Վիգեն Սարգսյանն ու կինը Բելմոնտ քաղաքում իսկապես առանձնատուն են ձեռք բերել․ Արման Բաբաջանյանը ճիշտ է
17:18 - 26 հոկտեմբերի, 2022

Վիգեն Սարգսյանն ու կինը Բելմոնտ քաղաքում իսկապես առանձնատուն են ձեռք բերել․ Արման Բաբաջանյանը ճիշտ է

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում մի փաստաթուղթ էր հրապարակել՝ նշելով, թե այդ փաստաթուղթն ապացուցում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն այս տարվա մայիսին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում ավելի քան 2 մլն դոլարով առանձնատուն է ձեռք բերել։

«Վիգեն Սարգսյանն ու նրա կինը՝ Լուսինե Գալաջյանը, միասին արդեն բնակվում են նոր 48 Amherst Road, Belmont, Massachussetts 02478 հասցեում գտնվող առանձնատանը»,- նշել էր Արման Բաբաջանյանը։

Արման Բաբաջանյանն այլ մանրամասներ չէր ներկայացրել, իսկ կից փաստաթղթից պարզ են դառնում այն մարդկանց անունները, որոնցից պաշտպանության նախկին նախարարը ենթադրաբար գնել է առանձնատունը։ Այսպիսով, ըստ Բաբաջանյանի հրապարակած փաստաթղթի, առանձնատունը պատկանել է Ջուլիեն և Նիսսիա Գրատիերներին։

Google Maps-ից տեղեկանում ենք, որ Բաբաջանյանի նշած հասցեում իրոք առանձնատուն կա։ Բեմլոնտ քաղաքի պաշտոնական կայքից էլ իմանում ենք, որ 2021-ի տվյալներով նշված անձինք իրոք գրանցված են եղել այս հասցեում (տես 5-րդ և 23-րդ էջերը)։

Անշարժ գույքի մասին տեղեկություններ պարունակող տարբեր կայքերում նշվում է, որ այս առանձնատունը վերջին անգամ վաճառվել է 2022 թ․ մայիսի 20-ին 2 050 000 ԱՄՆ դոլարով (zillow.com, realtor.com, compass.com):


Առանձնատունը վերևից և ներսից, լուսանկարները՝ compass.com-ից

Իսկ Մասաչուսեթսում անշարժ գույքի գործարքների մասին տեղեկություններ պարունակող Banker & Tradesman կազմակերպության կայքից իմանում ենք առանձնատան վաճառքի մասին այլ մանրամասներ։ Այս տարվա հունիսին հրապարակված զեկույցում Banker & Tradesman-ը նշում է, որ Գրատիեր ամուսինները 48 Amherst Road, Belmont, Massachussetts 02478 հասցեում գտնվող առանձնատունը վաճառել են Վիգեն Սարգսյանին և Լուսինե Գալաջյանին  (տես էջ 29)։ Առանձնատան գինն ու վաճառքի ամսաթիվը նույնն են, ինչ վերը նշված կայքերում։

Այսպիսով, բաց և հասանելի տվյալներն ապացուցում են, որ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ու նրա կինն ԱՄՆ-ում՝ Բեմլոնտ քաղաքում, առանձնատուն են ձեռք բերել։

Գլխավոր լուսանկարը՝ compass.com-ի

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել