Ըստ վկայի՝ սպաներն առանց ռադիոկապի են մեկնել Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի
23:45 - 30 նոյեմբերի, 2022

Ըստ վկայի՝ սպաներն առանց ռադիոկապի են մեկնել Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի

#Կարճ_ասած

  • Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ  իշխանության անգործության եւ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը, որի ժամանակ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին շարքային Ռոման Դոլինյանը եւ սպա Արսեն Ղարիբյանը։ Վերջինիս հարցաքննությունն անցավ լարված մթնոլորտում։
  • Ղարիբյանը հայտարարեց, որ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին՝ Հադրութի հարակից Խուռհատ սարը բարձրանալիս, Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտերի եւ դասակների հրամանատարներն իրենց մոտ ռադիոկապ չեն ունեցել․ մինչեւ սարը բարձրանալը տվել են՝ լիցքավորման դնելու եւ այլեւս հետ չեն ստացել, քանի որ այն հատվածը, որտեղ գտնվել են մարտկոցները, հրետակոծության է ենթարկվել։
  • Նա նաեւ պատմեց, թե ըստ իր տեղեկությունների՝ ինչպես է ստացվել, որ նահանջի ժամանակ մի խումբ զինծառայողներ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ բաժանվել են անձնակազմից, ինչի հետեւանքով սխալ ուղղությամբ են գնացել եւ զոհվել։ Այնուհանդերձ, նրա ցուցմունքներում որոշ հակասություններ եղան, եւ հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը։

#Մանրամասն

2020 թ․ հոկտեմբերի 10-ին՝ Հադրութի հարակից Խուռհատ սարը բարձրանալիս, Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտերի եւ դասակների հրամանատարներն իրենց մոտ ռադիոկապ չեն ունեցել, կապի միակ միջոցը եղել է գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի մոտ, որը, հիշեցնենք, ըստ մեղադրանքի, մարտի դաշտը ինքնակամ լքելիս այն իր հետ տարել է։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում նման ցուցմունք երեկ տվեց պատերազմի ժամանակ հիշյալ գումարտակի ականանետային մարտկոցի հրամանատար, ավագ լեյտենանտ, ներկայում կապիտան Արսեն Ղարիբյանը։ Վերջինս հայտնեց, որ Վահանյանի հետ ունի միայն ծառայողական փոխհարաբերություններ։

Ղարիբյանի հարցաքննությունն անցավ լարված մթնոլորտում, ինչի պատճառով նիստը պարբերաբար ընդմիջվեց՝ ձգվելով մինչեւ ուշ երեկո։ 

Վկա Արսեն Ղարիբյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կային

Նախքան Խուռհատ սարի իրադարձություններից խոսելը վկա Արսեն Ղարիբյանը անդրադարձավ Նյուզգար կոչվող տեղամասում տեղի ունեցած դեպքերին։ Ըստ նրա՝ պատերազմը սկսելուց օրեր անց՝ հոկտեմբերի 30-ին, իր ականանետային մարտկոցի միջոցները ոչնչացվել են, ինչի մասին ինքը զեկուցել է, բայց օգնություն այդպես էլ չի ստացել, այդ իսկ պատճառով իր անձնակազմով մեկնել է հրամանատարական դիտակետ՝ գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Գարիկ Վարդերեսյանի տված խնդիրները կատարելու։ 

Լուսանկարում՝ վկա Արսեն Ղարիբյանը

Մեկնելուց օրեր անց՝ հոկտեմբերի 2-ին, Նյուզգարում հարձակում է եղել, հայկական ստորաբաժանումները զոհեր եւ վիրավորներ են ունեցել։ Լուրն իմանալուց հետո, ըստ վկայի, գումարտակի հրամանատարը կապվել է գնդի հրամանատարի հետ, մեքենա է ուզել զոհերին եւ վիրավորներին տեղափոխելու համար, իսկ երբ մարտերը որոշ չափով թուլացել էին, ինքը, Վարդերեսյանը, նրա վարոդը եւ վարորդի հայրը միասին գնացել են այն վայրը, որտեղ արդեն հավաքված են եղել վիրավորները։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը տեղեկացրեց՝ քրեական գործում տվյալներ կան, որ գումարտակի հրամանատարի հրամանով շտապօգնության մեքենայով վիրավորներին օգնություն ցուցաբերելու է մեկնել այդ պահին շտաբի պետ Իշխան Վահանյանը, եւ խնդրեց հայտնել՝ հրամանատարական կետում գտնվելով՝ վկան իմացե՞լ է այդ մասին։ Վերջինս բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ մշտապես այնտեղ չի եղել, գնացել–եկել է, վաշտերին սնունդ բաժանել։ Հարցին՝ հետագայո՞ւմ էլ իրեն չեն հասել տեղեկություններ այդ մասին, վկան բացասական պատասխան տվեց։ Մեղադրող դատախազը հայտարարեց, որ վկայի ցուցմունքում էական հակասություններ կան, եւ դատավոր Ջոն Հայրապետյանի թույլտվությամբ հրապարակեց նույն դրվագի վերաբերյալ նրա՝ նախաքննության փուլում՝ 2021 թ․ հուլիսի 8-ին տված ցուցմունքը։ Ըստ այդ ցուցմունքի՝ վկան տեղեկացել է, որ Վահանյանը շտապօգնության մեքենայով իբրեւ վիրավորներ հանելու պատճառաբանությամբ լքել է մարտադաշտը։ Սա լսելով՝ վկան ասաց, որ այդ ժամանակ ավելի լավ է հիշել, եթե ասել է, ուրեմն՝ դա համապատասխանում է իրականությանը։

Շարունակելով ընթերցել նախաքննական ցուցմունքը՝ մեղադրող Գեւորգ Ավետիսյանն ասաց, որ վկան հայտնել է նաեւ, որ հետագայում դասակի հրամատարներից Արթուր Դանիելյանից (որը վիրավոր գտնվել է Նյուզգարում) տեղեկացել է, որ Վահանյանը մոտեցել է գյուղին, սակայն չի մտել գյուղ, այլ մոտակայքից ձեւականորեն վերցրել է 2-3 վիրավոր եւ հեռացել։ Այդ ժամանակ Ղարիբյանը ասել է նաեւ, որ Վահանյանը տեղյակ է եղել Դանիելյանի վիրավորումից, սակայն նրան օգնություն չի ցուցաբերել։ Այս ցուցմունքը եւս վկան դատարանում պնդեց։

Վկայի խոսքով՝ կապի խնդիր դեռ հոկտեմբերի 6-ից է եղել

Այդ դեպքերից հետո, ըստ վկայի, հոկտեմբերի 4-ին գումարտակի հրամանատար Գարիկ Վարդերեսյանի հրամանով ավելի նպաստավոր շրջան են զբաղեցրել Թոզարանի ուղղությամբ։ Հարցին՝ Վարդերեսյանը վերադաս հրամանատարությանը զեկուցե՞լ է կամ թույլտվություն ունեցե՞լ է, վկան դժվարացավ հստակ պատասխանել՝ ասելով, որ իր կարծիքով՝ ինքնուրույն նման որոշում չէր կայացնի։ Նշենք, որ ըստ դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի ցուցմունքի՝ Վարդերեսյանը գումարտակի հրամանատարի պաշտոնից օրեր անց ազատվել է առանց թույլտվության, անփույթ նահանջների պատճառով։ Մինչդեռ փոխգնդապետ Ռյուրիկ Սեմյոնովը ցուցմունք է տվել այն մասին, որ Վարդերեսյանի այդ որոշումը գուցե ճիշտ է եղել, որովհետեւ նորակոչիկների անձնակազմն անպատրաստ էր, զինվոր կար՝ մի անգամ կրակած չկար։

Նահանջելուց հետո զբաղեցրած նոր բնագծում մնացել են 2 օր՝ մինչ հոկտեմբերի 6-ը, երբ նորից հարձակում է եղել եւ չեն կարողացել դիրքը պահել։ Այդ ժամանակ, ըստ վկայի, նահանջի կոնկրետ հրաման չի եղել․ երբ վիրավորները շատացել են, սպա Հովհաննես Նազարյանը եւս վիրավորվել է, հարկադրված են եղել նահանջել․

– Երբ նահանջեցիք, պարտավոր չէի՞ք զեկուցել վերադաս հրամանատարությանը,– հարցրեց դատախազը։

– Պարտավոր էինք, բայց միջոց չկար զեկուցելու, զարյադկաները նստած են եղել, հեռախոսով էլ կապ չէր բռնում։

– Վիրավորում ստացած սպան կապի միջոց չունե՞ր։

– Կապ տվեց, որ շտապօգնության մեքենան գա, դրանից հետո էլ կապի միջոց չմնաց,– պատասխանեց վկան։

Տուժողների իրավահաջորդ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ եթե իրենք հստակ իմացել են, որ շտապօգնությունը գալիս է, եւ սպան տեղափոխվելու է հոսպիտալ, ինչո՞ւ նրա ռադիոկապը չի վերցրել՝ հաշվի առնելով, որ ինքն է միակ սպան, որ մնում է այդ անձնակազմի հետ։ Վկան դժվարացավ հստակ պատասխանել, ասաց՝ գուցե սխալվել է, լավ կլիներ, որ վերցներ, բայց իրավիճակն այնպիսին է եղել, որ չի արել։ Կարեւորը, ըստ նրա, այն էր, որ դրանից մեկ–մեկ ու կես ժամ անց այդտեղից դուրս են եկել։  Քիչ անց, երբ Գրիգորյանը հարցրեց՝ արդյո՞ք նման պարտավորություն չուներ,  վկան պատասխանեց, որ պարտավոր չէր ուրիշ վաշտի ունեցվածքը վերցնել, իր անձնակազմը նրանց էր միացել օգնություն ցուցաբերելու համար․

Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը

– Կանոնակարգով սահմանված է, որ եթե սպան դուրս եկավ, Դուք հրամանատարությունը ընդունեցիք, անհրաժեշտ միջոցները պետք է լինեն Ձեզ մոտ, ինչո՞ւ չեք արել,– հարցրեց փաստաբան Գուրգեն Գրիգորյանը։

– Ես հրամանատարությունը ոչ մեկից չեմ ընդունել, Նազարյանը իմ հրամանատարը չի եղել, իր ռացիան էլ, չգիտեմ, երեւի հետը տարել է։

– Հրամանատար չկա, բարձր սպան տեղում Դուք եք։

– Ես իմ ստորաբաժանումն եմ պարտավոր ղեկավարել։

– Մնացածին պարտավոր չե՞ք։

– Ուրիշ ստորաբաժանումներին ղեկավարել պարտավոր չեմ։

Վկայի այս պատասխանը վրդովեցրեց փաստաբանին, որը դատարանից եւ դատախազից պահանջեց այս հայտարարությունների հիման վրա նրա նկատմամբ եւս քրեական հետապնդում սկսել՝ չսպասելով իր կողմից հաղորդում ներկայացնելու։ Հիշեցնենք՝ մի քանի սպաների հարցաքննությունից հետո զոհված զինծառայողների ծնողները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, ինչի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել պատերազմի ժամանակ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելուն եւ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով։

Արսեն Ղարիբյանի խոսքով՝ սպաների ռադիոկապերի մարտկոցները ուղարկել են լիցքավորման եւ այդպես էլ հետ չեն ստացել

Հոկտեմբերի 6-ի հիշյալ նահանջից հետո անձնակազմը տեղափոխվել է Հադրութի զորամաս, ապա՝ դպրոց, որտեղ էլ սպայակազմի փոփոխություն է եղել․ Գարիկ Վարդերեսյանը ազատվել է գումարտակի հրամանատարի պաշտոնից, եւ նրա փոխարեն Իշխան Վահանյանն է նշանակվել։

Հոկտեմբերի 8-ին արդեն գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանից խնդիր են ստացել՝ բարձրանալու Խուռհատ սարը։ Ըստ վկայի՝ բարձրացողների մեջ եղել են 15 վաշտ, ականանետային մարտկոցը եւ առանձին դասակներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 150 հոգի։ Բացազատվել են ողջ անձնակազմով, զբաղեցրել մոտ 1 կմ երկարությամբ բնագիծը։ Մինչեւ հոկտեմբերի 10-ը որեւէ գործողություն չի եղել։ Տուժողների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ այդ 2 օրվա ընացքում ինժեներական ի՞նչ աշխատանքներ են կատարել պաշտպանության անցնելու համար, ինչին ի պատասխան վկան ասաց՝ ինժեներական աշխատանք, որպես այդպիսին, չի կատարվել, չէր կարող կատարվել, որովհետեւ գործիքներ չկային․ ամեն զինվոր մի հարմար քար է գտել, որ հետեւը թաքնվի, կրակի։

Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը

Հոկտեմբերի 10-ին՝ հարձակման օրը, գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, ըստ վկայի, բնագծի հակառակ ծայրում էր՝ իրեն ոչ տեսանելի․

– Բա եթե հարձակում լիներ, ի՞նչ ձեւով նա պիտի ձեր գործողությունները ղեկավարեր,– հարցրեց հանրային մեղադրողը։

– Չեմ կարող ասել, կապի միջոց չի եղել, որ ասեմ՝ դրանով։

– Բա ձեր կապի միջոցները ի՞նչ եղան։

– Մեր կապի միջոցները դպրոցում տվեցինք՝ զարյադկի, տենց էլ հետ չեկան։

– Այսի՞նքն։

– Ես լիցքավորիչ չունեի, քանի որ կամազս, որի մեջ այն գտնվում էր, կրակային կետ հասնելու ժամանակ խփել էին։ Դպրոցում ռացիաները տվել ենք կապի պետ Հովհաննես Մուրադյանին, նա է տարել՝ դիվիզիայի կապի հանգույցով լիցքավորելու, որովհետեւ դիվիզիայում դվիժոկ կար, իսկ դպրոցում հոսանք չկար։ Խնդիրը որ ստացանք, գնացինք սարը, այդ ժամանակ էլ չհասցրինք․․․

– Բա Դուք սպա եք, հարց չբարձրացրի՞ք, թե ոնց եք ղեկավարելու կամ ղեկավարվելու առանց կապի միջոցի։

– Այդ պահին հրետակոծություն է եղել դպրոցի շրջանում, ասել են, որ էնտեղ, որտեղ զարյադկի են դրել, էլ գնալ հնարավոր չէր, չեն կարող վերցնել։

– Դուք, որպես ենթակա անձնակազմ ունեցող սպա, հարց չբարձրացրի՞ք, ի վերջո մարտի պայմաններում էիք գտնվում։

– Ոչ մի վաշտի մոտ էլ չկար, սաղ էլ գիտեին, ո՞ւմից ուզեի։ Գումարտակի հրամանատարի մոտ մի հատ կար, էն էլ՝ վերադասի հետ կապվելու համար։

Նշենք, որ վկայի այս պատասխանները անակնկալի բերեցին դահլիճում գտնվող անձանց․ մինչ այս հարցաքննված մյուս սպաները, թեեւ նշել էին, որ Վահանյանի հեռանալուց հետո ռադիոկապ չեն ունեցել եւ հեռախոսով են փորձել ինչ–որ բան անել, սակայն չէին պարզաբանել, թե ինչով է պայմանավորված եղել անձամբ իրենց ռադիոկապերի բացակայությունը։

Լուսանկարում՝ մեղադրյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը

Հաջորդիվ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը առաջարկեց պատմել, թե ինչպես է սկսվել հարձակումը։ Ըստ վկայի՝ հարձակումից մոտ 2-3 ժամ առաջ 800 մ հեռավորության վրա հայկական համազգեստով անձանց է նկատել, գնացել է Վահանյանի մոտ, զեկուցել այդ մասին, ասել՝ հնարավորության դեպքում ճշտեն, թե ովքեր են։ Այդտեղ է գտնվել նաեւ զորամասի հրամանատարի տեղակալ Նելսոն Հակոբջանյանը, որը հայտնել է, թե  նրանք Ցորի զորամասից են․ «Իր պատասխանից հասկացա, որ տենց էլ պիտի լիներ, որ ինչ–որ զորամասից մարդիկ պիտի գային»,– ասաց վկան՝ հավելելով, որ հանձրարարություն են ստացել նրանց մոտ չգնալ, այլ շարունակել հեռվից դիտարկել հակառակորդի մեքենաները։ 3 ժամ անց՝ ժ․ 12-ի մոտակայքում, հարձակումը սկսվել է։ Հակառակորդը եղել է մոտ 100 հոգով։ Հարցին, թե Վահանյանն ինչ հրաման է տվել այդ ժամանակ, վկան ասաց, որ կոնկրետ բան չի ասել, նա էլ իր ավտոմատ կռիվ էր անում, մի պահ է եկել իրենց կողմ, դրանից հետո նրան այլեւս չի տեսել։ Թե երբ եւ ուր է գնացել նա, վկան չգիտեր։

Ի վերջո, հարկադրված նահանջ են իրականացրել, ըստ վկայի՝ առանց կոնկրետ հրամանի․ յուրաքանչյուրը, կողքինին նայելով, հասկանալով, հետ է քաշվել, իսկ սպաներով կրակելով պահել են, որպեսզի զորքը սարից դուրս գա, բարձրանա անտառ, թաքնվի․

– Լավ, հնարավորություն չունեիք պաշտպանվելու, բա նահանջի հրաման չպիտի՞ տայիք, տեղյակ էիք՝ ո՞ւր պիտի նահանջեիք,–  հարցրեց մեղադրողը։

– Հադրութ քաղաքը երեւում էր մեր հետեւում, տեսնում էինք վառվող տներ, հրետանային կրակոցներ, զգացվում էր, որ թուրքը մտել է, տները պաժառ տված էին, ահավոր վիճակ էր, ո՛չ կարող էինք քաղաքի կողմ գնալ, ո՛չ ձոր, միակ փրկությունը անտառն էր։

– Տեղյա՞կ եք, որ նահանջ կատարելիս պիտի ունենալ վերադաս հրամանատարության թույլտվությունը։

– Պետք է ունենամ, բայց այդ պահին չէի կարող։

Ըստ վկայի՝ երբ բոլորով հավաքվել են ու քայլել անտառով, հասել են մի կետի, երբ կրակոցների ձայներ են լսել, այդ ժամանակ մի քանի պատրաստված սերժանտի հետ սպաներով բարձրացել են կրակոցների ուղղությամբ՝ մոտ 50-60 մետր հեռու, որպեսզի հասկանան՝ ովքեր են, եւ որ ուղղությամբ պետք է գնան։ Զորքի հետ մնացել է կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը եւ նորանշանակ սպա Տիգրան Աբազյանը։ Նրանց հորդորել են սպասել, մինչեւ տեսնեն՝ ինչ է կատարվում․

– Սպասեցի՞ն։

–Սպասեցին էնքան ժամանակ, մինչեւ հակառակորդը սկսեց սնարյադ կրակել էդ ուղղությամբ, իմ կարծիքով՝ ուզում էին կրակել 3–րդ գումարտակի վրա, շեղումների պատճառով արկերը անտառի մեջ ընկան,– պատասխանեց վկան՝ բացատրելով, որ այն կետից, որտեղ արկերը ընկել են, սպասող անձնակազմը 2 մասի է բաժանվել․ նրանք, որոնք մնացել են արկերից վերեւ, քիչ անց միացել են իրենց, իսկ նրանք, որոնք մնացել են արկերից ներքեւ՝ սպա Հովհաննես Մուրադյանի հետ, գնացել են դեպի Հադրութ տանող սխալ ճանապարհով։ Նշենք, որ մինչ այս որեւէ սպա դատարանում չէր պարզաբանել, թե ինչպես է ստացվել, որ մի խումբ զինծառայողներ Մուրադյանի հետ բաժանվել են անձնակազմից։

– Բա դուք ի՞նչ արեցիք։

–Մեր բարձրացած հատվածում թուրքն էր, բայց մյուս կողմից լսվում էին հայերի ձայները, կոնկրետ 3-րդ գումարտակի հրամանատարի ձայնը լսել ենք, չենք կարողացել մոտենալ, իջել ենք, միացել արկից վերեւ մնացած անձնակազմին։

–Բա ի՞նչ գիտեք, որ մյուսները այդ ուղղությամբ են գնացել։

– Հովոյի հետ մի սերժանտ կար՝ Գասպարյան Գեւորգ, հեռախոսով նրա հետ եմ կապվել, իմացել։

– Ըստ Ձեզ՝ Հովհաննես Մուրադյանի հետ այդ ուղղությամբ գնացած անձնակազմը տեղյա՞կ էր, որ հակառակորդը Հադրութում է։

–Իմ կարծիքով՝ հա, սաղիս էլ պարզ էր, Հադրութը վառվում էր․․․

– Իսկ ըստ Ձեզ՝ տրամաբանակա՞ն է՝ իմանան եւ գնան այդ ուղղությամբ։

– Տրամաբանական չէ, բայց արկերի պայթյուններից փրկվելու համար առանց հասկանալու էլ կարող են գնալ։

– Ենթադրո՞ւմ եք, թե՞ Գասպարյանն է ասել, երբ զանգել եք։

– Գասպարյանի հետ որ խոսել եմ, դեռ այդ ճանապարհ չէին մտել, ասում էր՝ նկատել ենք, որ թուրքերը ռուսերեն խոսում են, ասում են՝ իջեք, մենք ձեզ վնաս չենք տա, բայց չեն արել թուրքերի ասածով, սպասում էին՝ մեկը գա, օգնի՝ դուրս գան։

– Իսկ դուք ի՞նչ միջոցներ ձեռնարկեցինք, որ միանաք նրանց։

– Միայն Գասպարյանի մոտ է հեռախոս եղել, իր հետ եմ խոսել, ասել եմ՝ որ ուղղությամբ գան, մեզ միանան, որոշենք՝ ինչ ենք անում։

– Բա ինչո՞ւ չեկան։

– Սպասել ենք ահագին, կապը կտրվել է, անհասանելի են դարձել, էդ պահին առաջ ենք շարժվել։

– Տեղեկացե՞լ եք՝ հետագայում ինչ ճակատագրի են արժանացել։

– Զոհվել են,– պատասխանեց վկան՝ թվարկելով այդ անձնակազմի մեջ եղած իր դասակի 4 զոհերի անունները՝ Շիրակ Գասպարյան, Արմեն Մելքոնյան, Տիգրան Աբազյան, Դավիթ Ադոյան։

Լուսանկարում՝ Դավիթ Ադոյանի մայրը՝ Լիլյա Սարգսյանը

Դահլիճում գտնվող ծնողների մեջ էր զոհված Դավիթ Ադոյանի մայրը՝ Լիլյա Սարգսյանը, որը հարցեր հղեց Ղարիբյանին այն մասին, թե իր որդին երբ, ինչ պայմաններում է վիրավորվել եւ զոհվել։

Սպան պատմեց, որ Ադոյանը ՄՈԲ–ից մի տարեց մարդու օգնելիս է եղել, վերջից քայլելիս է եւ մնացել է արկի հարվածից ներքեւ գտնվող անձնակազմի հետ, բայց այդ օրը չի զոհվել, Հարութ Կարախանյանի գլխավորությամբ մի խմբի հետ կարողացել են մի տուն, մտնել այնտեղ, թուրքերից պաշտպանվել․ «Կապվել ենք Հարութի հետ, նա է ասել, որ մոտ մեկ շաբաթ եղել են տան մեջ, դրանից հետո տանից դուրս են եկել, այդ ժամանակ է դեպքը տեղի ունեցել»։ Հարցին, թե իմանալով, որ իր զինվորը իրենից հեռու է, ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել՝ անձամբ գնացել կամ այլ ուժեր ուղարկել՝ նրանց փրկելու համար, վկան պատասխանեց․ «Զեկուցվել է, որ անձնակազմը մնացել է ու այս վիճակում է, իսկ հետ չեմ գնացել, որովհետեւ թուրքը չորս կողմը վերցրած է եղել, հնարավոր չի եղել, իմ ուժերը չեն ներել, որ ես հակառակորդին ճեղքեմ, գնամ նրանց հետեւից»։

–Էդ էրեխեքը օրեր շարունակ կարողացան ապրել, որ թուրքը նրանց չտեսնի, դու չկարողացա՞ր գնալ, հանել,– լսվեց դահլիճից։

Ի վերջո, Վանք գյուղով գնացել, դուրս են եկել դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհ։

Վկա Ռոման Դոլինյանի խոսքով՝ Վահանյանը խոստացել է գալ վիրավորների հետեւից, սակայն այդպես էլ չի  եկել

Հարցաքննված մյուս վկան Ռոման Դոլինյանն էր, որը պատերազմի ժամանակ եղել է 2 ամսվա զինծառայող։ Հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում տեղի ունեցած իրադարձությունների մասին նա ոչինչ չգիտեր, քանի որ 2-ի լույս 3-ի գիշերը վիրավորվել է, տեղափոխվել հոսպիտալ։

Լուսանկարում՝ վկա Ռոման Դոլինյանը

Դոլինյանի վիրավորումը հիշյալ օրը Նյուզգար կոչվող տեղամասում է եղել, որտեղ էլ ուղեւորվել էր Վահանյանը՝ օգնություն ցուցաբերելու։ Նրա խոսքով՝ երբ շտապօգնության մեքենան եկել է, Վահանյանը վարորդի կողքին նստած է եղել, առանց իջնելու ասել է՝ ով թեթեւ վիրավոր է, թող իջնի մեքենայից, որպեսզի ավելի ծանր վիրավորներին տանեն, հետո գան մյուսների հետեւից։ Դոլինյանն էլ, համարելով, որ մյուսներից թեթեւ վիրավոր է, իջել է։ Իր հետ միասին սպասելիս են եղել այլ զինծառայողներ, որոնք, իր տպավորությամբ, ունեցել են միջին ծանրության վնասներ բերանի, մեջքի հատվածում։ Մեքենան գնացել է եւ այլեւս չի վերադարձել․ «Ամբողջ գիշեր սպասել ենք, չեն վերադարձել, առավոտյան մեր վաշտի վարորդն է մեզ իջեցրել»,– ասաց նա։

Դատախազ Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ քանի՞ վիրավոր վերցրեց Վահանյանը, վկան պատասխանեց՝ 4-5, որոնք նստատեղերն են զբաղեցրել, եւ եթե ուրիշ վիրավոր էլ տեղափոխեին, գետնին կնստեցնեին։ Նա նաեւ նշեց, որ Վահանյանը միայնակ է եղել վարորդի կողքին գտնվող երկտեղանոց նստարանին։ Հարցին՝ հնարավո՞ր է՝ նա եւս վիրավոր լիներ, վկան բացասական պատասխան տվեց, ապա դատավորի հարցերին ի պատասխան՝ ասաց՝ քանի որ նստած է եղել, եթե ազդրի հատվածում վիրավորում ունենար, ինքը կարող է եւ չտեսներ։ Ամեն դեպքում, Վահանյանը, ըստ վկայի, ծանր վիրավորի տեսք չուներ։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 8-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել