ՀԱՊԿ ԱԳ նախարարները անհամաձայնություն են հայտնել ԵԱՀԿ նախագահության որոշմանը, որով նախարարների նիստին ՌԴ ԱԳ նախարարի պատվիրակության մասնակցությունը անհնարին է դարձել
17:42 - 25 նոյեմբերի, 2022

ՀԱՊԿ ԱԳ նախարարները անհամաձայնություն են հայտնել ԵԱՀԿ նախագահության որոշմանը, որով նախարարների նիստին ՌԴ ԱԳ նախարարի պատվիրակության մասնակցությունը անհնարին է դարձել

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով իրենց անհամաձայնությունն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահության որոշմանը, որը անհնարին է դարձրել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի պատվիրակության մասնակցությունը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 29-րդ նիստին։

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներս, դրսևորելով համերաշխություն, մեր անհամաձայնությունն ենք հայտնում ԵԱՀԿ գործող նախագահության աննախադեպ որոշմանը, որն անհնարին դարձրեց Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակության մասնակցությունը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 29-րդ նիստին։ 

Մենք նշում ենք, որ նման գործողությունները խախտում են ԵԱՀԿ նորմերը, ընթացակարգը և նրա որոշումներ կայացնող մարմինների որոշումները, մասնավորապես՝ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի՝ Պորտոյի որոշումը (2002 թ.) գործող նախագահության դերի վերաբերյալ, ըստ որի՝ նա պարտավոր է թույլ չտալ, որ իր գործողությունները չհամապատասխանեն բոլոր մասնակից պետությունների կողմից համաձայնեցված դիրքորոշումներին, և ապահովել, որ հաշվի առնվի մասնակից պետությունների տեսակետների ողջ շրջանակը։

Հայտարարում ենք, որ, ոտնահարելով ռուսական պատվիրակության իրավունքները, Լեհաստանի նախագահությունը չի կատարել իր պարտավորությունները ԵԱՀԿ-ի հանդեպ, որը ներկայումս անվտանգության և համագործակցության առավել ներկայացուցչական համաեվրոպական կազմակերպությունն է։

Ընդունող երկրի ազգային օրենսդրության դրույթները և տարբեր ինտեգրացիոն միավորումների կանոնակարգերը ԵԱՀԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններից վեր դասելը կազմակերպության ոգուն անհամապատասխան ենք համարում։ Գործող նախագահության նման քայլերը վնասում են ԵԱՀԿ գործունեությանը։

Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում ԵԱՀԿ գործող նախագահության՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու հրավեր չուղարկելու որոշմանը, որով խախտվել է երկարամյա պրակտիկան։

Մենք ԵԱՀԿ գործող նախագահությանը կոչ ենք անում ապահովել ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունների՝ առանց բացառության, հավասար և ներառական ներկայացվածությունը, ինչպես նաև կոչ ենք անում ԵԱՀԿ ինստիտուտներում և կառույցներում ապագա նախագահություններին՝ կառուցողականորեն մոտենալ իրենց դերին, ապահովել իրենց մանդատների և կազմակերպության բոլոր անդամների մասնակցության պրակտիկան՝ ԵԱՀԿ բոլոր պետությունների երկխոսության և համագործակցության հասնելու համար»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը հայտարարել էր, որ ռուսական կողմին հրավեր է ուղարկել դեկտեմբերի 1-2-ը Լեհաստանի Լոձ քաղաքում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին, քանի որ դրանք ուղարկվել են ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների պատվիրակություններին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Լեհաստանի ԱԳՆ-ն մերժել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության մուտքը Լեհաստանի հանրապետություն։

ՌԴ ԱԳՆ-ից այս որոշումն անվանել են աննախադեպ ու սադրիչ։ ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ ռուսական պատվիրակությունը կգլխավորի ԵԱՀԿ-ում մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել