armenpress.am: Աղետի գոտում 2023 թվականից ոչ հիմնական շինությունները կապամոնտաժվեն, գործընթացն իրականացվելու է փուլային տարբերակով: 1988 թվականի երկրաշարժին հաջորդած տարիներին տեղադրվել և կառուցվել են բազմաթիվ ոչ հիմնական շինություններ և, չնայած տարբեր տարիներին ծրագրերի իրականացմանը, այս խնդիրը դեռ շարունակում է մնալ: Առկա է ոչ միայն որպես սոցիալական խնդիր՝ ընտանիքների սուղ բնակարանային պայմաններով, այլ նաև որպես քաղաքաշինական խնդիր: Տարածքները հագեցած են քաղաքաշինական առումով անհարիր շինություններով՝ կյանքի համար վտանգավոր, բնակության համար ոչ մի նորմերի չհամապատասխանող:
Մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ հաշվառվել է 7200 ոչ հիմնական շինություն: Մինչև 2023 թվականի փետրվարի 10-ը համայնքները պետք է դրանք ներկայացնեն դասակարգված տարբերակով: Ըստ խմբերի էլ՝ կսահմանվեն աջակցության ուղիները:
«Խմբերը տարբեր են: Դրանցից մեկն այն խումբն է, որ բնակարանային աջակցության պետական ծրագրի շահառու է դարձել, սակայն ինչ-ինչ պատճառներով չի իրացրել իր իրավունքը: Այս խմբի ընտանիքներին տրամադրվելու է բնակարանային գնման վկայագիր: Հաջորդ խումբը, որին նույնպես նախատեսված է տրամադրվել բնակարանային գնման վկայագիր, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածներն են, որոնք ժամկետներ են բաց թողել աջակցություն ստանալու համար»,-ասաց Տանյա Արզումանյանը:
Կան ընտանիքներ, որոնք թեև ունեն սեփականություն, սակայն երկրաշարժի հետևանքով իրենց տները դարձրել են քանդման ենթակա: Մասնագիտական կազմակերպության կողմից համապատասխան եզրակացություն տրամադրելու դեպքում այս ընտանիքները ևս կստանան բնակարանների գնման վկայագիր:
Աջակցության հաջորդ տեսակը մեկ սենյակի չափով ֆինանսական աջակցության տրամադրումն է: Խոսքն այն ընտանիքների մասին է, որոնց կառավարությունը հնարավորություն է տվել չքանդել տնակը, քանի որ բնակարանային աջակցությունը կորցրածի չափով է, իսկ այս տարիների ընթացքում ընտանիքները դարձել են բազմանդամ:
«Հաջորդ աջակցության ձևը վարձակալության համար գումար տրամադրելն է՝ մեկ տարվա կտրվածքով: Խոսքն այն ընտանիքների մասին է, որոնք նախորդ տարիներին ստացել են աջակցություն, սակայն կամ հասցեական չեն օգտագործել, կամ ստացված բնակարանը օտարել են: Նրանց կտրվի վարձակալության գումար մեկ տարվա համար, որպեսզի հետո ազատեն տնակը»,-ասաց Տանյա Արզումանյանը:
Հաջորդն այն ընտանիքներն են, որոնք տարբեր պատճառներով անօթևանի կարգավիճակում են հայտնվել: Նրանց համար կնախատեսվի սոցիալական բնակարանային ֆոնդ:
Աշխատանքները սկսվելու են 2023 թվականից և ծրագրով նախատեսված վերջնաժամկետը՝ 2027 թվականի տարեվերջն է:
comment.count (0)