ՀՀ ՊԵԿ-ը Ղրիմի կամրջի պայթյունի պատճառ հանդիսացած բեռնատարի զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերել
15:40 - 12 հոկտեմբերի, 2022

ՀՀ ՊԵԿ-ը Ղրիմի կամրջի պայթյունի պատճառ հանդիսացած բեռնատարի զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերել

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված մամուլի հրապարակումների վերաբերյալ ներկայացրել է «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊ ընկերության կողմից համապատասխան ապրանքների ներմուծման և, այնուհետև, տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի մանրամասն նկարագրությունը:

ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ, մանրամասն, նշված է.

«Նախ հարկ է նշել, որ 2022 թ-ի սեպտեմբերի 26-ին վրացական Փոթի նավահանգստում բուլղարական «BALTEX CAPITAL S.A.» կազմակերպությունից ուղարկված «Գու Ար Ջի Գրուպ»  ՍՊԸ (ՀՎՀՀ 06962573) անունով բեռի (22 տեղ, 22770 կգ) տենտով պատված բեռնատար տրանսպորտային միջոցի համար լրացվել է տրանսպորտային բեռնագիր (CMR): 2022  թ-ի  սեպտեմբերի 27-ին ժամը 14:53-ին տենտով պատված բեռնատար ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ տարածք։ Բեռնատարի վարորդն է հանդիսացել Հայաստանի և Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։

Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում սահմանված կարգով սեպտեմբերի  27-ին, ժամը 15:00-ին բեռնատարը կշռվել է, այնուհետև անցել ռենտգեն զննում։ Ռենտգեն զննման արդյունքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել, որից հետո ժամը 16:53-ին բեռը հայտարարագրվել է թիվ 05100033/270922/0049515 տարանցման հայտարարգրով «Գու Ար Ջի Գրուպ»  ՍՊԸ (ՀՎՀՀ 06962573) անունով՝ համաձայն տրանսպորտային բեռնագրի և ներմուծման հաշիվ-ապրանքնագրի տվյալների։ Հետագա ձևակերպումներն իրականացնելու նպատակով ընտրվել է Արարատյան մաքսատուն-վարչություն, «Ալյանս տերմինա» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ։ Դուրս գալով մաքսային տարածքից «Border Cross» համակարգում ժամը 17:00-ին կատարվել է համապատասխան «ելքագրված» նշումը:

Տրանսպորտային միջոցը «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ է հասել 5 ժամ 46 րոպե անց՝ ժամը 22:46-ին։ 2022  թ.-ի  սեպտեմբերի  28-ին ժամը 9:43-ին «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում  05100033/270922/0049515 տարանցման հայտարարագիրը ստացել է «ավարտված»  կարգավիճակ: Այնուհետև, իրականացվել է մաքսային արժեքի ճշգրտում, իսկ 2022  թ. -ի  սեպտեմբերի  29-ին ժամը 16:12-ին, հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին բեռի փաստաթղթերը ներկայացնելուց հետո,  «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում կատարվել է բեռի զննում։

Մասնավորապես, առանց ապրանքները բեռնատար տրանսպորտային միջոցից դատարկելու, ստուգվել է պոլիէթիլենային թաղանթի գլանափաթեթներից մեկի թաղանթի շերտայնությունը (ապրանքների ճիշտ դասակարգումը ըստ ԱՏԳ ԱԱ-ի ստուգելու նպատակով)։ ԱՏԳ ԱԱ ոչ ճիշտ դասակարգման հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել և 16:40-ին  մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքների բացթողում: 

Այս փուլից խնդրո առարկա ապրանքները ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ և հանձնվել է հայտարարատուի տնօրինության, սակայն բեռնատար տրանսպորտային միջոցը «Ալյանս տերմինալ» ՍՊԸ պահեստը չի լքել։ Առանց պահեստի տարածքը լքելու 2022  թ.-ի  սեպտեմբերի  30-ին ժամը 10:24-ին նույն հայտարարատուի կողմից ներկայացվել և գրանցվել է տարանցման հայտարարգիր 05100010/300922/0017152, որով նույն ապրանքը  Հայաստանից դեպի ՌԴ տեղափոխման համար «Գու Ար Ջի Գրուպ»  ՍՊԸ կողմից լրացվել է տարանցման հայտարարագիր (ստացող՝ ռուսական Лидер ООО)։ Տեղի է ունեցել ամենօրյա պրակտիկայում ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պարզ գործընթաց։  

Ապրանքները դեպի ՌԴ տեղափոխվել են վրացական նույն ավտոմեքենայով, վարորդը հանդիսացել է նույն անձը։ Տարանցման հայտարարագիրը ստացել է «դեղին ուղի» միջերեսային արտացոլում, քանի որ ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ընդգրկված է երկակի նշանակության հսկող ապրանքների ցանկում։ Մաքսային մարմնի կողմից ստուգվել է նաև երկակի նշանակության ապրանք հանդիսանալու կամ չհանդիսանալու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթի առկայությունը։

Նշված պոլիէթիլենային շինարարական թաղանթի  համար տարանցման հայտարարագրին կից ներկայացվել է ՀՀ ԱԱՊ «ԱՐՄԷՔՍՊԵՐՏԻԶԱ» ՍՊ ընկերության կողմից 30.09.2022 թվականին տրված փորձագիտական եզրակացությունը, որով հավաստվում է, որ տվյալ ապրանքը չի հանդիսանում երկակի նշանակության ապրանք: Հավաստիանալով դրանում՝ տարանցման հայտարարագիրը թույլատրված կարգավիճակը ստացել է 2022  թ.-ի  սեպտեմբերի  30-ին ժամը 16:16: 

Պետք է նշել, որ «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների գտնվելու ամբողջ ժամանակահատվածում տվյալ ապրանքները տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը եղել է տեսախցիկի օբյեկտիվի տեսադաշտում: ՀՀ ներմուծման և դեպի ՌԴ տեղափոխման մաքսային գործընթացների մինչև ամբողջական ավարտն այն չի բեռնաթափվել, չի փոխաբեռնվել կամ լրաբեռնվել այլ ապրանքներով: 

Տրանսպորտային միջոցը Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է հասել  01.10.2022 թ.-ի մոտավորապես ժամը 00:15-ին։ Ժամը 00:30-ի սահմաններում  անցել է ռենտգեն զննում, որի արդյունքներով հաստատվել է այն նույն պատկերը, ինչը ստացվել էր ՀՀ ներմուծման ժամանակ իրականացված ռենտգեն զննման արդյունքում։ Ռենտգեն զննումից հետո՝ ժամը 00:38-ին, Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով ստացել է «ելք մաքսային մարմնից. կարգավիճակ: 

Տարանցման հայտարարագիրը Վերին Լարս մաքսային կետում ավարտված կարգավիճակ ստացել է 05.10.2022 թվականին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության, այսպիսով՝ վերը նշված բեռի Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձեւակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով, բեռի ֆիզիկական, ՀՀ մուտքի և ՀՀ-ից ելքի ժամանակ իրականացված ռենտգեն զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել: 

Պահպանված են վերը նշված փաստերը հաստատող բոլոր փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև ռենտգեն զննող սարքի նկարները և տեսահսկման սարքերով արձանագրված շարժընթացը մաքսային հսկողության գոտիներում:

Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին: Ռուսաստանի Դաշնությունը դա ահաբեկչություն էր որակել և պայթյունի մեջ մեղադրել էր Ուկրաինայի հատուկ ծառայություններին:

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է, որ Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների թվում նաև Հայաստանի քաղաքացի կա:

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ռուսաստանի՝ 5, Ուկրաինայի և Հայաստանի՝ 3 քաղաքացիներ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ պայթուցիկ սարքը, որով պայթեցվել է կամուրջը՝ ի թիվս այլ երկրների, տեղափոխվել է նաև Հայաստանի տարածքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել