Մհեր Արղամանյանն ինքնաբացարկ է հայտնել Բորիս Բախշիյանի գործով

 |factor.am|
17:21 - 07 դեկտեմբերի, 2022

Մհեր Արղամանյանն ինքնաբացարկ է հայտնել Բորիս Բախշիյանի գործով |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանն ինքնաբացարկ է հայտնել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի գործով, տեղեկությունը հաստատեցին Վերաքննիչ դատարանից։

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանին արդարացնելու դեմ բողոքի գործը Վերաքննիչ դատարանում մակագրվել է դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին, իսկ դատարանի կազմի դատավորներից մեկը Մհեր Արղամայանն էր։  Վերջինս դատավոր Դավիթ Արղամանյանի հայրն է, իսկ Դավիթ Արղամանյանն այն անձն է, որը նախաքննության ընթացքում կայացրել է Բորիս Բախշիյանին կալանավորելու որոշումը։

Երբ Դավիթ Արղամանյանը քննում էր Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը, դատարանի դիմաց բողոքի ակցիաներ էին իրականացվում։ Քաղաքացիները համոզմունք էին հայտնում, որ դատավոր Բախշիյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական դրդապատճառներով է սկսվել՝ ոչ իշխանահաճո որոշումներ կայացնելու համար։ Նրանք ընդգծում էին, որ Դավիթ Արղամանյանը ակտիվորեն մասնակցել է 2018 թվականին իշխանափոխության պահանջով սկսված բողոքի ակցիաներին, ավելին՝ երթերի ժամանակ առջևում թմբուկ զարկողներից է եղել, և չի կարող այժմ անաչառորեն քննել դատավոր Բախշիյանի վերաբեյալ գործը։

Բացի այդ՝ Բորիս Բախշիյանը Դավիթ Արղամանյանի կայացրած որոշման հետևանքով կալանավորվելուց հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Արղամանյանի վերաբերյալ՝ հայտնելով, որ դատավորն իրեն ակնհայտ ապօրինի է կալանավորել, և այժմ, փաստորեն, Մհեր Արղամանյանը պետք է քններ  մի անձի վերաբերյալ գործ, որը որդու դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում դեռևա տեղադրված չէ Արղամանյանի՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ որոշումն, ուստի դրա հիմնավորումները մեզ հայտնի չեն, , սակայն, հաշվի առնելով, որ նա ինքնաբացարկ է հայտնել, կարող ենք եզրակացնել, որ դատավորը համարել է, որ չի կարող անկողմնակալ դիտորդի մոտ լինել  անաչառ դատարան կամ երևալ այդպիսին։

Հիշեցնենք, որ դատավոր Բախշիյանը մեղադրվում էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին՝ Նվեր Մկրտչյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ։ Մկրտչյանը չի ներկայացել այս գործով նշանակված դատական նիստերից մեկին՝ թեև պատշաճ ծանուցված է եղել։ Նրա պաշտպան Յուրա Ավայանը դատարանին հայտնել է, թե անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չի կարող, իսկ Մկրտչյանը դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ իր պաշտպանը չի ներկայանալու, ինքն էլ չի ցանկանում առանց նրա ներկայանալ։

Նիստին ներկայանալն ամբաստանյալի պարտականությունն է, ուստի՝ դատավոր Բախշիյանը որոշել է Մկրտչյանի նկատմամբ ավելի խիստ խափանման միջոց կիրառել ու նրան կալանավորել։ Դատարանի այս որոշումը Դատախազությունը համարել է ակնհայտ ապօրինի, որի համար քրեական հետապնդում է սկսվել Բախշիյանի նկատմամբ։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Լուսինե Սեփխանյանի, քննելով Բախշիյանի վերաբերյալ գործը, սեպտեմբերի 28-ին որոշել է նրան արդարացնել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ինչի հետ Դատախազությունը համաձայն չէ։

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել