«Բնապահպանական ակցիաներին» մասնակցող ադրբեջականական հերթական կազմակերպությունը փոխկապակցված է Հեյդար Ալիևի հիմնադրամին
14:26 - 17 դեկտեմբերի, 2022

«Բնապահպանական ակցիաներին» մասնակցող ադրբեջականական հերթական կազմակերպությունը փոխկապակցված է Հեյդար Ալիևի հիմնադրամին

Վերջին օրերին մեր գործընկեր լրատվամիջոցները բացահայտել են, որ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «բնապահպանները» փոխկապակցված են ադրբեջանական իշխանությունների հետ (azatutyun.am, civilnet.am, fip.am)։ 

Այս օրերին Ադրբեջանում որպես խաղաղ ակցիա ներկայացվող, սակայն փաստացի Արցախը Հայաստանից կտրած և Արցախում հումանիտար մի շարք խնդիրների պատճառ դարձած գործողություններից բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակվում։ Երեկ էլ ֆոտոշարք էր հրապարակել ադրբեջանական Trend գործակալությունը։

Գործակալության լուսանկարներում երևում է, որ ակցիայի մասնակից մի խումբ մարդիկ միանման կապույտ բաճկոններ են հագած, որոնց վրա ադրբեջաներեն գրություններ կան՝ Regional İnkişaf İctimai Birliyi և RIIB:


Trend-ի լուսանկարներից

Regional İnkişaf İctimai Birliyi-ն կամ «Տարածաշրջանային զարգացում» հասարակական կազմակերպությունը ադրբեջանական ՀԿ է։ ՀԿ-ի կայքում նշված է, որ այն ստեղծվել է Հեյդար Ալիևի հիմնադրամի նախաձեռնությամբ։ «Տարածաշրջանային զարգացում»-ը նշում է, որ ՀԿ-ի հիմնական նպատակն է ակտիվորեն մասնակցել Ադրբեջանի սոցիալ-տնտեսական, հանրային և մշակութային կյանքին, քաղաքացիական հասարակության ձևավորմանը և շրջանների զարգացման գործում պետության իրականացրած քայլերի աջակցմանը։

ՀԿ-ի կայքում նաև նշվում է, թե իր նպատաների իրագործման համար այն ինչ քայլեր է իրականացնում։ Այդ քայլերի թվում է նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանությունը։

Կազմակերպությունն իր սոցցանցերում երկու օր առաջ Լաչինում անցկացվող «բնապահպանական ակցիաներից» լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ «առաջին րոպեներից ակցիային են միացել» իրենց մի խումբ աշխատակիցներ և տարբեր շրջաններ ներկայացնող կամավորներ։ Հենց այդ կամավորներն ու աշխատակիցներն էլ երևում են Trend-ի ֆոտոշարքում։


ՀԿ-ի հրապարակած լուսանկարներից

Նշենք, որ Հեյդար Ալիևի հիմնադրամը, որի նախաձեռնությամբ ստեղծվել է «Տարածաշրջնային զարգացում» ՀԿ-ն, հիմնադրվել է՝ ի հիշատակ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի։ Հիմնադրամի նախագահը Մեհրիբան Ալիևան է՝ Ադրբեջանի առաջին տիկինը։

«Տարածաշրջնային զարգացում» ՀԿ-ի ֆեյսբուքյան հետնանկարներից մի քանիսում Հեյդար Ալիևի լուսանկարն է ու նրանից մեջբերումներ։ ՀԿ-ն նաև հրապարակումներ է անում Ադրբեջանի նախկին նախագահի մասին (1, 2), վերջինիս անունը կրող մրցույթի կազմակերպման աշխատանքներին մասնակցում, իսկ նրանց հանրային միջոցառումների ժամանակ կարելի է տեսնել Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարով պաստառ։

«Տարածաշրջնային զարգացում» ՀԿ-ի իրականացրած միջոցառումներից մեկն Ադրբեջանի կառավարության համաֆինանսավորմամբ է իրականացվել։

ՀԿ-ն նաև Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի մասին հրապարակումներ ունի։ Կազմակերպության ֆեյսբուքյան էջում  տարածվել են, օրինակ, լուսանկարներ՝ Իլհամ Ալիևի և տիկնոջ՝ օկուպացված Շուշի այցից։ Իսկ ներկա պահին «Տարածաշրջանային զարգացում» ՀԿ-ի ֆեյսբուքյան հետնանկարի վրա գրված է․ «Ղարաբաղն Ադրբեջան է»:

Այսպիսով, «բնապահպանական նպատակներով» Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիների մի խումբ «Տարածաշրջանային զարգացում» ՀԿ-ից է, որը հիմնադրվել է ադրբեջանական իշխանությունների հետ փոխկապակցված և Ադրբեջանի նախկին նախագահի հիշատակին ստեղծված հիմնադրամի նախաձեռնությամբ։

Հիշեցնենք, որ արդեն վեցերորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ 

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը, սակայն երեկ գազամատակարարումը վերականգնվեց։

Աննա Սահակայան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել