Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը ուսումնամարզական և մարտական առաջադրանքներ իրականացնելիս օգտագործում են ՌԴ ԶՈՒ ԳՇ տեղագրական քարտեզներով սահմանված տեղանուններ։ Այս մասին ասված է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տարածած հաղորդագրությունում։
«Մագավուզ բնակավայրի անվանման վերաբերյալ Բաքվի քննադատությունը զարմանալի է, քանի որ ավելի վաղ և բազմիցս ՌԴ ՊՆ տեղեկագրերում օգտագործվել են նաև այլ ոչ ադրբեջանական տեղանուններ՝ Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյունների ուղեկցումը ԼՂ տարածքով ապահովելու համատեքստում։ Ավելին, շարասյուների շարժման երթուղին համակարգելիս և ռուս խաղաղապահների հետ փոխգործակցություն կազմակերպելիս ադրբեջանական կողմն օգտագործում է նաև այդ տեղանունները։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրերում հրապարակված հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրվում են խաղաղապահների դիտակետերում՝ օբյեկտիվ հսկողության տեխնիկայի օգտագործմամբ, որը թույլ է տալիս դիտորդություն իրականացնել օրվա ցանկացած ժամի:
Վատ չէր լինի, որ Ադրբեջանի ՊՆ-ն նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այլ սերտ համագործակցությամբ շարունակեր աշխատանքը տարածաշրջանում խաղաղության պահպանման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր՝ նոյեմբերի 25-ին, հաղորդագրություն է տարածել, որում դժգոհում է, որ ռուսական խաղաղապահ առաքելության հաղորդագրություններում գործածվում են Արցախի Հանրապետության հայկական տեղանունները, ինչպես նաև մեղադրել է ռուսական կողմին, թե վերջինս իր պաշտոնական հաղորդագրություններում չի նշում Արցախյան կողմից հրադադարի խախտումների մասին։
comment.count (0)