Քննության ընթացքում կապացուցեմ, որ ոչ միայն մեղավոր չեմ, այլև որևէ առնչություն չունեմ նրա հետ, ինչ ինձ վերագրում են․ Էրիկ Ալեքսանյան |news.am|
16:26 - 18 հոկտեմբերի, 2022

Քննության ընթացքում կապացուցեմ, որ ոչ միայն մեղավոր չեմ, այլև որևէ առնչություն չունեմ նրա հետ, ինչ ինձ վերագրում են․ Էրիկ Ալեքսանյան |news.am|

news.am: Ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում. այն հորինված է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ քիչ առաջ լրացել է փաստաբանի ձերբակալման ժամկետը, նա ազատության մեջ է։ Դատարանն այս պահին էլ քննում է Ալեքսանյանին կալանավորելու մասին միջնորդությունը։

«Մեղադրանքը վերաբերում է իբրև ես օժանդակել եմ պաշտոնատար անձին՝ տվյալ պարագայում դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որպեսզի վերջինս չարաշահի իր լիազորությունները։ Օժանդակությունը կապում են իմ կողմից իմ մասնագիտական գործունեությունը ծավալելը։ Այդտեղ արտացոլված մերկապարանոց հայտարարությունների հետ որևէ առնչություն չեմ ունեցել»,- նշեց Ալեքսանյանը։

Փաստաբանի խոսքով՝ չի հաջողվելու իրեն լռեցնել. «Ես՝ որպես փաստաբան, հայտնի եմ բազմաթիվ հնչեղ քրեական գործերով պաշտպանություն իրականացնող մարդ։ Այդ քրեական գործերի շրջանակներում, օբյեկտիվ հիմք ունենալով, հանդես եմ եկել նաև սուր քննադատություններով։ Եթե հայտնվել եմ այդ աթոռին, եթե մտածում են՝ այս հանգամանքն ինձ կկաշկանդի, ապա չարաշար սխալվում են։ Սա ոչ այլ ինչ է, քան մասնագիտական գործունեությանը միջամտություն, սա ինձ լռեցնելու փորձ է։ Եթե իրենց եղանակն ինձ մեղադրանք առաջադրելն է, կալանավորելն է, ապա սխալվել են։ Ես կալանավորվելուց չեմ վախենում, քննության ընթացքում կապացուցեմ, որ ոչ միայն մեղավոր չեմ, այլև որևէ առնչություն չունեմ այն, ինչն ինձ վերագրում են»։

Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ քննիչի կողմից ներկայացված որևէ փաստական տվյալ չի վկայում, որ եթե ինքը գործողություններ կատարել է, ապա գիտակցել է, որ ենթադրաբար այլ պաշտոնատար անձ այդ միջնորդության վերաբերյալ ունի հանցավոր մտադրություն։

Ալեքսանյանը շեշտեց նաև, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մեղադրանքն ապօրինի է. «Նշվում է, թե Ալեքսանյանը լիազորություններ է չարաշահել, բայց ո՞ր լիազորություններն է չարաշահել, քննիչը ոչ փաստական տվյալ է ներկայացնում, ոչ պարզաբանում է տալիս, ոչ էլ մեր հարցին է կարողանում պատասխանել։ Հոկտեմբերի 3-ին որոշում է կայացվում քրեական վարույթ նախաձեռնել՝ ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու փաստով, մինչդեռ առաջին ատյանի դատարանի կողմից այդ պահի դրությամբ երբ որոշում էր կայացվել այլ խափանման միջոցի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին, որոշումը բեկանված չէր, որոշման վերաբերյալ վերջնական օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չէր։ Հասել է նրան, որ այդ դատական ակտը բեկանվի, հոկտեմբերի 14-ին բեկանվելուց հետո ասում են՝ տեսեք, բեկանվել է, էլ ավելի է փաստվում դրա անօրինական լինելը։ Քրեական գործ հարուցելու հիմքը ակնհայտ ապօրինի դատական ակտը, բայց այդ պահի դրությամբ որևէ տվյալ չի եղել, որ այդ որոշումն ապօրինի է եղել»։

Անդրադառնալով իրեն բերման ենթարկելու դրվագին՝ փաստաբանը պատմեց. «Եկել եմ այս դատարան՝ որոշում ստանալու համար։ Ավտոմեքենայից դուրս գալու պահից «Ալֆայի» աշխատողները համապատասխան գործողությունները կատարել են»։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Ալեքսանյանը ձերբակալվել էր։ Ազգային անվտանգության ծառայությունը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, որը քննվում է դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ։

Նույն քրեական գործի շրջանակում Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, ինչը երեկ ուշ երեկոյան ԲԴԽ-ն բավարարել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել