Ադրբեջանցիները օգտակար հանածոների, իրենց պնդմամբ, ապօրինի շահագործման վերաբերյալ քննարկում են ունեցել ռուս խաղաղապահների հետ |azatutyun.am|
21:38 - 03 դեկտեմբերի, 2022

Ադրբեջանցիները օգտակար հանածոների, իրենց պնդմամբ, ապօրինի շահագործման վերաբերյալ քննարկում են ունեցել ռուս խաղաղապահների հետ |azatutyun.am|

azatutyun.am: Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ հանդիպած ադրբեջանական կողմը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում օգտակար հանածոների «ապօրինի շահագործման ու այդ գործունեության հետևանքների առնչությամբ»։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

Ըստ հաղորդագրության՝ կարևորել են տեղում մոնիթորինգի, գույքագրման և բնապահպանական ուսումնասիրության անհրաժեշտությունը։

Ադրբեջանի բնապահպանության նախարարության հաղորդմամբ՝ քննարկումների արդյունքում սկսվել է այդ աշխատանքների իրականացման համար ճանապարհային քարտեզի նախապատրաստումը։

Ո՛չ ռուսական խաղաղապահ զորակազմը, ո՛չ Ստեփանակերտը բանակցություններից մանրամասներ դեռ չեն հայտնել։

Բաքվի հաղորդմամբ՝ հանդիպումը կայացել է ռուս խաղաղապահների՝ Խոջալուի շտաբում, ադրբեջանցիներն արդեն վերադարձել են Շուշի։

Հիշեցնենք, որ այսօր Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ապա պաշտոնական Բաքուն տեղեկացրել է, որ մասնագետներ է ուղարկել «ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայր՝ հետաքննելու և վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ տարածքներում այդ գործունեության բնապահպանական հետևանքները»։

Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին, որ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք: 

Արցախի բնապահպանության կոմիտեն ևս հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի՝ ընդերքի մասին օրենսգրքով, և որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել