ԱՊՀ պետությունների երիտասարդները ծանոթացել են ՀՀ պետական երիտասարդական քաղաքականությանը
17:53 - 09 նոյեմբերի, 2022

ԱՊՀ պետությունների երիտասարդները ծանոթացել են ՀՀ պետական երիտասարդական քաղաքականությանը

Նոյեմբերի 8-11-ն անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագիրը: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ (շուրջ 25 մասնակից)։

Ծրագրի մասնակիցները նոյեմբերի 8-ին այցելել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ծանոթանալու պետական երիտասարդական  քաղաքականությանը:
Նրանց հետ հանդիպմանը նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը  ներկայացրել է երիտասարդության ոլորտում պետության աջակցությամբ իրականացվող հիմնական ծրագրերը:
Նա նշել է, որ պետությունն ամեն ինչ անում է երիտասարդների ինքնիրացման համար նոր հնարավորություններ ստեղծելու, նրանց կարողությունները զարգացնելու նպատակով. «Մեր նպատակն է երիտասարդների շրջանում ձևավորել գրագետ հասարակություն, որը կծառայի նաև պետության զարգացմանը»:
Վարչության պետը նաև տեղեկացրել է, որ երիտասարդության մասին օրենքի նախագծի մշակման նպատակով  իրականացվում է այլ երկրների փորձի ուսումնասիրություն:

Քննարկման ընթացքում կարևորվել են հատկապես մարզերում իրականացվող ծրագրերը՝ երիտասարդների զբաղվածության ապահովման, կրթության իրավունքի իրացման առաջնահերթությունների շեշտադրմամբ: 

Հյուրերը բարձրաձայնել են երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագրի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են ակնկալվող արդյունքներին  և ընձեռած հնարավորություններին: 

ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական աշխատողների վերապատրաստման  ծրագրի մասնակիցներն այցելելու են նաև  Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական կենտրոններ, ծանոթանալու են երիտասարդական աշխատանքներին Երևանում և մարզերում:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է այց Հայաստանի 2022 թ. Երիտասարդական մայրաքաղաք Հրազդան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել