ՀՀ-ին աջակցելու վերաբերյալ ՀԱՊԿ որոշման նախագիծը չէր բավարարում հայկական կողմին. ԱԳՆ խոսնակ
 |azatutyun.am|
16:55 - 24 նոյեմբերի, 2022

ՀՀ-ին աջակցելու վերաբերյալ ՀԱՊԿ որոշման նախագիծը չէր բավարարում հայկական կողմին. ԱԳՆ խոսնակ |azatutyun.am|

azatutyun.am: Հայկական կողմը ակնկալում է ՀԱՊԿ դաշնակիցներից հստակ քաղաքական գնահատական սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, իսկ առկա խմբագրությամբ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծն այդ տեսանկյունից չէր բավարարում հայկական կողմին։ Այս մասին ասաց Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:

«Հետևաբար, որոշում կայացվեց փաստաթուղթն ուղարկել լրամշակման», - ասաց նա՝ ի պատասխան հարցին՝ ի՞նչ առաջարկներ էր ներկայացրել Հայաստանը, որոնք այդպես էլ չընդունվեցին, արդյունքում չստորագրվեց նաև «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծը:

Վահան Հունանյանը հավելեց՝ ցավալի է, սակայն ՀԱՊԿ որոշ գործընկերներ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ հաջակցություն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին հայտարարության ընդունումը կապեցին «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման միաժամանակյա ընդունման հետ, ինչի արդյունքում բոլոր երեք փաստաթղթերը ուղարկվեցին լրամշակման:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը երեկ 3 փաստաթուղթ չի ընդունել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Վարչապետը չէր ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը ու նշել․ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»։

ՀՀ վարչապետը նոյեմբերի 24-ի Կառավարության նիստում հայտարարեց, որ թեև ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց, կրկին մեր չստորագրելու պատճառով, բայց ինքը դրական է համարում քննարկումը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել