Ըստ գնդապետ Արթուր Քարամյանի՝ Խուռհատ սարում օպերացիայի ձախողման համար մեղավոր են բոլոր հրամանատարները
22:28 - 09 դեկտեմբերի, 2022

Ըստ գնդապետ Արթուր Քարամյանի՝ Խուռհատ սարում օպերացիայի ձախողման համար մեղավոր են բոլոր հրամանատարները

2020 թ․ հոկտեմբեր ամսին Հադրութի հարակից Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների, դրան նախորդած եւ հաջորդած իրադարձությունների մասին դատարանում երեկ շուրջ հինգ ժամ հարցաքննվեց Ջրականի զորամասի նախկին հրամանատար, ներկայում Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Քարամյանը։

Վերջինիս հարցաքննությունն անցավ անհանգիստ մթնոլորտում, քանի որ նրա ցուցմունքը տարբեր դրվագներով հակասում էր նախկինում հարցաքննված տարբեր սպաների ցուցմունքներին։ Քարամյանը որոշ դետալներ դժվարացավ կոնկրետացնել, բացատրեց՝ հիշողության որոշակի կորուստ ունի։

Հարցաքննության սկզբում նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը վկային նախազգուշացրեց սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, ինչպես նաեւ տեղեկացրեց, որ նա իրավունք ունի ցուցմունք չտալ իր, իր ամուսնու (կնոջ) եւ մերձավոր ազգականի դեմ։ 

Վկան հայտնեց, որ ճանաչում է մեղադրյալ Իշխան Վահանյանին, նրա հետ ունի ծառայողական նորմալ հարաբերություններ։

Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է մարտի դաշտն ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Ըստ մեղադրանքի՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին աջ ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով՝ նա վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով՝ անձնակազմին թողել եւ հեռացել: Առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Արթուր Քարամյանի խոսքով՝ Ջալալ Հարությունյանն իրեն բանավոր հրամանով ազատել է ուսումնական գումարտակի ղեկավարման պարտականությունից

Ըստ վկա Արթուր Քարամյանի ցուցմունքի՝ հոկտեմբերի 5-ին ինքը հեռախոսային կապով Պաշտպանության բանակի՝ այդ ժամանակվա հրամանատար Ջալալ Հարությունյանից բանավոր հրաման է ստացել հիշյալ զորամասի հրամանատարի պաշտոնը ստանձնելու մասին։ Նախքան դա նա եղել է նույն զորամասի հրամանատար Արտյոմ Պողոսյանի՝ առաջնագծի հարցերով տեղակալը։ Դրանից հետո՝ հոկտեմբերի 7-8-ի մոտակայքում, Հադրութի դպրոցում հանդիպել է ուսումնական գումարտակի անձնակազմին եւ արձանագրել, որ վերջինս բարոյահոգեբանական վատ վիճակում է, մարտական առաջադրանքներ կատարելուն՝ անպատրաստ, ինչի մասին զեկուցել է դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին։ Վերջինս էլ, ըստ Քարամյանի, իրեն ասել է՝ ունեցած անձնակազմը սա է, այս ձեւով ենք կարող անցնել պաշտպանության։ Նշենք, սակայն, որ Առստամյանը հարցաքննության ժամանակ դատարանում հայտարարել էր, որ չի եղել զեկույց, թե անձնակազմն անպատրաստ է, մասնավոր դեպքեր են եղել միայն՝ կապված հիվանդների, վիրավորների հետ։

– Զենքին չտիրապետող, բարոյալքված, կոտրված զինվորներին ռազմաճակատ տանելը դավաճանությո՞ւն է թե՞ ոչ,– հարցրեց ծնողներից մեկը։

– Որոշումը ընդունվել է այն կարգավիճակից, որ այլ անձնակազմ չկա։

– Բա որ իմ տղան երդում տված չի եղել, ի՞նչ իրավունքով եք տարել ռազմաճակատ։

Դատավորը վերաձեւակերպեց հարցը․

– Եթե նորակոչիկ են եղել, դուք իրավունք ունեցե՞լ եք մարտական հերթապահության եւ ռազմական գործողությունների ներգրավել այն բանից հետո, երբ ինքներդ էլ ասում եք, որ բարոյալքված վիճակում էին։

– Ոչ, չպետք է կատարվեր, բայց ուրիշ ձեւ չի եղել։

Արթուր Քարամյանի խոսքով՝ հոկտեմբերի 8-9-ին հենց Կարեն Առստամյանն է իրեն հրամայել Խուռհատ սարի տարածքում տեղազննում իրականացնել եւ դպրոցում եղած անձնակազմին տեղակայել այնտեղ, ինչը արվել է։

Այդ ժամանակ, սակայն, ըստ վկայի՝ ինքն ազատված էր ուսումնական գումարտակի ղեկավարման պարտականությունից, քանի որ հիշյալ հեռախոսազրույցի ժամանակ Ջալալ Հարությունյանն իրեն հրամայել էր զբաղվել միայն 1-ին եւ 4-րդ գումարտակներով՝ տեղեկացնելով, որ մյուս գումարտակների, այդ թվում՝ 5-րդ ուսումնական գումարտակի ղեկավարումը կիրականացվի դիվիզիայի հրամանատարի՝ Կարեն Առստամյանի միջոցով։ Հարցին՝ Առստամյանն իմացե՞լ է այդ մասին, վկան դրական պատասխանեց՝ նշելով, որ ինքը հայտնել է նրան, սակայն Առստամյանն իրեն է կանչել՝ տեղազննման, ըստ ամենայնի, հաշվի առնելով, որ ինքը հադրութեցի է, տեղանքին՝ լիարժեք ծանոթ։

Արթուր Քարամյանը Ջալալ Հարությունյանի այդ հրամանով պայմանավորեց այն հանգամանքը, որ ուսումնական գումարտակի վերաբերյալ բավարար տեղեկացված չի եղել, մշտական կապ նրանց հետ չի պահել։ Դատավոր Ջոն Հայրապետյանի հարցին՝ անկախ հրամանից, ընդհանրապես օրինակա՞ն է, որ նա, լինելով մի պաշտոնի, իր լիազորությունների մի մասը չկատարի (այսինքն՝ չզբաղվի մյուս գումարտակներով), վկան բացասական պատասխան տվեց։ Հարցին՝ ո՞վ է այդ հրամանի ժամանակ իր կողքին եղել, որ կարող է հաստատել այս խոսքերը, վկան պատասխանեց, որ կապը չլսվող էր․

– Ձեր կարծիքով՝ այդ հրամանը արձանագրվե՞լ է,– հարցրեց դատավորը։

– Երեւի թե՝ ոչ։

– Ինչո՞ւ եք այդպես ասում։

– Եսիմ, դե, էդ ժամանակ ի՞նչն էր արձանագրվում,– պատասխանեց վկան։

Արթուր Քարամյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կային

Շարունակելով իր ցուցմունքը՝ վկան պատմեց, որ Խուռհատ սարի հարձակման ժամանակ Իշխան Վահանյանն իրեն երկու անգամ հեռախոսով զանգել է։ Մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը հայտարարեց, որ քրեական գործով ձեռք են բերվել թե՛ Քարամյանին, թե՛ Վահանյանին պատկանող հեռախոսահամարների՝ հոկտեմբերի 9-ի եւ 10-ի վերծանումները, ըստ որոնց՝ նրանց միջեւ զանգեր տեղի չեն ունեցել․ «Ուրեմն՝ սխալվում եմ, ռադիոկապով»,– ասաց վկան։

Ըստ նրա՝ առաջին զրույցի ժամանակ Վահանյանն ասել է, որ հակառակորդը հարձակվել է իրենց բնագծի վրա, պահել չեն կարողանում, անձնակազմն էլ արդեն ղեկավարել հնարավոր չէ, ինչին ի պատասխան՝ ինքն առաջարկել է անձնակազմին հավաքել մի տեղ, որպեսզի հասկանան՝ ինչ են անելու։ Երկրորդ զրույցի ժամանակ, ըստ վկայի, Վահանյանն ասել է, որ արդեն բնագծերից դուրս են եկել․ «Եթե չեմ սխալվում, ասաց՝ արդեն Հադրութ բնակավայրում ենք»,– հայտնեց վկան։

– Դուք ե՞րբ եք տեղեկացել, որ հակառակորդը գտնվում է Հադրութում,– հարցրեց հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը։

– Այդ օրը՝ երեկոյան։

– Վահանյանի հետ զրուցելու ժամանակ չե՞ք իմացել։

– Ոչ, դեռ նոր էր հարձակումը սկսվել, կեսօրին եմ խոսել իր հետ։

– Այդ ժամանակ Վահանյանը հայտնե՞լ է, որ անձնակազմի հետ չի գտնվում,– հարցրեց Գեւորգ Ավետիսյանը։

– Ոչ,– պատասխանեց վկան։

– Իսկ իր հեռանալու կամ վիրավորում ստանալու մասին հայտնե՞լ է։

– Ոչ, վիրավորվելու մասին խոսք չի եղել,– պատասխանեց վկան՝ նշելով, որ այդ մասին ինքը հետագայում զինծառայողներից է լսել։

Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը

Ավելի ուշ հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի՝ 2021 թ․ փետրվարի 18-ին տրված նախաքննական ցուցմունքը, քանի որ դրանում եւ դատարանում տրված ցուցմունքում առկա էին էական հակասություններ։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Նախաքննական ցուցմունքի հրապարակումից պարզ դարձավ, որ քննիչի մոտ հարցաքննվելիս վկան նշել է, որ Վահանյանն իրեն հայտնել է վիրավորման մասին, եւ ինքն էլ Վահանյանին է տեղեկացրել Հադրութում հակառակորդի՝ մեծ քանակությամբ ուժերի առկայության մասին՝ հորդորելով այդ ուղղությամբ չգնալ։ Ցուցմունքի հրապարակումից հետո վկան նախ ասաց, որ չի հիշում, ապա նշեց՝ ասել է նման բան, բայց հետո պարզվել է, որ այդ ժամանակ հակառակորդը դեռ Հադրութում չի եղել, այլ՝ վերեւի գյուղում։ Ըստ նույն նախաքննական ցուցմունքի՝ Վահանյանը, գտնվելով խուճապահար վիճակում, Քարամյանին հայտնել է, որ իրենք զոհեր ու վիրավորներ ունեն, զորքը փախչում է, ինքն էլ ուզում է հեռանալ, Քարամյանն էլ, ըստ իր ցուցմունքի, հորդորել է չհեռանալ, զորքին հավաքել մի տեղ, փորձել թաքնվել՝ խոստանալով հետո դուրս գալու հստակ ճանապարհներ ցույց տալ․

– Այսինքն՝ հրամայել եք նրան մնա՞լ՝ անգամ վիրավոր լինելով։

– Դե, ասել է, որ ոտքի վրա է, ծանր չէր երեւի։

Մեղադրողը տեղեկացրեց, որ ըստ նշանակված փորձաքննության՝ Վահանյանի վիրավորումը եղել է թեթեւ աստիճանի․

– Այդ պայմաններում սպան ի՞նչ վարքագիծ պետք է դրսեւորեր։

– Տեղում վիրակապեր, շարունակեր մարտը,– պատասխանեց վկան՝ նշելով, որ եթե վիրավորումն այնպիսին է, որ սպան ի վիճակի չէ, ապա պետք է պարտականությունների կատարումը պաշտոնապես փոխանցի այլ սպայի, իսկ տվյալ դեպքում նման բան իրեն հայտնի չէ։

– Իսկ նահանջը պատշա՞ճ կերպով է իրականացվել։

– Ոչ,– պատասխանեց վկան։

Քարամյանի ցուցմունքի որոշ դրվագներ հակասում էին նաեւ այլ սպաների ցուցմունքներին

Գնդապետի խոսքով՝ հիշյալ զրույցներից հետո արդեն Վահանյանի հետ կապը կորել է։ Հարցին՝ եթե ինքն ազատված էր 5-րդ գումարտակի ղեկավարման պարտականությունից, ինչո՞ւ էր Վահանյանն իր հետ կապվել, վկան դժվարացավ հստակ պատասխան տալ։

Նրա խոսքով՝ դրանից հետո նահանջի ընթացքում մեկ անգամ էլ խոսել է սարում գտնվող սպա Հայկազ Գրիգորյանի հետ, սակայն Գրիգորյանը դատարանում ցուցմունք տալիս հայտնել էր, որ վերադաս հրամանատարության հետ կապվելու հնարավորություն չի ունեցել։ 

Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը

– Ե՞րբ եք տեղեկացել, որ մնացած սպաներն են ղեկավարումն իրականացնում։

– Չեմ տեղեկացել, մի անգամ Նելսոն Հակոբջանյանն է կապվել, ասել է՝ արդեն նռնակ է նետում հակառակորդը, երեւի էդ ժամանակ էլ նա զոհվել է, որովհետեւ դրանից հետո հակառակորդը նրա ռադիոկայանով դուրս եկավ կապի։

– Նահանջների հետ կապված ինչ տեղեկություն ունեցել եք, զեկուցել ե՞ք Առստամյանին,– հարցրեց տուժողների իրավահաջորդ Գուրգեն Գրիգորյանը։

– Այո։

– Նա ցուցմունք է տվել, որ չի տիրապետել իրավիճակին, քանի որ զորամասի հրամանատարներն իրեն չեն զեկուցել։

– Բոլոր զեկույցներն էլ եղել են,– պնդեց վկան։

– Կապի բացակայության մասին զեկուցե՞լ եք։

– Այո։

–  Առստամյանն ասում է՝ չեն զեկուցել, սո՞ւտ է խոսում։

– Չգիտեմ, ես զեկուցել եմ։

Գրիգորյանը նաեւ հետաքրքրվեց, թե նախքան սարը գնալը գումարտակի հագեցվածությունը, կապի միջոցների լիցքավորման առկայությունը ճշտե՞լ է, ինչին ի պատասխան՝ վկան ասաց՝ լիցքավորումը՝ ոչ, հագեցվածությունը՝ այո․ բահեր, անգամ տրակտոր են ուղարկել սարը՝ ինժեներական աշխատանքների։ Մինչդեռ նախորդ դատական նիստին սպա Արսեն Ղարիբյանը հայտնել էր, որ ինժեներական աշխատանք, որպես այդպիսին, չի կատարվել, չէր էլ կարող կատարվել, որովհետեւ գործիքներ չկային։

Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը

– Երբ օպերացիան ձախողվեց, Կարեն Առստամյանը Ձեզ ի՞նչ հրաման տվեց,– հարցրեց նախագահող դատավորը։

– էդ տեղանքի հետ կապված՝ ոչ մի։

– Չի՞ հայտնել, որ սարը գրավել են, զորքը իջել, ցաքուցրիվ է եղել։

– Ոչ։

– Բա ո՞վ է հոգացել այդ զորքի մասին։

Դատավորի այս հարցին երկարատեւ լռություն հաջորդեց։

– Դատավարության մասնակիցների մոտ այն տպավորությունն է, որ ամեն պաշտոնատար անձ փորձում է իր պարտականությունների ենթադրյալ չկատարումը շրջանցել՝ հղում տալով մյուսներին։ Դուք միջին օղակ եք, ձեր օղակից ներքե՞ւ է խնդիրը եղել թե՞ վերեւ,– հարցերց դատավորը։

– Հաշվի չառնելով հակառակորդի գերակա ուժերը՝ հրամանատարներինը՝ ամեն մեկինն իր մասով,– պատասխանեց վկան՝ հետագայում հավելելով, որ եթե հարվածային ԱԹՍ–ները չլինեին, խնդիրը գուցե կատարվեր։ 

– Իսկ որ կոնկրետ վերլուծում եք, սարի դեպքերում ո՞վ է խնդիր ստեղծել, ո՞վ է եղել թույլ օղակը, որի պատճառով ամբողջ օպերացիան ձախողվել է։

– Մեկին չեմ կարող նշել, բոլորը,– պատասխանեց վկան։

– Վերջիվերջո, Դուք սարի օպերացիայի ձախողման համար ո՞ւմ եք մեղավոր համարում որպես գնդի հրամանատար, չէ՞ որ դա, ըստ էության, նաեւ Ձեր օպերացիան է եղել։

– Ինձ, ես եմ հրամանատարը։

–Բայց չէ՞ որ Դուք հեռացված էիք այդ գումարտակի ղեկավարումից։

– Իրենք իրենց մասով պիտի պատասխանեն․․․

Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները

Պատասխանելով տուժողների իրավահաջորդների հարցերին՝ Արթուր Քարամյանը հայտնեց, որ 1-2 օր անց, այսինքն՝ հոկտեմբերի 11-12-ին սպա Գարիկ Վարդերեսյանից է տեղեկացել, որ անտառում շրջափակման մեջ մնացած զինվորներ կան։ Թե քանիսը, վկան չգիտեր։ Տուժողի իրավահաջորդներից Հրանտ Հարությունյանը հարցրեց՝ փորձե՞լ է կապվել նրանց հետ, ինչին վկան պատասխանեց, որ անգամ խոսել է զինծառայողներից մեկի հետ, ասել, որ եթե համարձակվեն դուրս գալ, ինքը ուղղությունը կբացատրի, սակայն այդ մեկ զանգից հետո նրանց հետ կապը կորել է։ Վկայի այս պատասխանը զարմացրեց դահլիճում գտնվող ծնողներին․ ըստ նրանց՝ ծնողները մինչ հոկտեմբերի 17-ը կապի մեջ են եղել նրանց հետ։

– Որ էրեխեքը չկարողացան դուրս գալ, դուք ինչո՞ւ չգնացիք էրեխեքի մոտ,- հարցրեց տուժողի իրավահաջորդներից մեկը։

– Դրանից հետո ես առաջնագծում եմ եղել, այդ պատճառով,– պատասխան Քարամյանը՝ պնդելով, որ շրջափակման մեջ մնացածների մասին եւս նույն օրը Առստամյանին տեղեկացրել է։ Կարեն Առստամյանը, սակայն, դատարանում հայտարարել էր, որ ինքն այդ մասին միայն հոկտեմբերի 16-ին կամ 17-ին է իմացել։

Վկայի հարցաքննությունից հետո նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը որոշեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել մինչ այս դատակոչված եւ չներկայացած վկաներից Խաչատուր Անախասյանին, Վարուժան Մարգարյանին, Դմիտրի Սարգսյանին, Արմեն Երիցյանին, Արազ Խաչատրյանին, Սամվել Ղուկասյանին, Լեւոն Հայրապետյանին եւ Սերգեյ Առաքելյանին։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 19-ին։

 

Միլենա Խաչիկյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել