Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին
12:11 - 15 սեպտեմբերի, 2022

Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին

Ասյօր Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյան։ ԱԺ նիստերի դահլիճ էր եկել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որն ուզում էր ելույթ ունենալ։

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, որը վարում է նիստը, ասաց, որ երբ պատգամավորների գրանցում էր հայտարարել, Մանուկյանը դահլիճում չէր, այնուհետև ժամանակ տվեց, որ նա գրանցվի։

Տեղից խոսելու համար նախազգուշացում ստացավ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը, որից հետո Գեղամ Մանուկյանը հրավիրվեց ելույթի։

Նա հայտարարեց՝ ԱԺ-ում չէ քննարկելու ՍԴ դաատվորի թեկնածուի հարցը․ «Այստեղ եմ եկել տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների խոսքը, հորդորը, խնդրանքը փոխանցելու ձեզ, այն մարդկանց, որ հաշված ժամերի ընթացքում ինքնաբուխ երեկ հուզված, զայրացած, նյարդայնացած, վրդովված շտապել էին Բաղրամյան պողոտա՝ ԱԺ շենքի դիմաց։ Այդ մարդիկ ուղղորդված չէին․ որևէ մեկը նրանց չէր ուղղորդել։ Ուղղորդում չկար, պարզապես կար մեկ բան՝ հայրենիքի նկատմամբ անհանգստությունը, Արցախի նկատմամբ անհանգստությունը։ Եթե ասում ենք՝ կար ուղղորդում, ապա մեկ բան՝ երեկ ԱԺ դահլիճի այս ամբիոնից հնչած անթույլատրելի, վտանգավոր այն հայտարարությունը, որ եղել էր»։

Գեղամ Մանուկյանի պնդմամբ՝ երեկ ԱԺ դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում տասնյակ հազարավոր մարդիկ․ «Ժողովուրդ, որը նաև պարտադրեց, որ հաշված ժամերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից ինչ-որ թուղթ ստորագրելու, ՀՀ տարածք ի, Արցախի մասին ոչ մի բառ չասելու պատճառով այդ անհանգստությունից հետո ուղիղ եթերներով, գրավոր հայտարարություններով իշխանության ներկայացուցիչների կողմից եղան բազմաթիվ պարզաբանումներ, հերքումներ, որովհետև հասկանալ էր, որ մարդիկ վրդովված էին։ Հերքումներ, որոնք, այնուամենայնիվ, չհերքեցին այն վտանգավոր հայտարարությունը, չհերքեցին այս օրերին իշխանական պատգամավորների կողմից Արցախի հարցի, Արցախի ապագայի մասին այն բոլոր վտանգավոր հայտարարությունները, որ պարբերաբար հնչում են»։

Գեղամ Մանուկյանը նաև նշեց, որ Երեկ Ստեփանակերտում հազարավոր մարդիկ էին  հավաքված․ «Այդ մարդիկ իրենց դավաճանված էին զգում, այդ մարդիկ իրենց թուրքի դեմ մենակ էին զգում, քանի որ այդ մարդիկ մեկ էլ մի պահ լսել էին, որ ԱԺ այս ամբիոնից այլևս իրենց մասին խոսող չկա»։

Գեղամ Մանուկյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին․ «Երեկ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել է մի արտահայտություն, որ ինչ-որ թուղթ եթե ստորագրի, մարդիկ կարող են քննադատել և ասել դավաճան»։

Մանուկյանի այս խոսքերից հետո ՔՊ-ական պատգամավորները սկսեցին բղավել։ Վահագն Ալեքսանյանը փորձեց նստած տեղից բարձրանալ, Վահագն Հովակիմյանը պահեց նրան։ Հակոբ Արշակյանը ՔՊ պատգամավորներին խնդրեց հանգստություն պահպանել, Գեղամ Մանուկյանին էլ՝ այնպես չանել, որ էլ ավելի լարվի խոսակցությունը։

«Տերմինալոգիա եք օգտագործում, կոնտեքստից կտրում եք որոշ բաներ, որը հուզական արձագանք է ստանում»,- դիմելով Մանուկյանին՝ նշեց Արշակյանը։

Իրավիճակը հանդարտվեց, Մանուկյանը շարունակեց իր ելույթը․ «Երեկ տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությունն այստեղ փաստեց, որ ժողովուրդը պոռթկման եզրին է։ Երեկ տասնյակ հարազարվոր ինքնաբուխ հավաքված մարդիկ սպասում էին քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին։ Չեկան, բայց ժամանակ կա։ Վերջապես հասկացեք, որ իրավիճակն օրհասական է։ Վերջապես հասկացեք, որ իրավիճակի լուծումը մեկն է՝ նոր իշխանություն, նոր կառավարություն, նոր վարչապետ, որն այս վիճակից կարող է դուրս բերել։ Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է»։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պահանջում էին, որ պատգամավորները վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն։ գործընթացի համար կային ընդդիմադիր 35 պատգամավորների ստորագրությունները, սակայն պակասում էր 18 ստորագրություն։ Ակցիայի մասնակիցները պահանջեցին, որ ՔՊ 18 պատգամավոր գա և ստորագրի փաստաթղթի տակ, որով անվստահություն հայտնելու գործընթացը կսկսվի։

Բողոքի ակցիային նախորդել էր Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե որ դեպքում կստորագրի խաղաղության պայմանագիր․ «Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության։ Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք էդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։ Մենք չենք կարող էսօր վերնագրի ներքո գրել խաղաղության պայմանագիր, տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսվի։ Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես շատ այդ որոշումը ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»։

 

Գլխավոր լուսանկարը՝ ԱԺ-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել