Ռուս խաղաղապահների մանդատը նոյեմբերի 9-ի համաձայնության պահպանումն է |civilnet.am|
12:46 - 12 դեկտեմբերի, 2022

Ռուս խաղաղապահների մանդատը նոյեմբերի 9-ի համաձայնության պահպանումն է |civilnet.am|

civilnet.am: 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով Հայաստանը ձեռքերը չի լվացել Արցախից․ դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցին ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այո, պետք է լինեն ռուսական խաղաղապահ ուժեր, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է ձեռքերը լվանա և հրաժարվի իր հանձնառությունից։ Եթե Հայաստանի իշխանությունները հույսը դնում են բացառապես ռուս խաղաղապահների վրա, ապա պետք է հասկանան իրավիճակը, որը ստեղծվել է։ Որոշ իշխանական պատգամավորներ Զելենսկու ելույթի ժամանակ չպետք է հոտնկայս ծափահարեն, ինչպես գրվել է մամուլում։ Եթե ՀԱՊԿ-ը առաջարկում է ռազմատեխնիկական աջակցություն, չպետք է կամակոր երեխայի նման ոտքերը հարվածել գետնին ու ասել՝ չէ, մենք քաղաքական հայտարարություն ենք ուզում»։

Հարց հնչեց, թե ինչպե՞ս են ռուս խաղաղապահները կամ Արցախի իշխանությունները թույլ տվել, որ ադրբեջանցիները հասնեն Կաշենի հանքի տարածքին։ Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ ռուս խաղաղապահների մանդատը նոյեմբերի 9-ի համաձայնության պահպանումն է։ Արթուր Խաչատրյանի խոսքով՝ եթե Հայաստանի իշխանությունն ավելի ակտիվ լիներ ու դիմեր միջազգային հանրությանը՝ պահանջելով ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, ադրբեջանական սադրանքները չէին կրկնվի։

«Այս իշխանություններն էին ստորագրել, որ նոր ճանապարհով Հայաստանը պետք է միանա Արցախին։ Այդ ճանապարհով էր անցնում գազը, հոսանքը, ինտերներտը, ի՞նչ են արել, որ նոր ճանապարհով դա անցներ։ Որևէ բան չեն արել, իսկ հիմա հարցնում եք՝ ի՞նչ պետք է անել։ Պետք էր կանխատեսել թշնամու գործողությունները։ Պետք է հասկանալ՝ ինչքան դու հետ ես գնում, դրանով չես փակում նրանց ախորժակը, ընդհակառակը, ավելի ես գրգռում»,- ասաց պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել