Վարուժան Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում․ միջնորդում եմ, որպեսզի նրան տեղափոխեն քաղաքացիական հոսպիտալ․ Դավիթ Սանասարյան
14:33 - 17 նոյեմբերի, 2022

Վարուժան Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում․ միջնորդում եմ, որպեսզի նրան տեղափոխեն քաղաքացիական հոսպիտալ․ Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսուբքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում.
 
«Վարուժան Պարսամի Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում. ունենալով առողջական լուրջ խնդիրներ, գտնվում է անազատության մեջ։
 
Միջնորդում եմ, որպեսզի Վարուժանին տեղափոխեն քաղաքացիական հոսպիտալ, որտեղ և պատշաճ հետազոտություն կանցնի։
 
ԱԺԲ-ն եթե ունի երաշխավորողների դիմում, ապա պատրաստ եմ ստորագրել։ Առողջություն Վարուժանին»,- նշված է գրառման մեջ։
 
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը վերջին օրերին վատացել է:

Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 12-ին և 13-ին Ավետիսյանը ենթարկվել է բուժզննության. ազատազրկված անձի առողջական վիճակը գնահատվել է լավ, գանգատներ չի ներկայացրել։ Իսկ ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Ավետիսյանին։ Վերջինս նրանց ասել է, որ  իր մոտ առկա հիվանդությունը Հայաստանում ախտորոշել հնարավոր չի եղել: Իր հետազոտությունների արդյունքները նորմայի սահմաններում են, սակայն ինքն իրեն վատ է զգում։

Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնել էր, որ տեսակցել է Ավետիսյանին։ Նա պնդել էր, որ քաղաքացիական հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ գտնվելը չափազանց կարևոր է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել