Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայություն երբևիցե չի հանդուրժվելու. Անդրանիկ Քոչարյան
 |1lurer.am|
13:21 - 27 հոկտեմբերի, 2022

Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայություն երբևիցե չի հանդուրժվելու. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: Զորքերի դուրսբերումը ոչ միայն պահանջ է, այլև անհրաժեշտություն: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտնեց պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Անկախ նրանից՝ բանակցություններն ինչ ընթացք կստանան, ինչ որ պատկանում է ՀՀ-ին, քննարկման նյութ չէ: Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայությունը երբևիցե չի հանդուրժվելու: Նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից: Մնացած դեպքերում դա պահպանելու է կոնֆլիկտի լարվածությունը մեր սահմանների վրա: Ոչ մեկին դա լավ տեղ չի հասցնելու»,- ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ բոլոր հարթակներում ներկայացնում են հայկական կողմի պահանջը:

«Այդ պահանջը շատ հասցեական ներկայացնում են նաև մեր միջազգային գործընկերները, և մենք հույս ունենք, որ ադրբեջանական ռազաքաղաքական ղեկավարությունը, վերջիվերջո, զորքերը հետ կքաշի ելման դիրքեր»,- ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ նշեց, որ Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումից հայկական կողմի ակնկալիքն է լինելու նաև նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նախորդ տարվա նոյեմբերի հայտարարությունների կատարման ընթացքի վերլուծությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել