#Կարճասած
#Մանրամասն
«Բանակի ղեկավար կազմից որեւէ մեկը չի իմացել, որ պատերազմը 2020 թ․ սեպտեմբերի 27-ին է սկսելու, բայց հակառակորդի շարժի հետ կապված տեղեկություն ունեցել ենք, եւ զգոնության բարձրացում է արվել»։ Այս մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ հայտարարեց գեներալ-մայոր Կարեն Առստամյանը։ Նա մեկն է այն վկաներից, որ հարցաքննվեց ՊԲ N զորամասի 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործի շրջանակում։ Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 10-ին, Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ իշխանության անգործություն դրսեւորելու եւ մարտի դաշտը լքելու մեջ։ Նա կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Երեկվա նիստը, թեեւ նշանակված էր ժամը մեկին, սկսվեց ուշացումով․ դատարանի շենքում նիստերի ազատ դահլիճ չկար։ Դատավարության մասնակիցներն ու զոհված զինծառայողների ծնողները ստիպված էին դատարանի բակում սպասել, մինչեւ որեւէ դահլիճ ազատվի։ Շենք մտնել նույնպես չէր թույլատրվում․ ըստ կարգադրիչների՝ ներսում ծանրաբեռնված էր, թեեւ մարդկանց կուտակումներ տեսանելի չէին։ Սպասողական վիճակն ավելի լարեց ծնողների առանց այն էլ լարված նյարդերը․ «Ինչքա՞ն կարելի է մարդկանց անարգել»,– դատարանի բակում զայրացավ տուժողի իրավահաջորդներից Արսեն Ղուկասյանը՝ դժգոհելով, որ անգամ մայրերին ներսում նստել չեն թույլատրում։ Րոպեներ անց ներկա մայրերին կանչեցին ներս՝ այնտեղ սպասելու։
Ի վերջո, գրեթե մեկ ժամ անց նիստերի դահլիճն ազատվեց, շարունակվեց գործով վկաների հարցաքննության փուլը։
Գեներալ-մայոր Կարեն Առստամյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ նախագահի դեմ
Գեներալ-մայոր Կարեն Առստամյանը նիստերի դահլիճ մտավ ոչ թե ընդհանուր, այլ ներսի մուտքից, որտեղից դատավորն է մտնում կամ ամբաստանյալին են ներս բերում։ Նման փոփոխություն, որպես կանոն, արվում է վկայի անվտանգությունն ապահովելու նկատառումներով։
Ներկայանալով դատարանին՝ Առստամյանը հայտնեց, որ Արցախյան 3 պատերազմների մասնակից է, 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, հետագայում տեղափոխվել է կադրերի ռեզերվ, ապա՝ ազատվել աշխատանքից սեփական դիմումի համաձայն։
Լուսանկարում՝ գեներալ-մայոր Կարեն Առստամյանը
Նշենք, որ դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկության համաձայն՝ Առստամյանը պաշտոնից ազատվել է 2020 թ․ նոյեմբերի 8-ին, այսինքն՝ պատերազմի ավարտից մեկ օր առաջ։ Դրանից ամիսներ անց՝ 2021 թ․ մարտի 24-ին, նա դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահի՝ պահանջելով վերջինիս պարտավորեցնել իրեն տրամադրել իր ազատման հրամանագիրը։ ՀՀ վարչական դատարանը, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ քննելով հայցը, այս տարվա հունվարի 3-ին վճռել է մերժել այն՝ հիմնավորմամբ, որ Առստամյանին պաշտոնից ազատելու մասին առաջարկությունը եւ կից հրամանագրի նախագիծը Հանրապետության նախագահի աշխատակազմ են ներկայացվել «Հույժ գաղտնի» դրոշմագրով, այսինքն՝ այն համարվում է պետական գաղտնիք, ինչի պարագայում նախագահի մերժումը եղել է իրավաչափ։ Դատարանի այս որոշման դեմ Առստամյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։
Ըստ դիվիզիայի նախկին հրամանատարի՝ իրեն հայտնի չեն եղել 5-րդ գումարտակի նորակոչիկներ, որոնք դեռեւս զինվորական երդում տված չեն եղել
Դատարանում ցուցմունք տալով՝ Առստամյանը հայտնեց, որ դատավարության մասնակիցներից ճանաչում է միայն Իշխան Վահանյանին, նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։
Առստամյանի հարցաքննության սկզբում նախքան հոկտեմբերի 10-ի դեպքերին անդրադառնալը հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մի քանի հարց հղեց մարտական կանոնագրքերով սահմանված դրույթների մասին։
Նա նախ հետաքրքրվեց՝ կա՞ իրավական հիմք, ըստ որի՝ ուսումնական գումարտակում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողները կարող են պատերազմական իրավիճակում ընդգրկվել պաշտպանական գործողություններում։ Բանն այն է, որ Վահանյանի ղեկավարած գումարտակը ուսումնական էր, եւ դրանում 1-2 ամսվա զինծառայողներ էին, որոնց մի մասը, ըստ տուժող կողմի, անգամ զինվորական երդում չէր տվել․ «Այո, կան ղեկավար փաստաթղթեր, ըստ որոնց՝ պատերազմը սկսվելու պարագայում փոփոխական կազմը ցրվում է հրաձգային գումարտակների միջեւ, իսկ մնացածը զորամասի հրամանատարի որոշման համաձայն անցնում է պաշտպանության իրենց պաշտպանության շրջանում»։ Ի պատասխան հարցին՝ իսկ առկա՞ են իրավակարգավորումներ զինվորական երդում չտված ժամկետայիններին մարտական գործողություններում ներգրավելու վերաբերյալ, վկան դժվարացավ հստակ իրավական ակտեր նշել, բայց ասաց՝ 5-րդ գումարտակում իրեն հայտնի չեն եղել զինծառայողներ, որոնք զինվորական երդում տված չեն եղել։
Լուսանկարում՝ տուժողի իրավահաջորդ Վարդուհի Մանուկյանը
Վկայի այս հայտարարությանը վրդովեցրեց տուժողի իրավահաջորդներից Վարդուհի Մանուկյանին, որը տեղից հայտարարեց, որ նա ստում է․ «Հադրութի դպրոցում իրեն այդ մասին հայտնի դարձել է, ես ուղղում եմ մտցնում, հարգելի՛ դատարան»։ Դատավոր Ջոն Հայրապետյանը հորդորեց լռություն պահպանել՝ նշելով, որ նա չի կարող ուղղում մտցնել․ «Ախր, ես փաստ գիտեմ, որ նա սուտ է խոսում»։ «Դատարանն է որոշելու՝ ով ինչ է խոսում»,- պարզաբանեց Հայրապետյանը՝ հորդորելով չմիջամտել, որպեսզի ինքը ստիպված չլինի դատական սանկցիա կիրառել։ Սակայն աղմուկը չդադարեց, եւ դատարանը նկատողություն հայտարարեց Մանուկյանին։ Արձագանքելով դրան՝ տուժողի իրավահաջորդն ասաց․ «Եթե մի անգամ էլ սուտ խոսի, ու ես միջամտեմ, նկատողություն տվեք նրան, որովհետեւ նա եկել է այստեղ՝ ճիշտը պատմելու, ոչ թե սուտը մեր ականջները լցնելու»,- բղավեց նա՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելով վկայի հասցեին։ Ի վերջո, դատարանը Մանուկյանին նիստերի դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց։ Նիստը ընդմիջվեց։
Շարունակելով իր ցուցմունքը եւ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ուսումնական գումարտակի անձնակազմը պատրաստ եղել է պաշտպանություն իրականացնելուն, վկան ասաց․ «Ավելի լավ կլիներ՝ վեց ամիս պատրաստվեին, եթե դա չի եղել, միանշանակ դառնում է ոչ լիարժեք»։ Ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչով է պայմանավորված եղել այդ անձնակազմին մարտական գործողությունների մեջ ներգրավելու որոշումը, վկան պատասխանեց, որ այդ անձնակազմը զբաղեցրել է իր պաշտպանական դիրքը 2-րդ գծում, սակայն հետագայում իրադարձություններն այնպես են զարգացել, որ աջակողմյան թեւը դարձել է առաջնագիծ։ Նա նաեւ նշեց, որ չի եղել որեւէ զեկույց, թե 5-րդ գումարտակին որեւէ միջոց պակասում է, միայն մարտկոցային միջոցների պակասի խնդիր է եղել, որը լուծել են։
Առստամյանի ցուցմունքի եւ քրեական գործում առկա որոշ տեղեկությունների միջեւ հակասություններ կային
Շարունակելով հոկտեմբերի 10-ին նախորդած իրադարձությունների թեման՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը վկային հայտնեց, որ քրեական գործում կան տեղեկություններ, ըստ որոնց՝ հոկտեմբերի 2-ին Նյուզգար կոչվող տեղամասում տեղի ունեցած մարտական գործողությունների հետեւանքով վիրավորում են ստացել մի շարք զինծառայողներ, որոնց դուրս բերելու նպատակով Իշխան Վահանյանը մեկնել է այդ վայր, սակայն ձեւականորեն է կատարել իր վրա դրված պարտականությունները՝ այնտեղից գնալով Մեխակավանի զինվորական հոսպիտալ եւ այլեւս չվերադառնալով ծառայության վայր։ Արձագանքելով այս տեղեկությանը՝ վկան ասաց, որ իրեն դրա մասին չեն զեկուցել․ եթե զեկուցեին, միջոցներ կձեռնարկվեին։ Մեղադրողը, սակայն, հայտնեց՝ քրեական գործով կան նաեւ տեղեկություններ, որ գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Գարիկ Վարդերեսյանը զեկուցել է այդ մասին իր վերադասին, վերադասն էլ՝ իրեն՝ վկային․ «Չեմ կարող ասել, չկա տենց բան»,- ասաց Առստամյանը։
Առկա այլ տեղեկությունների համաձայն էլ՝ այդ միջադեպից հետո ուսումնական գումարտակի սպայակազմի կողմից ոչ միանշանակ է ընդունվել Վահանյանի արարքը, եւ այդ պատճառով Առստամյանի միջամտությամբ Վահանյանը 2 օր անց՝ հոկտեմբերի 4-ին, վերադարձվել է շարք եւ ներգրավել նահանջող զինծառայողների որոնողական աշխատանքներում․ «Առաջին անգամ եմ լսում այդ մասին»,- արձագանքելով ասաց վկան։
Ըստ Կարեն Առստամյանի՝ հոկտեմբերի 3-ի-4-ի մոտակայքում 5-րդ գումարտակը առանց թույլտվության նահանջել է
Պատասխանելով հանրային մեղադրողի հարցին՝ արդյո՞ք սեպտեմբերի 27-ից մինչ հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում 5-րդ գումարտակը պատշաճ իրականացրել է իր գործառույթները, Կարեն Առստամյանը պատմեց, որ մինչեւ հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ այո, մասնակցել է մարտական գործողությունների, ունեցել՝ նաեւ հերոսական դրվագներ։ Ամսի 3-ին արդեն իրեն զեկուցել են, որ գումարտակի վաշտերից մեկը նահանջել է 9 կմ կոչվող տարածքի ուղղությամբ, սակայն դրա վերաբերյալ որեւէ պարզաբանում զորամասի հրամանատարը չի տվել։ Դրանից հետո՝ ամսի 4-ին, գումարտակի մնացած անձնակազմը եւս, այսպես կոչված, Թոզարան ճանապարհով նահանջել է, սակայն դրա թույլտվությունը չի եղել․ «Ես հանդիպումներ եմ ունեցել շտաբի պետի, պետի տեղակալների, ժամկետային, սերժանտական, սպայական անձնակազմի հետ, անձնակազմը թրջված, բարոյալքված վիճակում է եղել, ցուցում է տրվել հաջորդող բնագծերում ամրանալու վերաբերյալ, որից հետո վերադարձել եմ իմ առաջնային ղեկավարման կետ, իսկ շտաբի պետը եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը պետք է ուղեկցեին նրանց, սակայն իմ ղեկավարման կետ հասնելուց հետո ինձ հայտնի է դարձել, որ այդ անձնակազմը էլի նահանջել է 9 կմ-ի ուղղությամբ, ապա՝ Հադրութ»։
Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը
Հարցին՝ այդ հանդիպմանը Իշխան Վահանյանը մասնակցե՞լ է, վկան դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ շատ մութ էր, անձրեւոտ, 20-ից ավելի սպայական կազմ է եղել, բայց չի բացառվում, որ մասնակցած լինի։ Այդ ժամանակահատվածում Վահանյանի ենթադրյալ վիրավորում ստանալու մասին եւս նա տեղեկություն չուներ, ասաց՝ գուցե այն աստիճանի չի եղել, որ իրեն զեկուցեին։
Ըստ Առստամյանի՝ հիշյալ նահանջների հետեւանքով առաջնագծում պաշտանություն իրականացնող 1-ին եւ 4-րդ հրաձգային գումարտակների ամբողջ աջ թեւը եւ թիկունքը բացվել են, եւ դա է եղել հիմնական խնդիրը։ Նաեւ դրա պատճառով է, որ օրեր անց, երբ Հադրութի դպրոցում հաստիքային փոփոխություններ են արվել, Գարիկ Վարդերեսյանին ազատել են գումարտակի հրամանատարի պաշտոնից՝ նրան փոխարինելով Իշխան Վահանյանով․ «Ազատման պատճառը գումարտակի հրամանատարի անկազմակերպ, անփույթ նահանջն էր, որը իմ կողմից ներկայացվել է բանակի հրամանատարին, եւ քանի որ Վահանյանն էր շտաբի պետ, ամենահավանական թեկնածուն է եղել, այլ մարդ չի եղել»։
Այդ նահանջից հետո զորքը մեկնել է նախ Հադրութի զորանոց, որից մեկ օր անց՝ տեղափոխվել Հադրութի դպրոց։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ իրեն զեկուցվե՞լ է, որ այդ մեկ օրվա ընթացքում զորքը անկազմակերպ վիճակում է եղել Հադրութի տարածքում, այդ թվում՝ զորանոցում, որը անվտանգ չի եղել, ինչին ի պատասխան՝ վկան նշեց, որ զորանոցում ապաստարաններ եղել են, բայց քաոսային իրավիճակից խուսափելու համար ցուցում է տրվել հավաքվելու Հադրութի դպրոցում, որը զորանոցից ընդամենը 700 մ հեռավորության վրա էր։ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ եթե դպրոցում էլ անվտանգ չէր, ինչո՞ւ են այդտեղ տարել զորքին, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ անվտանգ տեղ այլեւս չկար․ «Դպրոցում էլ կար ապաստարան, եւ դրանից բացի, տեղակայվել են տարբեր տեղերում»։ Հարցին՝ իրեն չե՞ն զեկուցել, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան դպրոցի ուղղությամբ արկ է ընկել, վկան բացասական պատասխան տվեց։
Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ հիշյալ նահանջներից հետո անձնակազմը պատրա՞ստ է եղել, որ Հադրութի դպրոցում նրան մարտական նոր առաջադրանք են տվել, վկան էլ պատասխանեց՝ եթե պատրաստ չլինեին, պիտի ասեին՝ իրենց չտանեին։ Նման զեկույց, սակայն, իրեն չի տրվել․ «Եղել են խնդիրներ միայն վիրավորների, հիվանդների, վախեցած երեխաների հետ կապված, բայց ոչ թե ամբողջ կազմի»,- ասաց նա՝ հավելելով, որ եղել են նաեւ դեպքեր, երբ դասակի հրամանատարն է հրաժարվել խնդիր կատարելուց, եւ անմիջապես ազատվել է պաշտոնից։
Գուրգեն Գրիգորյանը նաեւ հարցրեց՝ տեղյա՞կ է, որ սեպտեմբերի 25-ին Ջաբրայիլի զորամասում տագնապ է եղել։ Վկան, սակայն, նշեց, որ ինքը 15-ից 25-ը արձակուրդում է եղել, եւ 26-ին է վերադարձել ծառայության։ Նա նաեւ տեղեկություն չուներ զինծառայողների զինգրքույկները հավաքելու պատճառների վերաբերյալ։ «Շտաբի պետը չի՞ զեկուցել»,- հարցրեց Գրիգորյանը։ «Ոչ մի կերպ»,- պատասխանեց վկան։
Ըստ դիվիզիայի նախկին հրամանատարի՝ Խուռհատ սարում շրջափակման մեջ հայտնվելու եւ կապի միջոցի բացակայության մասին իրեն այդ պահին չեն զեկուցել
Խոսելով արդեն դատարանում քննվող դեպքի մասին իրեն հայտնի տեղեկություններից՝ Կարեն Առստամյանը պատմեց, որ հոկտեմբերի 10-ի առավոտյան հրետակոծություն է եղել (նախկինում հարցաքննված զինծառայող վկաները հայտնել են, որ հակառակորդը միայն հրաձգային զինատեսակներից է կրակել), որին հաջորդել է հակառակորդի 30 խմբերի ներթափանցումը տարբեր կողմերից։ Դիվերսիոն խմբերի մեջ, ըստ վկայի, եղել են նաեւ հայկական համազգեստով, հայերեն խոսող խմբեր։ Այդ ժամանակ նահանջի հրաման կամ թույլտվություն չի եղել, իրեն զեկուցվել է միայն, որ յուրային ստորաբաժանումները, կորուստներով կրելով, նահանջել են, սակայն մանրամասներ չեն հայտնել։
Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբաններ Գայանե Հովակիմյանը եւ Գուրգեն Գրիգորյանը
Ըստ քրեական գործում առկա տվյալների՝ Խուռհատ սարում զինծառայողները կատարել են ոչ կանոնակարգված նահանջ, չեն անցել շրջանաձեւ պաշտպանության, տիրել է քաոսային վիճակ, ինչի մասին, ըստ Առստամյանի, ինքը տեղեկացել է միայն օրեր անց՝ հոկտեմբերի 15-16-ին․ այդ պահին ոչ մեկը՝ ոչ զորամասի հրամանատարը, ոչ գումարտակի հրամանատարը իրեն չեն զեկուցել։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը հետաքրքրվեց՝ իմանալուց հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկել, ինչին ի պատասխան՝ նա ասաց․ «Այդ ժամանակ արդեն զորքը ահագին հեռու էր, անհնարին էր կոնկրետ գործողություն իրականացրել, պետք է նրանց ցուցում տրվեր, անվտանգ ուղղություններով դուրս գային, ինձ հետ կապի դուրս չեն եկել, բայց ինչքան գիտեմ, զորամասում կապի դուրս են եկել, զորամասի հրամանատարը դիմել է Կարմիր Խաչին»։
Թե այդ ընթացքում Վահանյանը որտեղ եւ ինչ անելիս է եղել, դիվիզիայի նախկին հրամանատարը տեղյակ չէր, ասաց՝ դեպքից օրեր անց զրուցել է սպայական կազմի հետ եւ նրանցից է տեղեկացել, որ Վահանյանը վիրավորման պատրվակով մեքենայով հեռացել է․ իրականում վիրավոր եղել է թե չէ՝ իրեն չի հաջողվել պարզել։ Այդ ժամանակ է նաեւ իմացել, որ զինվորների մի մասը զոհվել է, մյուս մասը՝ գերեվարվել։ Ըստ գեներալի՝ իրեն չի զեկուցվել նաեւ կապի միջոցի բացակայության մասին։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը տարակուսանք հայտնեց, թե եթե նման կարեւոր հանգամանքները չեն զեկուցել, ապա ինչպես է ամբողջ կորպուսը իրեն ենթարկվել։ Դատավորը ճշգրտեց հարցը․ ո՞վ պետք է անընդհատ կապի մեջ գտնվեր եւ իրեն զեկուցեր 400 զինվորի վիճակի մասին։ Ըստ Առստամյանի՝ գումարտակի ղեկավարումը իրականացվում էր զորամասի հրամանատարի եւ գնդի հրամանատարի տեղակալի միջոցով, բայց նրանցից ոչ մեկը շրջափակման մեջ լինելու մասին իրեն չի զեկուցել, ասաց՝ եթե զեկուցեին, ինչ–որ մի բան կմտածեր, որովհետեւ իր ձեռքի տակ առկա ուժեր կային։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը, իր մի շարք հարցերի պատասխաններ հստակ չստանալով, ի վերջո հարցրեց․ «Դուք ընդհանրապես տիրապետե՞լ եք իրավիճակին»։ «Տիրապետել եմ»,– պատասխանեց վկան՝ ասելով, որ իր ղեկավարության ներքո 25 գումարտակ է եղել, եւ ամեն ինչ չէր, որ իրեն պիտի զեկուցվեր․ դրա համար զորամասի հրամանատարներ կային։ Փաստաբանն էլ արձագանքեց․ «Իսկ չե՞ք կարծում, որ Ձեր պարտականությունը, որպես դիվիզիայի հրամանատար, թերի եք կատարել, որն էլ հանգեցրել է ծանր հետեւանքի», ինչին ի պատասխան՝ Կարեն Առստամյանն ասաց․ «Եթե ապացուցվի, որ այդպես է, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել»։
Վկայի պատասխանները զայրացրին նաեւ դահլիճում ներկա ծնողներին, որոնք սկսեցին տարակուսանք հայտնել, թե ինչու Առստամյանը Վահանյանի կողքին նստած չէ։
Կարեն Առստամյանը նշեց, որ որպես մարդ՝ կիսում է կարծիքը, որ 2 ամսվա զինծառայողը չի կարող այնպիսի պատրաստվածություն ունենալ, որ դիմակայի հակառակորդի հարվածներին
Վկային հարցեր հղեց նաեւ ամբաստանյալ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը՝ խնդրելով ոչ թե որպես զինվորական, այլ որպես անձ հայտնել՝ իրատեսակա՞ն էր համարում, որ 400 նորակոչիկները կարող էին մարտական գործողություններ իրականացնել։ Հիշեցնենք, որ ըստ տուժողի իրավահաջորդներից մեկի՝ 400 զինծառայողից մոտ 150-ն են փրկվել, մնացածը կամ զոհվել են, կամ անհետ կորած են մինչ օրս։ Պատասխանելով հարցին՝ վկան դարձյալ հիշեցրեց, որ զինվորական կանոնադրությամբ սահմանված է ուսումնական գումարտակի անցումը մարտականի, բայց, ասաց, որպես մարդ՝ ինքն էլ է կիսում այն կարծիքը, որ 2 ամսվա զինծառայողը չի կարող այնպիսի պատրաստվածություն ունենալ, որ դիմակայի հակառակորդի հարվածներին։ Պաշտպան Հարությունյանը հետաքրքրվեց՝ այդ դեպքում փորձ արե՞լ է կամ հնարավո՞ր էր վերադաս ղեկավարությանը ներկայացնել իր այդ կարծիքը, որ ճիշտ չէ 1-2 ամսվա նորակոչիկներին երկրորդ դիրք տանել․ «Ճիշտը, իհարկե, ճիշտ չէ, բայց ամեն զորակոչին այդ խնդիրը ունեցել ենք․ եթե, օրինակ, զորակոչը հուլիսին լիներ, պատերազմը սկսվեր օգոստոսին, ընդհանրապես անպատրաստ կլինեին, մենք էլ ենք հասկանում, որ պատրաստվածության առումով պրոբլեմներ եղել են»։
Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը
Պաշտպանն անդրադարձավ նաեւ մեղադրանքի այն դրվագին, ըստ որի՝ Վահանյանը կապի միակ միջոցն իր հետ տարել է։ Ասաց՝ թեեւ նման ցուցմունքներ դեռ չեն հնչել, բայց ենթադրենք՝ այդպես է, այդ մի սարքի ուժո՞վ էր, որ գումարտակը պիտի ողջ մնար․ «Եթե Վահանյանը վիրավորման պատճառով դուրս է եկել, ապա պարտադիր պիտի իր վաշտի կամ դասակի հրամանատարին ասեր, կապի միջոցն էլ տար, դա անհրաժեշտ էր վերադաս հրամանատարության հետ կապ հաստատելու համար»,- պատասխանեց վկան՝ նշելով, որ ղեկավարման մարմին հանդիսացել է Վահանյանը, ղեկավարման միջոց՝ կապի սարքը, եթե մեկը չկա, գործողությունը խաթարվում է, եթե երկուսը չկան, ընդհանրապես ամեն ինչն է խթարվում։ Այնուհանդերձ, վկան հայտնեց նաեւ, որ վաշտերի հրամանատարների մոտ եղել են կապի այլ տեսակի միջոցներ, որոնք ոչ թե վերադաս հրամանատարության, այլ հարեւան վաշտերի հետ կապ հաստատելու համար են նախատեսված․ «Այսինքն՝ պրակտիկորեն հնարավոր էր առանց դրա ինչ-որ բան անել»,- արձանագրեց պաշտպանը։
Սպա Ռյուրիկ Սեմյոնովի գնահատմամբ՝ նորակոչիկների գումարտակին Խուռհատ սար, ապա Հադրութի զորանոց տանելը սխալ որոշում է եղել
Դատակոչված մյուս վկան զորամասի օպերատիվ բաժնի պետ Ռյուրիկ Սեմյոնովն էր, որը հայտնեց, որ ճանաչում է Իշխան Վահանյանին, նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։
44-օրյա պատերազմի ժամանակ Սեմյոնովը կապի մեջ է եղել առաջնագծի հետ, իսկ քանի որ 5-րդ գումարտակը 2-րդ գծում է նախապես տեղակայված եղել, իրեն շատ մանրամասներ հայտնի չեն։ Լսել է միայն, որ Վահանյանը, ոտքից վիրավորվելով, թողել գնացել է՝ իրեն պաշտոնակատար չնշանակելով եւ կապի միջոցը իր հետ տանելով․ «Վահանյանի մարտադաշտը թողնելուց հետո խուճապային իրավիճակ էր, անձնակազմը տարածքին չի տիրապետել, սպաներից էլ ով մնացել է, չի իմացել տարածքը, կեսը անտառն են մտել, կեսը՝ նկուղներ, ղեկավարում չի իրականացվել»։ Հարցին՝ ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկեր տեղի սպայական կազմը, վկան պատասխանեց․ «Գուցե գեղեցիկ չհնչի, բայց նահանջն էլ պիտի կազմակերպված լինի, պիտի անձնակազմը հաշվառվեր, դուրս հանվեր անվտանգ տեղամաս»։ Վկան դավաճանություն որակեց այն, որ մի քանի սպաներ կարող էին այլ զինվորների հետ հեռանալ՝ որոշներին թողնելով վտանգավոր վայրում․ «Այ, դու այս գիշեր գլուխդ հանգիստ բարձին կդնես»,- լսվեց ծնողներից մեկի ձայնը։
Լուսանկարում՝ Ռյուրիկ Սեմյոնովը
Սեմյոնովի խոսքով՝ եթե որոշողն ինքը լիներ, այդ գումարտակին միանշանակ չէի տանի Խուռհատ, մանավանդ՝ անտառային տարածք, որտեղ ավելի դժվար է կատարել ծառայություն․ դրա համար, ըստ նրա, կան հատուկ ստորաբաժանումներ։ Նա սխալ որակեց նաեւ զորքի՝ Հադրութի զորանոցում տեղակայվելը․ ըստ նրա՝ դպրոցն էլ այդ ժամանակ անվտանգ չէր, ասաց՝ լավագույն տարբերակը ըստ բնագծերի խրամատներում դիրքավորվելը կլիներ։
Խոսելով հոկտեմբերի 3-4-ի նահանջի մասին՝ վկան ասաց՝ Գարիկ Վարդերեսյանի այդ որոշումը գուցե ճիշտ է եղել․ «Անձնակազմը անպատրաստ էր, կես տարի ծառայած չէին, որ գոնե նվազագույնին տիրապետեին, մարդ կար՝ մի հատ կրակած չկար»։ Սեմյոնովը հերքեց նաեւ Առստամյանի այն տեղեկությունը, թե այդ նահանջով 5-րդ գումարտակը աջակողմյան թեւը բացել է՝ այլ գումարտակներին վտանգելով։
Խոսելով պատերազմին նախորդած օրերի մասին՝ վկան ասաց, որ սեպտեմբերի 21-ից սկսած՝ տեխնիկայի շարժ է նկատվել, 24-ին կամ 25-ին անօդաչու են բարձրացրել եւ տեսել հակառակորդի մեծ քանակությամբ կուտակումը։ Այդ օրը, ըստ նրա, դիվիզիայի հրամանատարը՝ Կարեն Առստամյանը, ներկա եղել է։ Հարցին՝ արդյո՞ք նա արձակուրդում չէր, ինչպես քիչ առաջ նշեց իր ցուցմունքում, վկան բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ հենց իր կողքին է կանգնած եղել։ Ինչ վերաբերում է սեպտեմբերի 25-ին Ջաբրայիլի զորամասում տագնապ հայտարարելուն, ինչի մասին զինծառայող վկաներն էին հայտնել, Սեմյոնովը պարզաբանեց, որ դա պատահականության արդյունք է եղել․ «Քանի որ ես արդեն առաջնագծում էի, խոսել եմ գնդի զամպալիտ Աշոտ Մկրտչյանի հետ, ասել, որ պատրաստ լինեն, գուցե գործողություն լինի, տագնապ լինի, նա էլ իջնելիս հերթապահին ասել է՝ տագնապ, պատահական սեղմել են, բայց գուցե դա էլ էր լավ․ ինչքան մարզվեին, այդքան լավ»։
Փաստաբանը հետաքրքրվեց նաեւ՝ նման կուտակումների դեպքում ի՞նչ էր պետք անել, ինչին ի պատասխան՝ սպան պարզաբանեց, որ պետք էր առաջինը գործել, խոցումներ իրականացնել, սակայն դրա համար վերադաս հրամանատարության՝ դիվիզիայի հրամանատարի կամ շտաբի պետի հրամանն էր պետք, ինչը իրենք չեն ստացել․ «Զեկուցել ենք, բազմաթիվ զանգեր են եղել, շտաբի պետին էլ ենք զանգել, ասել ենք՝ գոնե կուտակման դիմաց անձնակազմ հանենք, ասել է՝ սպասեք, սպասեք, ու կռիվը սկսվել է, հրաման չի եղել, միայն մի կարգադրություն ենք ստացել զգոնությունը բարձրացնելու մասին, բայց քանի որ տեսել ենք՝ հակառակորդի սպառազինությունը շատ է, միջոցները հանել ենք առաջնագիծ․ որտեղ կուտակում կար, հրետանին պատրաստ է եղել խնդիր կատարելու»։ «Այսինքն՝ զեկույցները մինչեւ ամենավերեւ եղել են, բայց ոչ մի հրաման չի արձակվել, միտումնավոր թողել են, որ ամբողջ Արցախը կոտորվի»,- արձանագրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 31-ին։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)