Երևանի ավագանու այսօրվա նիստում հաստատվեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկ» ստեղծելու մասին որոշումը: Նիստին զեկույցով հանդես եկավ քաղաքապետի առաջին տեղեկալ Հրաչյա Սարգսյանը:
Հիմնարկի նպատակն է Երևանի վարչական տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման (ներառյալ՝ ձմեռային ամիսներին) աշխատանքների ապահովումը , քանի որ աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունն լիովին չի կատարում պարտավորությունները:
Այս որոշման համաձայն՝ քաղաքապետարանը կդառնա աղբահանություն իրականացնող 2-րդ օպերատորը:
Հիմնարկի հիմնական խնդիրներն են հետևել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների պարտադիր և պարբերաբար իրականացմանը, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի բացասական ներգործության նվազեցմանը և չեզոքացմանը:
Նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանն ասաց, որ հանդիպել է «Սանիթեք»-ի ղեկավարության հետ․ խոսակցության ընթացքում ընկերությունը տեղեկացրել է, որ պայմանագրերի դրույթների խախտումներ տեղի են ունեցել նաև քաղաքապետարանի կողմից:
Հայտարարությանն ի պատասխան՝ Հայկ Մարությանն ասաց. ««Սանիթեք»-ը բազմաթիվ հարցերի մասին է բարձրաձայնում, բայց խորհուրդ կտամ նրան ուղղակի քաղաքը մաքրել: Կարծում եմ՝ չպիտի մենք ասենք, որ խնդիր ունենք աղբահանության հետ կապված, ես պաշտոնապես հայտարարում է , որ «Սանիթեք» ընկերությունից ոչ մի հղում չենք ստացել, թե քաղաքապետարանի կողմից ինչ պայմանագրային խախտում է արվել: Նրանք նշել են աղբավայրի վիճակի մասին, բայց մեր ղեկավարության ժամանակ դեպի բացասական փոփոխություններ տեղի չեն ունեցել»:
Ըստ Մարությանի՝ երբ իրենք իշխանության գլուխ են եկել, աղբահանության խնդիրը ժառանգություն են ստացել, իսկ հիմա փորձում են բոլոր մանրուքները հաշվի առնելով՝ հասնել խնդիրների լուծմանը:
comment.count (0)