Արտակարգ իրավիճակների նախարարն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին
18:21 - 12 հոկտեմբերի, 2022

Արտակարգ իրավիճակների նախարարն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Ինչպես հայտնում են ԱԻ նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանության քաղաքականության հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը և ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։

Հանդիպման ընթացքում ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և նշել, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը միշտ պատրաստ է ինչպես առկա համագործակցության խորացման, այնպես էլ նոր առաջարկների քննարկման համար:

Ի պատասխան՝ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ դեսպանությունը նոր է սկսել իր առաքելությունը Հայաստանում և այժմ իր առջև ունի դրված խնդիր տարբեր ոլորտներում ակտիվացնելու  հայ-նիդերլանդական համագործակցությունը, իսկ իր այցի հիմնական նպատակն արտակարգ իրավիճակների բնագավառում հնարավոր ուղղությունների նախանշումն է:

Դեսպանը հատուկ մեջբերել է իր երկրի առաջնահերթությունները համարվող երեք հիմնական ուղղությունները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և լավ կառավարման մեխանիզմներ: Նա նշել է, որ գենդերային հավասարության խնդիրը խիստ շեշտադրված է նիդերլանդական կառավարության քաղաքականության մեջ:

Ի պատասխան՝ նախարար Փամբուխչյանը հայտնել է, որ դեսպանի մեջբերած առաջնահերթությունները ամուր հիմքերի վրա դրված են թե´ ՀՀ կառավարության, թե´ ԱԻ նախարարության գործունեության հիմքում, և որ նախարարության կադրային քաղաքականությունը հիմնվում է հենց այս սկզբունքի վրա: Կանայք նախարարության և´ սպայական կազմում, և´ քաղաքացիական ծառայության համակարգում  հավասար մրցութային հիմունքներով մասնակցում և զբաղեցնում են բարձր պաշտոններ, ինչպես նաև ստանում բարձր սպայական կոչումներ:

Նախարարը շեշտել է, որ թեև Նիդերլանդները ամենահաճախը աղետներից առնչվում են հեղեղումների հետ, սակայն մեծ է նաև անտառային հրդեհների վտանգը, և որ Հայաստանը  պատրաստ է կիսվելու անտառային հրդեհների դեմ պայքարի իր ունեցած հարուստ փորձով: Նա դեսպանին ներկայացրել է վերջին տարիներին անտառային հրդեհների դեմ պայքարի հայկական փորձառությունը՝ ի դեմս Խոսրովի արգելոցում տեղի ունեցած խոշոր և շարունակաբար ավելի փոքր ծավալներով կրկնվող միջադեպերի: Հայտնել է, որ այս առումով ԱԻՆ-ը շարունակաբար կատարելագործում է իր կարողություններն ու հմտությունները և պատրաստ է Նիդերլանդների ոլորտի պատասխանատուների հետ համագործակցության ակտիվացման և փորձի փոխանակման համար:

Արմեն Փամբուխչյանը հայտնել է նաև, որ ակտիվ աշխատանքներ են տարվում կամավորական ջոկատների ստեղծման ուղղությամբ, ինչը ենթադրում է դժվար հասանելիություն ունեցող տեղամասերում առաջին արձագանքողների թվի ավելացում և կարողությունների կատարելագործում: Դեսպանը ողջունել է կամավորական ջոկատների զարգացման գաղափարը և նշել, որ տեղյակ է տարվող աշխատանքներից և կամավորների գործունեությանն անձամբ ծանոթացել է Խոսրովի արգելոցում:

Դեսպան Սխեմերսն անդրադառնալով 2022 թվականի սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիային, հայտնել է, որ ի թիվս այլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների՝ այցելել է Ջերմուկ, Վարդենիս և Սոթք, տեղում ծանոթացել իրավիճակին: Դեսպանը հատուկ շեշտեց, որ թիրախային հատվածներում բնակչության անվնաս դուրսբերման և պաշտպանության գործում խիստ հատկանշական է ԱԻՆ անձնակազմի ցուցաբերած բարձր մասնագիտական պատրաստվածությունը:

Դեսպանն անդրադառնալով Ներքին գործերի նախարարության ստեղծման թեմային՝ հայտնել է, որ բարեփոխումների մշակման գործում Նիդերլանդներն իր մասնակցությունն է ունեցել խորհրդատվության առումով: Դեսպանը հայտնել է, որ պատրաստ է հանդես գալու որպես կոնտակտային անձ նոր ստեղծվող նախարարության և Նիդերլանդների ՆԳՆ միջև նախատեսվող համագործակցության ձևավորման գործում, ինչպես նաև հանձն առավ քննարկված թեմաների շուրջ համագործակցային կապերի ստեղծման համար՝ թե անտառային հրդեհների, և թե սեյսմոլոգիայի ոլորտներում: 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել