ԳՇ պետը նշել է՝ չեն թույլատրի, որ Ջերմուկից 4,5 կմ հեռավորությամբ գտնվող խմբի կենսունակությունն ապահովվի․ այդ խումբն այդտեղից կհեռանա
16:37 - 16 սեպտեմբերի, 2022

ԳՇ պետը նշել է՝ չեն թույլատրի, որ Ջերմուկից 4,5 կմ հեռավորությամբ գտնվող խմբի կենսունակությունն ապահովվի․ այդ խումբն այդտեղից կհեռանա

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց, որ «ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա»։

Հանդիպումից հետո նա արդեն դրսում լրագրողների հետ զրույցում ցույց տվեց այն հատվածները, որտեղ հասել է ադրբեջանական ԶՈՒ-ն։ Նա մասնավորապես նշեց, որ միայն մի կետում հակառակորդի մեկ խումբ է գտնվում Ջերմուկի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա․ «Իսկ բլրի գագաթից, (որտեղ գտնվում է այդ խումբը,- խմբ․), աջ և ձախ, այսինքն՝ դեպի հարավ և հյուսիս, հակառակորդի մխրճման խորությունները, հաշվի առնելով նաև Ջերմուկ քաղաքից հեռավորությունը, 8, 10 կմ դեպի թևեր է»։

Նա ընդգծեց, որ պետք է նաև մարտավարական տեսանկյունից հասկանալ, որ մխրճումով ոչ թե ամբողջ ճակատով հակառակորդի կողմից հասել են Ջերմուկի մատույցներ, այլ միայն մեկ խումբ, որը կտրված է իր ստորաբաժանումներից, գտնվում է այդ բլրի գագաթի վրա․ «Եվ կենսունակության տեսակետից․ եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի թե՛ սննդով, թե՛ ջրով, հատուկ պատրաստված ստորաբաժանում լինի, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվությամբ կսպառվեն, և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալու»։

Ասրյանը հիշեցրեց, որ հանդիպմանը ներկայացրել է, որ խումբը կողքերից շրջափակված է հայկական ստորաբաժանումների կողմից՝ ընդգծելով, որ մարտավարական իրադրությունը գնահատում է կայուն, և հայկական կողմի հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբն այդտեղից կհեռանա։ 

«Չենք թույլատրի, որ ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, ներկա դրությամբ էլ չկա․ նրանք չեն կարողանում բերել իրենց սնունդը և ջուրը ու ապահովեն, և կենսունակությունը կորցնելով՝ խումբը հետ կքաշվի ու կմիանա իրենց հիմնական ստորաբաժանումներին, որոնք գտնվում են Ջերմուկի մատույցներից ավելի մեծ հեռավորությունների վրա՝ յոթ, ութ, տասը, նույնսիկ սահմանի վրա»,- նշեց նա։

ԶՈՒ ԳՇ պետը նաև ասել է, որ այսօր նաև դիտարկել են, որ հակառակորդի 50-60 հոգանոց խումբ հետ է քաշվել դեպի ՀՀ պետական սահման․ «Սա է իրադրությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել