Ադրբեջանի ԱԳՆ–ն Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոք է հայտնել Սենատում ընդունված բանաձևի համար
 |armtimes.com|
09:55 - 02 դեկտեմբերի, 2022

Ադրբեջանի ԱԳՆ–ն Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոք է հայտնել Սենատում ընդունված բանաձևի համար |armtimes.com|

armtimes.com: Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, և նրան խիստ բողոք են հայտնել՝ կապված նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատում Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևի հետ։ 

Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը նշվել է, որ Ազգային ժողովի այս բանաձեւը, ինչպես և որոշ ժամանակ առաջ Սենատում ընդունված բանաձևը, Ֆրանսիայի հերթական սադրանքն է Ադրբեջանի դեմ։

«Միջազգային իրավունքին հակասող այս բանաձևի յուրաքանչյուր պնդմանը, որն արտացոլում է Ֆրանսիայի կողմնակալ և միակողմանի դիրքորոշումը մեր երկրի նկատմամբ, տրվել է ծանրակշիռ պատասխան։

Այս բանաձեւը, ինչպես Ֆրանսիայի կողմից ձեռնարկված մի շարք այլ քայլեր, փորձ է հարվածելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատման ջանքերին»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Ընդգծվել է, որ բանաձևի վերաբերյալ լսումներին Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ բանաձևի հետևում կանգնած է Ֆրանսիայի կառավարությունը, և որ «այդ երկիրը չի կարող արդար ու չեզոք միջնորդի դերում հանդես գալ»։

Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանը կտրականապես մերժում է բանաձևը և պահանջում է ֆրանսիական կողմից «զերծ մնալ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններից ու հայտարարություններից, ինչպես նաև չմիջամտել երկրի ներքին գործերին»։

Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանը նշել է, որ և՛ Սենատում որոշ ժամանակ առաջ ընդունված, և՛ Ազգային ժողովում ընդունված բանաձևը չեն արտացոլում Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը, և որ կառավարությունն աջակցում է կողմերի բանակցություններին։ 

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս մեկ հաղորդագրություն էր տարածել, որում նշել էին, թե Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևը ցույց է տալիս, որ պաշտոնական Փարիզն ի վիճակի չէ հանդես գալ որպես ոչ կանխակալ միջնորդ Բաքվի ու Երևանի միջև բանակցություններում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև, որով, ի թիվս այլ դրույթների, Ֆրանսիայի Ազգային ժողովը կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք, անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորության առաջարկ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել