէ փաստաթղթի նախագիծ անգամ առկա չէ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Այսօր՝ ավելի վաղ, Արայիկ Հարությունյանը հայտարարել էր․ «Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում, և, երկրորդ, մենք ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու ժողովուրդ չունենք: Մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»:
Դրան նախորդել էր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ինքն իր վրա վերցրել է ծանր որոշումների գնալու պատասխանատվություն՝ հանուն խաղաղության, բայց դա չի նշանակում, թե այդ որոշումները պետք է հակասեն ՀՀ պետական շահերին․ «Մենք էդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։ Մենք չենք կարող էսօր վերնագրի ներքո գրել խաղաղության պայմանագիր, տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսվի։ Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես շատ այդ որոշումը ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»։
Ավելի ուշ Փաշինյանը պարզաբանել էր, որ ինքը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել և առաջիկա օրերին չի պատրաստվում ստորագրել։
comment.count (0)