Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան կտեղափոխեն ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային
10:53 - 24 դեկտեմբերի, 2022

Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան կտեղափոխեն ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային

Որոշում է կայացվել Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան տեղափոխելու ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային։ Տեղեկությունը Infocom-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի շրջափակումից հետո Արցախի ԱՆ-ից հայտնել էին, որ 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, որի մոտ ախտորոշվել էր «Ընդերային լեյշմանիոզ», ծանր է։

Նշենք, որ ավելի վաղ միայն մեկ անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ հայկական ՇՕ մեքենան կարողացել է անցնել Լաչինի միջանցքով՝ Արցախից Հայաստան տեղափոխելով 1960թ․ ծնված, սրտային պաթոլոգիայով տղամարդու, որը հրատապ վիրահատության կարիք ուներ: 

Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել