Սահմանադրական դատարանում սպասում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքին
 |hetq.am|
11:31 - 22 դեկտեմբերի, 2022

Սահմանադրական դատարանում սպասում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքին |hetq.am|

hetq.am: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը փոխանցեց, որ պաշտոնապես դեռ չի ստացվել Վենետիկի հանձնաժողովի («Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով») կարծիքը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հետ կապված:

«Սպասվում է, որ մոտ օրերս կարծիքը կստանանք, կփոխանցենք դատավորներին: Այս պահին պաշտոնապես դեռ չի ստացվել»,- ասաց Ս. Առաքելյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը (ՍԴ) 2022թ. հուլիսի 8-ին աշխատակարգային որոշում է կայացրել՝ դիմել Վենետիկի հանձնաժողով՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով:

Նշենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննվում է ՍԴ-ում:

Նշված գործի շրջանակներում ՍԴ-ն որոշել է, որ բարձրացված հնարավոր սահմանադրական վեճը վերաբերում է իրավական խնդիրների, որոնց շրջանակն առնչվում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա ձևավորված իրավունքին: Հետևաբար առկա է ՀՀ-ի կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման հարցերի, ինչպես նաև ՍԴ-ի լուծմանն առաջադրված որոշ հարցադրումներում նկարագրված խնդիրների լուծման կապակցությամբ լավագույն փորձի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու անհրաժեշտություն:

Տեղեկացնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020թ. ապրիլի 16-ին և ուժի մեջ մտել նույն տարվա մայիսի 23-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել