factor.am: «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ առաջիկայում աշխատանքային այցով ԱՄՆ է մեկնելու ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը։
Ըստ Բաբաջանյանի՝ այցը հատկապես կարևոր է Հայաստանից ԱՄՆ դուրս բերված ապօրինի կապիտալը ԱՄՆ իշխանությունների հետ գնահատելու և ապօրինի ծագում ունեցող հայաստանյան գույքի մեջ ներառելու հնարավորությունների տեսանկյունից։
Factor.am-ը տեղեկությունը փորձեց ճշտել Գլխավոր դատախազությունից։ Վարդապետյանի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հաստատեց, որ Գալյանն առաջիկայում Միացյալ նահանգներ է մեկնելու, սակայն օրակարգի և հանդիպումների մասին որևէ մանրամասն չհայտնեց։
Հիշեցնենք՝ երեկ էլ Արման Բաբաջանյանը փաստաթուղթ էր հրապարակել, տեղեկացնելով, որ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը և նրա կինը՝ Լուսինե Գալաջյանն այս տարվա մայիսին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում ձեռք են բերել առանձնատուն 2 մլն 50 հազար դոլարով։
Infocom-ը պարզել էր, որ բաց և հասանելի տվյալներն ապացուցում են՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ու նրա կինն ԱՄՆ-ում՝ Բեմլոնտ քաղաքում, իսկապես առանձնատուն են ձեռք բերել։
comment.count (0)