Ինչպես են վարկանիշավորվում համալսարանները․ Բրյուսովի անվան համալսարանի գիտխորհրդի ընդլայնված նիստի բանավեճի հետքերով
14:17 - 19 հոկտեմբերի, 2022

Ինչպես են վարկանիշավորվում համալսարանները․ Բրյուսովի անվան համալսարանի գիտխորհրդի ընդլայնված նիստի բանավեճի հետքերով

Հոկտեմբերի 14-ին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտխորհրդի ընդլայնված նիստն էր, որին մասնակցում էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։ Նիստի ընթացքում Կարեն Թռչունյանի և բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանի միջև բանավեճ սկսվեց։ Կարեն Թռչունյանը բերեց համալսարանների վարկանիշային ցանկերի օրինակներ՝ նշելով, որ դրանցից մեկում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանն ավելի բարձր դիրքում է, քան Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Բուհի ռեկտորն էլ նշեց, որ այդ համեմատությունն արդարացի չէ։ Փորձել ենք հասկանալ, թե նախարարի տեղակալը վարկանիշավորման ինչ ցանկերի մասին է նշել, ինչպես են վարկանիշավորվում համալսարանները, և ինչ «ոչ արդարացի» համեմատության մասին է խոսում բուհի ռեկտորը։

Այսպիսով, Մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ շրջանառվում է Բրյուսովի անվան պետական համալսարանը, Մանկավարժական համալսարանն ու Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միավորելու նախագիծ։ Բրյուսովի անվան համալսարանում դեմ են նախագծին։

Բուհում գիտխորհրդի ընդլայնված նիստի ընթացքում խոսք գնաց Բրյուսով անվան և Մանկավարժական համալսարանների վարկանիշներից, և ԿԳՄՍ նախարարի տեղակալը, հնչող հարցերին ի պատասխան, նշեց․ «Ըստ QS, Շանհայի և Times Higher Education-ի վարկանիշավորման՝ ո՛չ դուք (Բրյուսովի անվան պետական համալսարանը- խմբ․) կաք, ո՛չ Մանկավարժականը։ Scopus-ի վարկանիշագիտատեղեկատվական շտեմարանում պատմության մեջ ընդհանրապես Բրյուսովը տպագրել է 18 հոդված, Մանկավարժականը՝ 198»։

Այնուհետև Կարեն Թռչունյանը բերեց վարկանիշային այնպիսի ցանկի օրինակ, որտեղ երկու բուհերն էլ կան․ «Եթե 30 հազար համալսարաններ կան աշխարհում, Webometrics-ում Բրյուսովը գտնվում է 12 873-րդ տեղում, եթե չեմ սխալվում, Մանկավարժական համալսարանը գտնվում է 8845-րդ դիրքում»։

Կարինե Հարությունյանը հակադարձեց․ «Ադ բոլոր վարկանիշավորման համակարգերում․․․ Մասնավորապես՝ Շանհայի վարկանիշավորման հայտնի համակարգն ընդհանրապես ունի այդպիսի գրառում, որ այնտեղ չեն վարկանիշավորում հումանիտար ուղղվածություն ունեցող բուհերը»։

Կարեն Թռչունյանն արձագանքեց՝ ոչ։ 

Կարինե Հարությունյանն էլ պատասխանեց․ «Այո՛, որովհետև իրենց մոտ տվյալները հիմնականում վերաբերում են բնագիտական ոլորտին, Նոբելյան և այլ մրցանակակիրներին, վերաբերում են Science և այլ ամսագրերում հրապարակված հոդվածների թվին։ Այս [Բրյուսովի անվան պետական] համալսարանը, բոլորն էլ գիտեն, որ լեզվական, հումանիտար, սոցիալական գիտությունների ոլորտում համալսարան է, և այդքան արդար չէ համադրել համալսարանը։ Իսկ Մանկավարժական համալսարանն ունի բոլոր բնագիտական ուղղվածությունների և մաթեմատիկական ուղղվածությունների մասնագետներ և աշխատակազմ։ Այդ համեմատությունն արդարացի չէ»։

Կարեն Թռչունյանն էլ հայտարարեց․ «Համեմատությունը շատ արդար է, և այդտեղ եթե կա QS վարկանիշավորման համակարգ, այնտեղ կան նաև social and humanitarian sciences [սոցիալական և հումանիտար գիտություններ] հատվածներ»։ 

Կարինե Հարությունյանի նշած չափանիշներն, իրոք, վերաբերում են Աշխարհի բուհերի ակադեմիական վարկանիշային ցանկին (անգլ.՝ Academic Ranking of World Universities, ARWU) կամ Շանհայի վարկանիշային ցանկին։ ARWU-ն համալսարանների վարկանիշավորման համար սահմանել է չափանիշներ (օրինակ՝ կրթության որակ, հետազոտութունների արդյունքներ) և այդ չափանիշներին համապատասխան ցուցանիշներ։ Այդ ցուցանիշներն են համալսարանի շրջանավարտների և անձնակազմի ստացած Նոբելյան կամ Ֆիլդսյան մրցանակները (վերջին մրցանակը տրվում է մաթեմատիկոսներին), շատ հղումներ ունեցող հետազոտողոները, Science և Nature գիտական ամսագրերում հրապարակված աշխատությունները և այլն։ 

Կազմակերպությունը, սակայն, նշում է, որ հումանիտար և սոցիալական գիտությունների բնագավառում մասնագիտացված հաստատությունների համար, ինչպիսին է, օրինակ, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը, Science և Nature գիտական ամսագրերում հրապարակված աշխատությունների ցուցանիշը հաշվի չի  առնվում,  և այդ ցուցանիշի կշիռը տեղափոխվում է այլ ցուցանիշների: Հետաքրքր է, որ նույն Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոցը ներառված է Շանհայի վարկանիշային ցանկում, չնայած որ մասնագիտացած է հասարակական գիտություններում։

Շանհայի վարկանիշային ցանկում, սակայն, ո՛չ Մանկավարժական համալսարանը կա, ո՛չ էլ Բրյուսովի անվան համալսարանը, ինչպես նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։ Այս ցանկը ներառում է 1000 համալսարան, և այնտեղ ընդգրկված չէ հայկական ոչ մի բուհ։

Կարեն Թռչունյանի նշած վարկանիշավորման մեկ այլ կազմակերպություն՝ QS World University Ranking-ը, 6 ցուցանիշ է առանձնանցնում, որոնցով վարկանիշավորում է աշխարհի լավագույն համալսարանները։ 

Ակադեմիական հեղինակություն՝ համալսարաններում դասավանդման և հետազոտության որակը։ 

Գործատուի հեղինակություն․ ինչպե՞ս են հաստատությունները պատրաստում ուսանողներին հաջող կարիերայի համար, ո՞ր հաստատություններն են ապահովում առավել կոմպետենտ, նորարար և արդյունավետ շրջանավարտների:

Պրոֆեսորադասախոսական կազմ/ուսանող հարաբերակցություն․ խոսքը մեկ ուսանողի հաշվով դասավանդողների թիվն է, և հաշվի է առնվում, թե ինչպես են հաստատություններն ուսանողների համար ապահովում դասախոսներին նշանակալից հասանելիություն:

Հղումները ամեն ֆակուլտետի համար․ համալսարանի հետազոտությունների որակը չափվում է ամեն ֆակուլտետի հղումներով՝ հաշվի առնելով համալսարանի կողմից հինգ տարվա ընթացքում հրապարակված հոդվածների ակադեմիական հղումների ընդհանուր թիվը։

Արտասահմանյան ուսանողներ և դասախոսներ․ ըստ QS World University Ranking-ի՝ միջազգային հզոր հաստատություններն ապահովում են բազմազգ միջավայր։

Այս վարկանիշային ցանկում հայաստանյան բուհերից ներառված են Երևանի պետական և Հայ-ռուսական համալսարանները։ Ցանկը ներառում է մոտ 1500 համալսարան։

The Times Higher Education-ը ևս համալսարանները վարկանիշավորելիս հաշվի է առնում մի քանի ցուցանիշներ՝ ուսուցում, հետազոտություններ, գիտական հոդվածներին հղումներ, միջազգային ուսանողների և աշխատակիցների ներգրավում, միջազգային համագործակցություններ, բիզնես հատվածից ֆինանսների ներգրավում։ Այս վարկանիշային ցանկում հայաստանյան բուհերից կա միայն Պոլիտեխնիակական համալսարանը։ Ցանկում կա 1799 համալսարան։

Ինչ վերաբրեում է ԿԳՄՍ նախարարի տեղակալի նշած Webometrics-ին, ապա այնտեղ, իսկապես, կան և՛ Մանկավարժական համալսարանը, և՛ Բրյուսովի անվան համալսարանը։

Webometrics-ը նշում է, որ վարկանիշավորում է «աշխարհի բոլոր համալսարանները, ոչ թե միայն զարգացած աշխարհի մի քանի հարյուր հաստատություններ»։

«Միայն հետազոտությունների վրա հիմնված վարկանիշավորումները կողմնակալ են տեխնոլոգիաների, համակարգչային գիտությունների, հասարակական և հումանիտար գիտությունների նկատմամբ, առարկաներ, որոնք սովորաբար ներառում են ստանդարտ համալսարանի գիտնականների և ուսանողների կեսից ավելին: Webometrics-ը նաև անուղղակի կերպով չափում է այլ առաքելություններ, ինչպիսիք են դասավանդումը կամ, այսպես կոչված, երրորդ առաքելությունը՝ հաշվի առնելով ոչ միայն համալսարանի գործունեության գիտական ազդեցությունը, այլև տեխնոլոգիաների տրանսֆերի տնտեսական նշանակությունը, հանրության ներգրավվածությունը (սոցիալական, մշակութային, բնապահպանական դերերը) և նույնիսկ քաղաքական ազդեցությունը»,- նշում է կառույցը։

Այս վարկանիշային ցանկում Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանն, իրոք, 12873-րդ տեղում է, Մանկավարժականը՝ 8845 տեղում։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Երևանի պետական համալսարանը 3050-րդ տեղում է։

 

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել