ԱԺ-հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարց ուղղեց, թե արդյո՞ք կնքվելիք խաղաղության պայմանագիրը չպետք է հաջորդի սահմանների ճշգրտմանը։
Սկզբում հարցին պատասխանեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ կարող է լինել խաղաղության կամ հարաբերությունների հաստատման, փոխադարձ ճանաչման պայմանագիր, որից բխեն տարբեր գործընթացներ, այդ թվում սահմանների սահմանազատման և սահմանագծման։
«Կարող է լինել և հակառակը՝ փաթեթային մոտեցմամբ՝ մի պայմանագրում բոլոր հարցերը՝ ամենայն մանրամասնությամբ, կարող են լինել նաև առանձին գործընթացներ՝ սահմանները սահմանազատվեն, կոմունիկացիաները որոշվեն, բացվեն, հետո լինի վերջնական պայմանագիրը։
Իմ կարծիքով կարելի է ճանաչման պայմանագիր ստորագրել, ամենաէական խնդիրները արձանագրել, և զուգահեռ գնան գործընթացներ, օրինակ՝ սահմանազատման գործընթացը»,- նշեց Միրզոյանը։
Այնուհետև Աղազարյանի հարցին անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ հարցը կարևոր է։
Նա նշեց` Ադրբեջանն ասում է եկեք փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչենք, ասում ենք՝ համաձայն ենք. «Եթե Ադրբեջանն ասում է, որ էն տարածքները, որոնք իրենք ներխուժել են՝ Շորժա, Վերին Շորժա, դա ո՞ւմ տարածքային ամբողջականության մեջ է։ Եթե Ադրբեջան ասում է, որ իր տարածքն է, ապա մենք իր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, որովհետև դա մեր տարածքն է, դա վիճելի տարածք չէ։
Եթե իրենք դուրս կգան, կկանգնեն Սովետական Միության սահմանի վրա, կճանաչենք տարածքային ամբողջականությունը, դուրս չեն գա, չենք ճանաչի, սա քաղաքական դիրքորոշում է։ Սրա հիման վրա պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի, դեմարկացիա, դելիմիտացիա անել։
Ադրբեջանը հիմա ասում է՝ եկեք դուք իմ տարածքային ամբողջականությունը ճանաչեք, ներառյալ այն տարածքենրը, որոնք ես ապօրինի օկուպացրել եմ, ճանաչեք իմ մաս, հետո դեմարկացիա դելիմիտացիայի շրջանում կարող է պարզվել, որ ՀՀ-ին պատկանող տարածքներ կան, որ ժամանակին տրվել են Ադրբեջանին, հետք կքննարկենք։
ՀԽՍՀ-ն ունի կոնկրետ տարածք, եթե Ադրբեջանը մեր Հանրապետության տարածքային ամբողջականոությունը ճանաչում է, ես հենց այսօր այդ հենքի վրա պատրաստ եմ գալ համաձայնության»։
«Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության։ Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք էդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։ Մենք չենք կարող էսօր վերնագրի ներքո գրել խաղաղության պայմանագիր, տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսվի։
Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես շատ այդ որոշումը ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ», - նշեց Փաշինյանը։
comment.count (0)