Անի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը չի կայացել քվորում չապահովվելու պատճառով

 |armenpress.am|
17:10 - 11 նոյեմբերի, 2022

Անի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը չի կայացել քվորում չապահովվելու պատճառով |armenpress.am|

armenpress.am:  Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը նոյեմբերի 11–ին, քվորում չապահովվելու պատճառով, չկայացավ: Նիստին ընտրական շեմը հաղթահարած երեք ուժերից  երկուսը ներկա չէին, ինչի հետևանքով չընտրվեց համայնքի ղեկավար: Անդրանիկ նիստին ներկա էր միայն «Ազգ-համայնք» դաշինքը, նիստին չէին ներկայացել «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայկական երազանք» կուսակցությունների անդամները։

Ըստ ընթացակարգի՝ «Ազգ-համայնք» դաշինքը մեկ ժամ սպասեց մյուս ուժերին, բայց մյուս երկու ուժերն այդպես էլ նիստին չներկայացան։ Արձանագրվեց, որ նիստն իրավազոր չէ եւ այն հետաձգվեց մինչև նոյեմբերի 14–ը, ժամը 11։00–ը։ Օրենքով սահմանված կարգով բոլոր ուժերին իրազեկվել էր նիստին մասին։

«Ազգ-համայնք» դաշինքը ժողովրդի կողմից ստացած վստահության քվեն հաշվի առնելով՝ իր պարտավորությունը կատարեց ու մասնակցեց նիստին, մյուս ուժերի մասով չեմ կարող մեկնաբանել: Օրենքի բարդությունն այնտեղ էր, որ անհրաժեշտ է 50 + ձայն՝ համայնքի ղեկավար ընտրվելու համար և բնականաբար, մյուս ուժերի կողմից այսօրվա բոյկոտը մյուս հաղթանակին վերջակետ չդնելու համար էր: Սա միայն ու միայն մեր հաղթանակը ոչնչացնելու մեջ էր»,–լրագրողների հարցերին պատասխանելով՝ նշեց «Ազգ-համայնք»  դաշինքը ղեկավարող Արտակ Գեւորգյանը:

Անի խոշորացված համայնքում սեպտեմբերի 25–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցած երեք ուժերից ոչ մեկին չէր  հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Մանդատների ընդհանուր թիվը 21–ն է. «Ազգ-համայնք» դաշինքն ունի 10, ՔՊ–ն՝ 8, իսկ «Հայկական երազանքն» էլ՝ 3 մանդատ։ Այս ընթացքում քաղաքական ուժերը չէին կարողացել միանձնյա իշխանություն ձեւավորել։

Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ երբ համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել, եթե  նիստը գումարվելուց հետո երկշաբաթյա ժամանակահատվածում համայնքի ղեկավար չի ընտրվում, օրենքը հնարավորություն է տալիս, որ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեն եւ ավագանու արտահերթ  ընտրություններ նշանակվեն։     


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել