ԳԱԱ ղեկավար կազմում տարիքային շեմի հաստատում, հավելավճար ստացող գիտնականների շրջանակի հստակեցում․ ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում
17:07 - 29 դեկտեմբերի, 2022

ԳԱԱ ղեկավար կազմում տարիքային շեմի հաստատում, հավելավճար ստացող գիտնականների շրջանակի հստակեցում․ ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում

Օրերս Գիտության կոմիտեն շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով փոփոխություններ են առաջարկվում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս oրենքն ընդունվել է 2000 թ․ և Սահմանադրության 2015 թ․ փոփոխություններից հետո պատշաճ չի վերանայվել, ինչի հետևանքով դրանում առկա են լիազորող նորմերի ոչ հստակ ձևակերպումներ, իսկ մի շարք դեպքերում` դրանց բացակայություն:

«ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրով, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական ոլորտի պետական քաղաքականության նպատակների և սկզբունքների իրագործման համար պահանջվում է մի շարք ենթաօրենսդրական ակտերի ընդունում, որոնց լիազորություններ օրենքը ներկա խմբագրությամբ չի սահմանում»,- ասվում է հիմնավորման մեջ։

Առանձնացրել ենք նախագծով առաջարկվող ամենակարևոր փոփոխությունները, որոնց կանդրադառնանք առանձին-առանձին։

 

Գիտությունների ազգային ակադեմիան

Առաջարկվող փոփոխություններից մի քանիսը վերաբերում են Գիտությունների ազգային ակադեմիային (ԳԱԱ)։ 

Առաջարկվում է օրենքի՝ ԳԱԱ-ին վերաբերող հոդվածում ավելացնել հետևյալ կետը․ «Ակադեմիան իր կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է կառավարման խորհուրդ` ներառելով Ակադեմիայից ու կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմնից առաջադրված ներկայացուցիչներ, որի միջոցով իրականացնում է իր համակարգի կազմակերպությունների ընդհանուր կառավարումը, այդ թվում՝ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է դրանց կառավարման մարմինների ձևավորումը և լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը»:

ԳԱԱ մասին օրենքով սահմանվում է, որ Ակադեմիայի կառավարման մարմիններն են Ակադեմիայի ընդհանուր ժողովը, Ակադեմիայի նախագահությունը և նախագահը: Ակադեմիայի ընդհանուր ժողովում ընդգրկվում են ԳԱԱ նախագահը, նախագահության անդամները, ակադեմիկոսները և թղթակից անդամները, Ակադեմիայի գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նախագծով, փաստորեն, առաջարկվում է, որ ստեղծվի կառավարման խորհուրդ, որտեղ կներառվեն նաև լիազոր մարմնի, տվյալ դեպքում՝ Գիտության կոմիտեի առաջարկած ներկայացուցիչները։ Սա նշանակում է, որ կառավարման խորհրդում կլինեն նաև կառավարության ներկայացուցիչներ։

Գիտկոմի նախագահ Սարգիս Հայոցյանը նշում է, որ այս փոփոխության նպատակը մասնակցայնությունն է։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանն էլ ասում է, որ այսպիսի ներկայացուցչական կառավարումն ավելի կհեշտացնի կառավարության հետ երկխոսությունը։

«Մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, որտեղ բուռն փոփոխություններ են կատարվում։ Այդ փոփոխությունները կարող են տեղի ունենալ տարբեր ոլորտներում, հետևաբար ավելի ներկայացուցչական կառավարումը և պետական կառույցների հետ, տարբեր գերատեսչությունների հետ ավելի համահունչ գործունեությունը ժամանակի հրամայական է»,- նշում է Արթուր Իշխանյանը։

ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի խոսքով, եթե հիմա որևէ ծրագիր իրականացնելու համար իրենք դիմում են տարբեր գերատեսչությունների, նրանց հետ պաշտոնական գրագրություն վարում, ապա փոփոխություններն ընդունելու դեպքում ԳԱԱ կառավարման խորհրդում տարբեր ժամանակահատվածներում կներառվեն տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչը կարագացնի և կհեշտացնի երկխոսությունը։

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ԳԱԱ ղեկավար կազմին։ Առաջարկվում է, որ երբ լրանա Ակադեմիայի ղեկավար կազմում ընդգրկված անձանց 75 տարին, նրանց լիազորությունները դադարեցվեն։ Իսկ ԳԱԱ ղեկավար կազմի մեջ մտնում են Ակադեմիայի նախագահը, փոխնախագահը, ակադեմիկոս քարտուղարը, նախագահի տեղակալները և բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարները։ 

Սարգիս Հայոցյանի խոսքով առաջարկվող այս փոփոխությունը նախևառաջ լուծում է ռոտացիայի հարցը, ինչպես նաև հաշվի են առնում մարդկանց ֆիզիոլոգիական գործընթացները։

Արթուր Իշխանյանն էլ նշում է, որ սովորաբար մարդու մասնագիտական ակտիվության գագաթնակետը 40-60 տարեկանի տիրույթում է, երբ նա մանագիտորեն բավականաչափ հասունացած է, համապատասխան ունակություններ ունի․ «Այսօր, ցավոք սրտի, ակադեմիայի անդամների միջին տարիքը գերազանցում է 75-ը։ Իսկ դա նշանակում է, որ մենք ունենք ակտիվության կորուստ։ ․․․․ Մենք գտնվում ենք ծանր աշխարհաքաղաքական վիճակում և եթե ուզում ենք իրականացնել փոփոխություններ, մենք չունենք այլ ռեսուրսներ, պիտի հենվենք մտքի, գիտության վրա, մեր երկրի ապագա զարգացման հիմքում պետք է լինեն գիտությունը, գիտատար տեխնոլոգիաները։ Իսկ դա, ժամանակակից աշխարհի օրինակն ասում է, որ պահանջում է մարդկանց, որոնք լեցուն լինեն ավյունով, աշխարհը փոխելու ցանկությամբ։ Իսկ դա հատուկ է երիտասարդությանը։ Հետևաբար, եթե մենք ուզում ենք բեկումնային, ճեղքումնային փոփոխություններ, ապա երիտասարդության ներգրավումը անհրաժեշտություն է»։

 

Գիտական սարքավորումների գնման գործընթացը 

Նախագծով առաջարկվում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում սահմանել հետևյալը․ «ՀՀ պետական բյուջեով նախատեսված ոչ ֆինանսական ակտիվների գծով բյուջետային ծախսերի շրջանակներում պետական գիտական կազմակերպություններում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար նյութատեխնիկական բազայի համալրման համար ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման համար գնումներն իրականացվում են հրատապության սկզբունքով»:

Գիտության կոմիտեի նախագահը պարզաբանում է, որ խոսքը բյուջեի կապիտալ ծախսերով իրականացվող գնումների մասին է։ Եթե գիտական փոքր սարքավորումները հնարավոր է բյուջեի ընթացիկ ծախսերով ձեռք բերել, ապա մեծ սարքավորումները ձեռք են բերվում կապիտալ ծախսերով, և տվյալ դեպքում գնումն իրականացնում է Գիտության կոմիտեն։ Գիտկոմն, ի դեպ, արդեն հայտարարել է սարքերի ձեռբերման մրցույթ, որի շրջանակում սարքավորման գնումն իրականացնելու է ոչ թե հաղթող գիտական կազմակերպությունը, այ կոմիտեն։

Նախագծով առաջարկվում է Գիտկոմին հնարավորություն տալ հրատապության սկզբունքով ձեռք բերելու գիտական սարքավորումները, որպեսզի ձեռբերման գործընթացն ավելի արագ իրականացվի։ Պետք է շեշտել, որ փոփոխություններն ընդունելու դեպքում հրատապության սկզբունքով գնումներ իրականացնել կկարողանա միայն Գիտկոմը, և ոչ գիտական կազմակերպությունները։ Իսկ բյուջեի ընթացիկ ծախսերով գնումների համար, որոնք իրականացնում են գիտահետազոտական կազմակերպությունները, կշարունակեն գործել «Գնումների մասին» օրենքի կարգավորումները։ 

Անդրադառնալով գնումների գործընթացի վերաբերյալ գիտաշխատողների շրջանում պարբերաբար բարձրաձայնվող խնդիրներին (խնդիրների մասին մարամասն կարող եք կարդալ այստեղ)՝ Սարգիս Հայոցյանը նշում է, որ գիտական կազմակերպության ղեկավարի անձնական որոշմամբ գործող կարգավորումներով էլ հնարավոր է գիտական սարքերը մեկ անձից գնման ընթացակարգով և ոչ թե մրցութային եղանակով ձեռք բերել։ Գիտկոմի ղեկավարը նկատի ունի կառավարության՝ գնումների գործընթացը կարգավորող որոշման վերջին փոփոխությունները, որոնց համաձայն՝ հրատապության հիմնավորում ունենալու պարագայում գիտական կազմակերպության ղեկավարի որոշմամբ հնարավոր է ավելի դյուրացված ընթացակարգերով գնում կատարել։

ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը շատ է կարևորում առաջարկվող այս փոփոխությունը․ «Ես համաձայն եմ, որ այս կետը շատ բան դեռ չի փոխելու։ Ինչ-որ բաներ փոխելու են, անշուշտ, որովհետև, հուրախություն մեզ, անցած տարի եղավ բյուջեի ավելացում, և նախատեսվում է նաև, որ կավելանա այս տարի, հաջորդ տարի։ Այդ հավելումների մի զգալի մաս գնում է հենց նյութատեխնիկական բազայի արդիականացմանը։ Եվ անշուշտ, այդ ֆինանսներն այսկերպ կօգտագործվեն առավելապես  արդյունավետ։ Դա միայն մասն է ողջ պրոցեսի։ Բոլոր դեպքերում, շատ ուրախալի է, որ սառույցը տեղից շարժվեց»։


Գիտաշխատողների հավելավճարներ

Նախագծում ևս երկու կարևոր փոփոխություն է առաջարկվում։

Առաջարկվում է օրենքում սահմանել հետևյալը․ «Գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճար տրամադրվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և աշխատանքի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատող գիտական աշխատողներին, որի տրամադրման չափը և կարգը սահմանում է կառավարությունը»։

Այս փոփոխություններով, փաստորեն, առաջարկվում է կոնկրետացնել հավելավճար ստացողների շրջանակը, և հավելավճար կստանան լրիվ դրույքով աշխատող և բազային ծրագրերում ներգրավված գիտաշխատողները։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը սա համարում է նախագծի ամենակարևոր կետերից մեկը։ 

«ՀՀ-ում վերջին 30-ամյակի ընթացքում, ցավոք սրտի, եկեք օգտագործեմ այսպիսի  բառ, արտադրվել են մեծ թվով գիտության թեկնածուներ, որոնք թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո հեռացել են գիտությունից, որևէ առնչություն չունեն գիտական ոլորտի հետ։ Սա առանձնապես ցավալի խնդիր է հումանիտար ոլորտում, որտեղ  մոտ 2000-ի է հասնում այդպիսի մարդկանց թիվը։ Այժմ հստակեցվում է, որ հավելավճար տրամադրվում է միայն  գործող գիտնականներին»,- նշում է պրոֆեսոր Իշխանյանը։ 

Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել, թե որ գիտաշխատողներն են կենսաթոշակի անցնելուց հետո հավելավճար ստանալու։ Ըստ գործող կարգավորումների՝  գիտական աստիճան ունեցող անձինք, կենսաթոշակից բացի, ստանում են նաև հավելավճար։ Առաջարկվում է սահմանել հետևյալը․ «Պետությունը գիտական կազմակերպությունում և բուհում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարում առնվազն ութ տարի գիտական աստիճանի համար հավելավճար ստացած անձանց 70 տարին լրանալու ու պետական գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված չլինելու դեպքում տալիս է ամենամսյա դրամական վճար»։

Գիտության կոմիտեի նախագահը պարզաբանում է՝ կան դեպքեր, երբ մարդիկ գիտական աստիճան են ստանում, սակայն գիտությամբ չեն զբաղվում, և այս փոփոխություններով կենսաթոշակի անցնելուց հետո հավելավճար կստանան նրանք, ում հիմնական զբաղմունքը գիտությունն է եղել։

Սարգիս Հայոցյանի խոսքով սա նաև սոցիալական երաշխիքներ կստեղծի և կնպաստի գիտության մեջ սերնդափոխությանը․ «Տնօրենների վրա որոշ չափով սոցիալական պատասխանատվություն կա, երբ տարեց գիտաշխատողին աշխատանքից ազատելիս փաստացի շատ դեպքերում նրան դնում են ֆինանսական անբարենպաստ պայմանների մեջ։ Այսինքն՝ սոցիալական պատասխանատվության որոշակի բեռ թոթափվում է, ու դրա արդյունքում, եթե դու կարողանում ես վաստակած հանգստի ճանապարհել քո 70 տարեկան աշխատակցին, հետևաբար ընդունում ես նաև երիտասարդ գիտաշխատողների ազատված հաստիքներում, և դա էլ արդեն սերնդափոխության մեխանիզմն է»։ 

Անդրադառնալով նրան, թե այդ դեպքում ինչպես է լուծվում բավարար քանակով երիտասարդ կադրեր ուենալու հարցը՝ Գիտկոմի նախագահը նշում է․ «Մենք 27 տարբեր տեսակի ծրագիր ունենք, բոլորի մեջ առնվազն պարտադիր է երիտասարդի առկայությունը, իսկ հեռավար և ինտեգրման ծրագրերում առհասարակ երիտասարդ ղեկավար և հիմնականում երիտասարդ խումբ պետք է լինի։ Փորձում ենք երիտասարդության բացը լրացնել այդ ծրագրերով, ավելի ժամանակակից հետազոտություններով զբաղվելու համար արտերկրից ղեկավարով հեռավար լաբորատորիաների ծրագիրն ենք անում։ Մնացած գրեթե բոլոր ծրագրերում անպայման պետք է լինի արտերկրի առաջատար գիտնական խորհրդատու։ Առաջիկա մրցույթներում երիտասարդ կատարողների տարիքային շեմն իջեցրել ենք մինչև առաջին կուրսի ուսանողների, որոնք պետք է հանդիսանան առարկայական օլիմպիադաներում դիպլոմներ ունեցող համապատասխան ուղղությամբ սովորողներ»։ 

Գիտկոմի դրամաշնորհային ծրագրերի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

 

Այլ փոփոխություններ

Նախագծով առաջարկվում է նաև սահմանել հետևյալը․ «Կառավարությունը հաստատում է պետական գիտական կազմակերպությունների տարատեսակները, դրանց կառուցվածքներին ներկայացվող պահանջները և դասակարգման չափանիշները՝ ներառյալ կատարողականի ցուցանիշները»։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխությունոը թույլ կտա կարգավորելու գործող գիտահետազոտական կազմակերպությունների և դրանցում առկա ստորաբաժանումների անհամաչափությունները, որոնց պատճառով «ներկայումս գործնականում անհնար է ունենալ արդյունքների համադրելիություն»: 

Գիտության կոմիտեի նախագահը պարզաբանում է, որ այս փոփոխությունը գիտահետազոտական կազմակերպությունների ներսում չափողականությունների կարգավորման հարցն է լուծում․ «Եթե մենք խոսում ենք լաբորատորիայի մասին, իմանանք, որ, դիցուք, առնվազն 10 հոգանոց մի միավորման մասին է խոսքը, ոչ թե ինչ-որ մեկը կարող է գալ, ասել՝ ես լաբորատորիայի վարիչ եմ, 2 հոգով ենք այդտեղ աշխատում, մեկ ուրիշը 20 հոգանոց լաբի վարիչ լինի։ Այսինքն՝ այդ չափողականությունների կանոնակարգման հարցն է, որովհետև դրանից հետո էլ լաբորատորիայի կատարողականը պիտի լինի։ Եթե լաբորատորիա ես, դիցուք, այսքան գիտական արդյունք պետք է տաս, եթե խումբ ես՝ այսքան և այլն»։

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը վաղը կուղարկվի կառավարություն։ Մինչ այդ այն բաց է առաջարկների համար։ Նախագիծը դեռ պետք է քննարկվի կառավարությունում, այնուհետև ուղարկվի խորհրդարան։ Խորհրդարանում երկու ընթերցմամբ ընդունվելուց հետո միայն նախագծով առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն։

 

Գլխավոր լուսնկարը՝ Սարգիս Խարազյանի

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել