Բայդենի խոսքով՝ քիչ հավանական է, որ Լեհաստան ընկած հրթիռը արձակված լինի ռուսական կողմից
10:14 - 16 նոյեմբերի, 2022

Բայդենի խոսքով՝ քիչ հավանական է, որ Լեհաստան ընկած հրթիռը արձակված լինի ռուսական կողմից

Հրթիռը, որն ընկել է Լեհաստանի տարածք ու երկու անձի մահվան պատճառ դարձել, հավանաբար արձակված չի եղել Ռուսաստանից։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը՝ Արևմուտքի դաշնակիցների հետ բանակցություններից հետո։ Նշված բանակցությունները, ինչպես գրում է Reuters-ը, այն մասին էին, որ ուկրաինական կոնֆլիկտը կարող է տարածվել նաև հարևան երկրների վրա։ 

Հարցին, թե արդյո՞ք վաղ է պնդել, որ հրթիռը արձակվել է ՌԴ-ից, Բայդենն ասել է․ «Կան նախնական տեղեկություններ, որոնք վիճարկում են դա: Ես չեմ ուզում այդպես ասել, քանի դեռ մենք ամբողջությամբ չենք ուսումնասիրել, բայց, ըստ հետագծի (հրթիռի հետագծի- խմբ․), քիչ հավանական է, որ այն արձակվել է Ռուսաստանից, բայց մենք կտեսնենք»:

ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները ամբողջությամբ կհետաքնննեն դեպքը նախքան որևէ գործողության անցնելը։

Սպասվում է, որ ՆԱՏՕ-ի դեսպանների հանդիպումը տեղի կունենա այսօր։

Նշենք, որ Լեհաստանի գլխավոր դատախազը գիշերը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանին հրթիռ է ընկել։ Լեհական ԶԼՄ-ները գրել են, որ հրթիռները ռուսական են։

ՌԴ ՊՆ-ն հերքել է տեղեկությունը՝ նշելով․ «Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների ենթադրյալ ընկնելու մասին լեհական ԶԼՄ-ների և պաշտոնատար անձանց հայտարարությունները կանխամտածված սադրանք են՝ էսկալացիայի նպատակով»։

Լեհաստանի ԱԳՆ-ն պնդել է, որ երկրի տարածք ընկած հրթիռները ռուսական արտադրության են, և ԱԳ նախարարը բացատրությու տալու համար ԱԳՆ է հրավիրել ՌԴ դեսպանին։

Լեհաստանի նախագահը մինչդեռ հայտարարել է, որ ՌԴ հրթիռային հարձակումները Ուկրաինայի դեմ շարունակվել են ողջ օրվա ընթացքում, բայց չունեն որևէ միանշանակ ապացույց, թե ով է արձակել այս հրթիռը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե ռուսական հրթիռերը հարվածել են Լեհաստանին կոնֆլիկտի «նշանակալի էսկալացիայի» ֆոնին։ Նա որևէ ապացույց չի բերել՝ հրթիռների ռուսական լինելու վերաբերյալ։

«Ամբողջ Եվրոպան և աշխարհը պետք է պաշտպանվի ահաբեկիչ Ռուսաստանից»,- գրել է Զելենսկին իր թվիթերյան միկրոբլոգում Լեհաստանի նախագահի հետ զրույցից հետո։

Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ երկիրն ուժեղացնում է որոշակի ռազմական պատրաստվածությունը, իսկ Լեհաստանի քաղաքացիների հանգստության կոչ արել։

Լուսանկարը՝ Reuters


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել