Ինչ-որ մեկին հետ պահելը մեր գործը չէ. Լուկաշենկոն պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը, թե «ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս»
 |tert.am|
20:36 - 23 նոյեմբերի, 2022

Ինչ-որ մեկին հետ պահելը մեր գործը չէ. Լուկաշենկոն պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը, թե «ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս» |tert.am|

tert.am: Մենք ցանկանում ենք, որ մեր երկու հարևան և բարեկամ պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով: Այս մասին ասել է Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստում, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։

Բելառուսի ղեկավարը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին հետ չի պահել Ադրբեջանին ՀՀ-ի դեմ ագրեսիայից։

«Ինչ-որ մեկին հետ պահելը մեր գործը չէ, բայց իրականում մենք պետք է արձագանքենք: Այսպես մենք պատրաստ ենք արձագանքելու»,- ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում իր երկրի նախագահության առաջնահերթություններից մեկը լինելու է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորումը։

«Կան նրբերանգներ, և գուցե լուրջ, բայց մենք հիմա կարող ենք հիմնովին կարգավորել այս հակամարտությունը, որը կարող է նորից բռնկվել»,- Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով հերթական նիստին ասել է Լուկաշենկոն։

Սակայն, ըստ նրա, իրադարձությունների նման զարգացումը հնարավոր կդառնա միայն, «եթե առաջին հերթին դա ցանկանա Հայաստանի և, իհարկե, Ադրբեջանի ղեկավարությունը»։

«Ի դեպ, ես կխոսեմ այս մասին, սա Բելառուսի նախագահության առաջնահերթություններից է: Մենք չպետք է աչք փակենք սրա վրա, կարող ենք լուծել այս խնդիրը, թե ոչ՝ դա պետք է լինի ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը։

Լուկաշենկոն նաև ասել է, որ ՀԱՊԿ-ում Մինսկի նախագահության առաջնահերթություններից է լինելու նաև կազմակերպության համախմբվածության բարձրացումը:

Բելառուսի նախագահն անդրադարձել է նաև այլ թեմաների: Նա նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ջանքերը պետք է ուղղված լինեն նաև տեղեկատվական պատերազմների դեմ պայքարին:

«ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը ՀԱՊԿ-ի արևմտյան սահմանների մոտ: Դա արվում է Ռուսաստանի և նրա դաշնակիցների իբր ագրեսիվ պահվածքը զսպելու պատրվակով։ Արևմուտքը շարունակում է ՆԱՏՕ-ի արևելյան թև զորքեր, սպառազինություն և ռազմական տեխնիկա տեղափոխել»,- հավելել է Լուկաշենկոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել