ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ զարմացած է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի հայտարարությունից, թե իր համար անակնկալ է եղել նշված բուհը Մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի հետ միավորելու լուրը։ Նախարարի խոսքով լիազոր մարմնի համար է անակնկալ եղել, որ այդ հարցը բերվել է օրակարգ։
Նախարարը նշեց, որ օգոստոսի 9-ին երեք բուհերի ռեկտորների հետ հանդիպում է տեղի ունեցել, ու ասվել է, որ կա նման գաղափար, որ ինքն ասել է՝ հնարավոր է՝ շուտով այդ գաղափարը մտնի գործնական փուլ։
Ըստ Դումանյանի՝ հանիպմանը ռեկտորներն ասել են, թե արդյո՞ք հնարավոր չէ այլ կոնցեպտ քննարկել, ինքն էլ ասել է, որ բաց են քննարկումների համար։
Նախարարը նշեց, որ օրենքով չկա դրույթ, որ նախարարությունը նման գործընթաց սկսելու համար տեղեկացնի բուհին, բայց գործընկերային հարաբերություններից ելնելով՝ համալսարանները տեղեկացվել են։
«Կրթության որակի բարձրացման միտում ունի այս ամենը, որևիցե բան չի փակվում, որևիցե հաստիք չի կրճատվում, այս ամենի արդյունքում միգուցե երկու ռեկտորի հաստիք պակաս կունենանք, եթե երեք բուհ միավորվի, պարզ է՝ երեք ռեկտոր չի կարող լինել, կլինի մեկը։ Խոսքը ամենաշատը երկու պաշտոնի մասին է։
Բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու։ Կոչ եմ անում ուսանողներին հետևողական լինելու որակյալ կրթություն ստանալու գործում, և չտրվել տարբեր էսպիսի ոչ կրթական, կրթության շահերից չբխող, կրթության բովանդակությունից չբխող, կրթության որակ չապահովող հարցադրումներից։ Խոսքը մեկ կամ երկու պաշտոնի մասին է ընդամենը, և սա կարծում եմ՝ կրթության հետ կապ չունեցող հարց է»,- նշեց նա։
Հարցին, թե որն է տրամաբանությունը միավորելու հենց այս երեք բուհերը, նախարարը պատասխանեց․
«Մանկավարժականը մանկավարժ պատրաստող բուհ, Ֆիզկուլտ ինստիտուտը մարզիչներ և ևս ուսուցիչներ պատրաստող է։ Օտար լեզուների գծով մանկավարժների պատրաստումը եղել է Բրյուսովի ինստիտուտի հիմնական գործառույթը շատ տարիներ առաջ, որի մի մասը տարիների ընթացքում մնացել է էլի այդ բլոկը, մյուս մասը դարձել է լրիվ ուրիշ բան: Կրթության կազմակերպան, այս ուսուցիչների, մարզիչների [պատրաստման] տրամաբանությամբ»։
Խոսելով ապագայի մասին՝ Դումանյանն ասաց, որ երբ, Կառավարության ռազմավարության համաձայն, ստեղծվեն մինչև 8 բուհեր, կպահպանվի միայն մանկավարժական բլոկը, իսկ որոնք որ կկրկնվեն, օրինակ ԵՊՀ-ի հետ համեմատությամբ, կվերանայվեն, օրինակ, մասնագիտությունների ցանկը, ֆակուլտետների քանակը, որովհետև, ըստ նախարարի, պետք չէ, որ նույն ֆակուլտետից ու նույն մասնագիտութունից ՀՀ չորս բուհերում էլ լինի։
Անդրադառնալով միավորված երեք բուհերի անվան ընտրության հարցին, նախարարը ասաց․«Շրջանառվող նախագծով մենք առաջարկել ենք «Կրթական գիտությունների ինստիտուտ» անվանումը, քննարկելու տեղեր կան, լավագույն տարբերակը կքննակվի և կընտրվի»։
Հիշեցնենք, որ Բրյուսովի համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը գրել էր, որ «ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը»։
Համալսարանի բակում ուսանողները բողոքի ակցիա ու դասադուլ էին կազմակերպել։ Համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը կազմակերպված դասադուլի շրջանակում նշել էր, որ հոկտեմբերի 11-ին են իմացել կառավարության որոշման նախագծի մասին, որով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Վալերի Բրյուսովի համալսարանը միավորվելու են Մանկավարժական համալսարանին:
comment.count (0)