Խոակին Կապառոսը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը
16:06 - 29 սեպտեմբերի, 2022

Խոակին Կապառոսը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում է համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի մեր երկրի ազգային հավաքականը:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Խոակին Կապառոսի հետ, քննարկել Հայաստանի ազգային հավաքականի այս տարվա ելույթները։ Հանդիպման ընթացքում փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել չշարունակել համագործակցությունը։ 

Արմեն Մելիքբեկյանը հանդիպման ընթացքում շնորհակալությունն է հայտնել իսպանացի մասնագետին իր աշխատանքի, Հայաստանի Հանրապետության համար դժվարին օրերին ազգային հավաքականի կողքին մնալու, աշխատանքի ընթացքում մարդկային լավագույն որակներ և բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորելու համար:

Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ իր պատմության ընթացքում հաղթեց պաշտոնական մրցաշարում՝ գրավելով առաջին տեղը Ազգերի Լիգայի C դիվիզիոնի իր խմբում:

Իսպանացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն ունեցավ իր պատմության ամենաերկար անպարտելի շարքը՝ 9 խաղ: 66-ամյա մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մի շարք տպավորիչ հանդիպումներ Աշխարհի գավաթի որակավորման փուլում՝ հիանալի էմոցիաներ պարգևելով երկրպագուներին։

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ղեկավարությունը, Խոակին Կապառոսի հետ համատեղ աշխատած անձնակազմը ևս մեկ անգամ իրենց խորին շնորհակալությունն են հայտնել իսպանացի մասնագետին կատարած աշխատանքի համար և նորանոր հաջողություններ մաղթել հետագա կարիերայի ընթացքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել