Հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովի շրջանակներում համագործակցության հուշագրեր են ստորագրվել
20:54 - 26 նոյեմբերի, 2022

Հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովի շրջանակներում համագործակցության հուշագրեր են ստորագրվել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ` ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են պետական և մասնավոր բժշկական կազմակերպություններ՝ ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն», ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։
 
«Շրջայցի ընթացքում հյուրերը ծանոթացել են կենտրոնների կարողություններին, հագեցվածությանն ու ծառայություններին: Ներկայացվել են վերջին տարիներին ինտենսիվ բարեփոխումների արդյունքում Հայաստանի բնակչության առողջության պահպանմանն ուղղված ծրագրերն ու առաջիկա անելիքները:
 
Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարները կարևորել են նմանատիպ հանդիպումները և ընդգծել ոլորտում գործակցությունն ամրապնդելու անհրաժեշտությունը:
 
Հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովի շրջանակներում այս 3 կենտրոնում ստորագրվել են համագործակցության հուշագրեր` ամրագրելով ուռուցքաբանության, սրտաբանության, վիրաբուժության ոլորտներում ակտիվ գործակցելու պատրաստակամությունը։
 
Մասնավորապես՝ ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» և ՌԴ «Ն.Ն.Պետրովի անվան ուռուցքաբանության ազգային գիտահետազոտական ինստիտուտի» միջև ստորագրված հուշագիրը նոր թափ կհաղորդի երկու երկրների առողջապահական կառույցների համագործակցությանը` հնարավորություն ընձեռելով վերապատրաստելու մասնագետներին, ձեռք բերելու նոր սարքավորումներ, ավելացնելու ծառայություններ, բուժման նոր՝ ժամանակակից մեթոդներ, համատեղ ջանքերով կատարելու բարդ և եզակի վիրահատություններ:
Պետական բազմապրոֆիլ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն ու ՌԴ «Վ.Ա.Ալմազովի» անվան ազգային բժշկական հետազոտական կենտրոնը գործակցության հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում են մասնագետների շարունակական վերապատրաստումներ, փորձի փոխանակում ու հանդիպումներ: Գործընկերությունը հատկապես նշանավորվելու է նյարդավիրաբույժների պատրաստման ու գործնական աջակցության առումով:
 
«Էրեբունի» բժշկական կենտրոնի և ՌԴ «Ակադեմիկոս Ե.Ի.Չազովի անվան Սրտաբանության գիտահետազոտական բժշկական ազգային կենտրոնի» միջև ստորագրված համագործակցության հուշագիրը սրտաբանության ոլորտի զարգացմանն է նպաստելու, կողմերը գործակցելու են ընդհանուր և ինտերվենցիոն սրտաբանության, ինչպես նաև առիթմոլոգիայի ուղղություններով:
 
Համագործակցության մեկ այլ հուշագիր էլ ստորագրվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի և ՌԴ «Վ.Ա.Վիշնևսկու անվան վիրաբուժության գիտահետազոտական ազգային բժշկական կենտրոնի» հետ: Հուշագրի համաձայն՝ կկազմակերպվեն այցեր վիրաբուժության ոլորտում փորձի փոխանակման և գիտագործնական գիտելիքների զարգացման նպատակով:
 
Անահիտ Ավանեսյանը և Միխայիլ Մուրաշկոն գոհունակություն են հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի առողջապահության ոլորտում շարունակական ու զարգացող հարաբերություններն ավելի քան տեսանելի դարձնելու փաստի առթիվ», - նշված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել