Դատարանն ավարտեց մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարի գործով ապացույցների հետազոտումը
20:55 - 20 հունիսի, 2022

Դատարանն ավարտեց մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարի գործով ապացույցների հետազոտումը

#Կարճասած

  • Դատարանում այսօր շարունակվեց եւ ավարտվեց Պաշտպանության բանակի N զորամասի գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով ապացույցների հետազոտումը։ 
  • Վահանյանը հայտարարեց, որ վիրավորվելուց հետո նախ Տողի բուժկետում է եղել, հետո Ստեփանակերտի հոսպիտալում, ապա Խնձորեսկի զինհոսպիտալում, որից հետո տեղափոխվել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալ։ Վահանյանի խոսքով՝ իրեն երեք անգամ վիրահատել են։
  • Մեղադրող դատախազի խոսքով՝ գործի քննության ընթացքում հետազոտվել է այլ բուժհաստատություններում բուժօգնություն ստանալու հանգամանքը, սակայն առկա են միայն իր ներկայացրած փաստաթղթերը, որոնք Զանգեզուրի կայազորային հոսպիտալից էին։ 
  • Դատախազն ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը նկատեցին՝ թե՛ Խնձորեսկի, թե՛ Զանգեզուրի հոսպիտալներում ընդամենը կատարվել են վիրակապություններ, այլ ոչ թե վիրահատություններ՝ ինչպես պնդում է Վահանյանը։

#Մանրամասն

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ այսօր շարունակվեց եւ ավարտվեց Պաշտպանության բանակի N զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով ապացույցների հետազոտումը։ Նիստին ներկա էին տուժողների իրավահաջորդներ, նաեւ տուժողներից Դավիթ Սահակյանը։

Նախորդ նիստի ժամանակ մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը հրապարակել էր ամբաստանյալ Վահան Իշխանյանի բուժման վերաբերյալ Զանգեզուրի կայազորային հոսպիտալից ստացված փաստաթղթեր, ըստ որոնց՝ Վահանյանը 2020 թ․ հոկտեմբերի 10-ին ընդունվել է հոսպիտալ «աջ ազդրի կույր բեկորային վնասվածք» ախտորոշմամբ, որից հետո կատարվել է վերքի մշակում, վիրակապում։ Փաստաթղթերից մեկի համաձայն՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ վերքի վիճակը գնահատվել է հանգիստ, կատարվել են վիրակապումներ, իսկ հոկտեմբերի 15-ին նշվել է, որ հիվանդի վիճակը բավարար է, տվյալները նորմայի սահմաններում են։ Այնուհանդերձ, երկու օր անց՝ հոկտեմբերի 17-ին, Վահանյանը, ըստ ներկայացված փաստաթղթերի, վիրահատվել է, նրան տրամադրվել է 10-օրյա վերականգնողական արձակուրդ։ Հոկտեմբերի 27-ին արդեն նշվել է, որ նա պիտանի է ծառայության եւ դուրս է գրվում զորամաս։

Դատախազն այսօր շարունակեց ներկայացնել Զանգեզուրի կայազորային հոսպիտալից ստացված փաստաթղթերը, եւ պարզվեց, որ հոսպիտալ ներկայանալու, ապա դուրս գրվելու եւ բուժհաստատություններից ստացված այլ փաստաթղթերը ժամանակագրական որոշակի անհամապատասխանություն ունեին, ինչը նկատեց նաեւ դատավոր Հայրապետյանը։ Դատավորը հստակեցրեց՝ ճի՞շտ հասկացավ, արդյոք, որ Վահանյանը հոկտեմբերի տասին ընդունվել է հոսպիտալ, ապա յոթ օր ստացիոնար բուժումից հետո արձակուրդ ստացել, քանի որ նախորդիվ հետազոտված փաստաթղթերի համաձայն՝ Վահանյանին հոսպիտալ ընդունելուց յոթ օր հետո նոր վիրահատել էին։

Դատավորն այս անճշտության պատճառով դարձյալ ուսումնասիրեց արդեն իսկ հրապարակված փաստաթղթերը, եւ առաջարկեց դրանք հերթով հրապարակելով գալ։ Այդպիսով, Վահանյանի հիվանդության պատմության վերաբերյալ փաստաթղթերում նշված է, որ նա Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել հոկտեմբերի տասին, ժամը, 22:30-ին, ախտորոշվել է «աջ ազդրի վերին երրորդականի կույր բեկորային վիրավորում»։ Ի դեպ, ինչպես նկատեց դատախազ Ավետիսյանը՝ այդ փաստաթղթի վրա նշված ամսաթիվը ջնջումով է, մգեցված գրված է «13.10․2020թ․»։

Հոսպիտալ դիմելու, վիրահատվելու, դուրս գրվելու եւ արձակուրդ ստանալու ժամանակագրական անհամապատասխանությունների առնչությամբ դատախազը մեկնաբանեց, որ մասնագետները հետագայում կպարզաբանեն՝ ինչի հետ է կապված խնդիրը։ 

Վահանյանի պնդմամբ՝ ինքը 7 օր Խնձորեսկի զինհոսպիտալում է եղել

Նիստի ընթացքում հստակեցվեց, որ Վահանյանը սկզբում գտնվել է Խնձորեսկի զինվորական հոսպիտալում՝ շուրջ յոթ օր, ապա Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդուվել հոկտեմբերի 17-ին։ Հոկտեմբերի 13-ի փաստաթղթում նշված է, որ հիվանդի ընդհանուր վիճակը բավարար է, նա գանգատվում է ազդրի ցավերից, երկու օր անց մեկ այլ փաստաթղթում նշված է, որ Վահանյանի վիճակը նորմալ է, վերքը հանգիստ է, իսկ հոկտեմբերի 17-ին Վահանյանն ուղարկվել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալ՝ հետագա բուժման ընթացքը ճշտելու նպատակով։

Դատավորը, դիմելով ամբաստանյալին, ճշտող հարց հնչեցրեց՝ այսինքն՝ այդ փաստաթղթերը Խնձորեսկի բուժհաստատությունից են, եւ նա յոթ օր եղել է Խնձորեսկի հոսպիտալո՞ւմ, ինչին ի պատասխան՝ Վահանյանն ասաց․ «Յոթ օր Խնձորեսկում պառկած եմ եղել»։

Այս քննարկման ժամանակ ամբաստանյալն իր խոսքում ներկայացրեց, որ ինքը սկզբում Ստեփանակերտում է եղել, որտեղ իրեն վիրահատել են, հետո տարել են Խնձորեսկի հոսպիտալ, որտեղ նորից վիրահատել են, ապա ուղարկել են Զանգեզուրի կայազորային հոսպիտալ։ Նշենք, որ Վահանյանը ներկայացրեց, որ իրեն վիրահատել են նաեւ հոկտեմբերի 17-ին, հետո տվել արձակուրդ։

Դատարանը ճշտեց՝ ճի՞շտ հասկացավ, որ վիրավորումը ստացել է, դիմել է Ստեփանակերտի հոսպիտալ։ Ամբաստանյալը պատասխանեց․ «Մեզ տարել են Տող (Հադրութի Տող գյուղի մասին է խոսքը,-խմբ), Տողի բուժկետ, հետո Ստեփանակերտ են տարել, նույն օրը գիշերը՝ Խնձորեսկ, յոթ օր մնացել եմ, տարել են Զանգեզուր»,- ասաց Վահանյանը։ Դատարանը հետաքրքրվեց՝ ո՞վ է տարել, ի պատասխան՝ Վահանյանն ասաց՝ «սկոռին»։

Այդ պահին տուժողի իրավահաջորդներից Գեղամ Ղազարյանը՝ զոհվածներից մեկի հայրը, վրդովված հայտարարեց, որ, փաստորեն, Վահանյանի վիրավորումը նրա կյանքին վտանգ չի սպառնացել․ «Բայց ինքը փախել ա, ինքը կարար մնար, իմ տղին վիրակապեր, որ արնաքամ չլիներ, իմ տղեն տասներկու ժամ ապրել ա, կարար վիրակապեր։ Կադրեր կան, չէ՞, զինվորը վիրակապված կռվում ա, բայց էս մարդը ափալ-թափալ փախել ա մայրական խնամքի»։

Այնուհետեւ դատախազը հրապարակեց հաջորդ փաստաթուղթը՝ էպիկրիզ, որ լրացվել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, տրվել է կլինիկական ախտորոշում՝ «աջ ազդրի վերին երրոդակայի կույր բեկորային վիրավորում»։ Այդ փաստաթղթում նշված է, որ ընդունվելիս Վահանյանը գանգատվել է վերքից։

Դատախազը նաեւ հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալի հայտնած տեղեկությունների վերաբերյալ՝ նշելով, որ քրեական գործի քննության ընթացքում հետազոտվել է այլ բուժհաստատություններում բուժօգնություն ստանալու հանգամանքը, սակայն առկա են միայն իր ներկայացրած փաստաթղթերը, որոնք, ինչպես նշեցինք, Զանգեզուրի կայազորային հոսպիտալից էին։ 


Ոչ թե վիրահատություն, այլ վիրակապություն

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներից մեկը նիստի ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ՝ նկատելով, որ փաստաթղթերում եւս մի անհամապատասխանություն կա․ բանն այն է, որ դատարանում հնչել են ե՛ւ վիրակապություն, ե՛ւ վիրահատություն բառերը, բայց դրանց բովանդակությանը ծանոթանալիս պարզ է դառնում, որ վիրահատություն չի եղել, այլ վիրակապություն։ Դատավորն ասաց, որ, ըստ գործի նյութերի, Վահանյանը հոկտեմբերի 17-ին Խնձորեսկի հոսպիտալից ուղարկվել է Զանգեզուրի հոսպիտալ, որտեղ եւ 17-ին վիրահատվել է, հետո նրան տրամադրվել է արձակուրդ։

Ի դեպ՝ դատախազը եւս ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թե՛ Խնձորեսկի, թե՛ Զանգեզուրի հոսպիտալներում ընդամենը կատարվել են վիրակապություններ, այլ ոչ թե, ինչպես նշեց ամբաստանյալը, վիրահատություններ։ 

Վահանյանի պաշտպանը՝ Գեւորգ Պարունակյանը, այս առնչությամբ հայտարարեց, որ նյութերի հետազոտության ժամանակ էլ առկա են եղել ապացույցներ, որ վիրահատություն եղել է։ Ըստ Պարունակյանի՝ գրավոր ապացույցներում վիրահատություն բառն օգտագործված է։ 

Դատախազն արձանագրեց, որ Զանգեզուրի կայազորային հոսպիտալից ստացված փաստաթղթում հստակ նշված է, որ կատարված բուժումը վիրակապությունն է, անձը դուրս է գրվել առողջացած, պիտանի է ծառայությանը։ Իսկ վիրակապության մասին նշում փաստաթղթերում, ըստ էության, առկա չէ։

Դատարանն առաջարկեց եւս մեկ անգամ աչքի անցկացնել փաստաթղթերը, ինչը եւ տեղում արվեց։ Նա նկատեց, որ փաստաթղթերից մեկը վերնագրված է «Վիրահատության հիմնավորում»։ Բայց այդ փաստաթղթի բովանդակության մեջ վիրահատության մասին ոչինչ նշված չէր, դրանում հոկտեմբերի 27-ի թվագրմամբ նշված էր, որ հիվանդը վերադարձել է արձակուրդից, ընդհանուր վիճակը բավարար է, գանգատվում է ազդրի թմրածությունից։ Դատախազի ենթադրությամբ՝ դա, ըստ ամենայնի, ձեւաթղթի ձեւն է։ Թեեւ նա կարծիք հայտնեց, որ մասնագետները հետագայում եւս կարող են պարզաբանել։

Այս հստակեցումից հետո հայտարարությամբ հանդես եկավ տուժողի իրավահաջորդ Ալբերտ Ստեփանյանը՝ նշելով, որ պատերազմի սկսվելուց երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, իր որդին որովայնի ճողվածքի վիրահատություն է տարել, բայց նույն ամսի 28-ին՝ պատերազմի սկսվելու հաջորդ օրը, իր որդուն այդ վիճակում Ջրականից տարել են Հադրութի Տող գյուղ․ «Երեխուն տարել են պոստեր, էդ ժամանակ հինգերորդ գումարտակի հրամանատարը Վահան Իշխանյանն ա եղել, ո՞վ ա հրամայել, որ երեխուն էդ կարգավիճակով տանեն պոստեր»,- հարց հնչեցրեց նա․ այդ հարցն այս նիստում անպատասխան մնաց։


Հայտնի չէ՝ ինչ ավտոմեքենայով է Վահանյանը լքել մարտական դիրքը, ով է եղել վարորդը, որտեղ է Վահանյանին պատկանող ավտոմեքենան

Նիստի ավարտին դատարանը նշեց, որ Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժինն, ի պատասխան պաշտպանի գրության, հայտնել է, որ գործի քննության ընթացքում պարզվել է, որ Վահանյանը N մարտական դիրքում մարտական հերթափոխություն չի իրականացրել հոկտեմբերի 10-ին։ Պարզվել է, թե որ անձնակազմերն են մարտական հերթապահության նշանակված եղել N մարտական դիրքում, եւ որ այդ դիրքում մարտերի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին ցուցաբերվել է բուժօգնություն եւ նրանք սանիտարական ավտոմեքենաներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Ձեռնարկված միջոցառումների շրջանակում, սակայն, հնարավոր չի եղել պարզել, թե ովքեր են եղել նշված սանիտարական ավտմենքենրի վարորդները եւ որ զորամասի հաշվեկշում են եղել այդ մեքենաները։ 

Միջոցառումներով տեղեկեւթյուններ չեն ստացվել նաեւ այն մասին, թե ինչ հանգամանքներում է Վահանյանը սեպտեմբերի 29-ին եւ հոկտեմբերի 10-ին վիրավորում ստացել, մարմնի որ մասերում, եւ արդյոք ստացե՞լ է վիրավորում, թե՞ ոչ, չեն պարզվել նաեւ N մարտական դիրքում վիրավորված, Վանք գյուղում շրջափակված, գերեվարված, վիրավորված զինծառայողների ինքնությունները, ինչպես նաեւ Վահանյանի հետ Տող գյուղի հոսպիտալ տեղափոխված զինծառայողների ինքնությունները։ Տեղեկություններ չկան նաեւ այն մասին, թե ինչ ավտոմեքենայով է Վահանյանը լքել մարտական դիրքը, ով է եղել վարորդը, եւ թե որտեղ է Վահանյանին պատկանող ավտոմեքենան։

Այսպիսով, ինչպես նշեցինք, գրավոր ապացույցների հետազոտությունն ավարտվեց, իսկ իրեղեն ապացույցներ չկան։ Ըստ ապացույցների հետազոտման հաջորդականության՝ հաջորդիվ պետք է հարցաքննվեն գործով վկաները։ Բայց քանի որ այսօր նրանց ներկայությունն ապահովելն անհնարին էր, դատարանը գործի քննությունը որոշ ժամանակով հետաձգեց։ Հաջորդ նիստը նշանակվեց այս ամսվա 28-ին։ 

Հիշեցնենք՝ Վահանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ եւ 380-րդ հոդվածի 1-ին մասերով՝ պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։ Վահանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել