Իրանում հայտարարել են, որ Շիրազում ահաբեկչության կազմակերպիչների մեջ նաև Ադրբեջանի քաղաքացի կա |armenpress.am|
15:12 - 07 նոյեմբերի, 2022

Իրանում հայտարարել են, որ Շիրազում ահաբեկչության կազմակերպիչների մեջ նաև Ադրբեջանի քաղաքացի կա |armenpress.am|

armenpress.am: Շիրազ քաղաքի Շահ Չըրաղ դամբարանում ահաբեկչական գործողությունը կազմակերպողների թվում Ադրբեջանի քաղաքացի կամ քաղաքացիներ կան: Նոյեմբերի 7-ին այս հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը, փոխանցում է IRNA-ն։

«Երկրի ներսում ահաբեկչական բջջի գլխավոր կազմակերպիչը և համակարգողն Ադրեջանի քաղաքացի է, որը, ժամանելով Թեհրան, անմիջապես կապվել է Աֆղանստանում ԻՊ («Իսլամական պետություն») խմբավորման ներկայացուցիչների հետ և նրանց տեղեկացրել, որ գտնվում է Իրանում: Մզկիթում ահաբեկչական գործողությունը կազմակերպած խմբի կազմի մեջ էին մտնում նաև Աֆղանստանի և Տաջիկստանի քաղաքացիներ»,- գերատեսչության հայտարարությունը հաղորդում է «Թասնիմ» գործակալությունը:

Հետախուզության նախարարության տվյալներով՝ Շահ Չըրաղ դամբարանի վրա հարձակման կազմակերպման մեղսակցության կասկածանքով ձերբակալվել է 26 մարդ: Նրանք բոլորն Ադրբեջանի, Տաջիկստանի և Աֆղանստանի քաղաքացիներ են:

Հոկտեմբերի 26-ին IRNA գործակալությունը տեղեկացրել է, որ երեք անհայտ անձինք հրաձգություն են սկսել Շիրազի (Ֆարսի նահանգ) Շահ Չըրաղ դամբարանում: Ավելի ուշ տեղեկատվություն է ստացվել հարձակվողներից մեկի վիրավորվելու և ձերբակալվելու մասին: Նրան տարել են հիվանդանոց, որտեղ մահացել է: Վերջին տվյալների համաձայն՝ գրոհի զոհ է դարձել 15 մարդ, 27-ը վիրավորվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել