Փնտրվում են գիտության 2022 թ․ ֆինանսավորման 10%-ն ու դրա բացակայության պատասխանատուն
16:49 - 30 դեկտեմբերի, 2022

Փնտրվում են գիտության 2022 թ․ ֆինանսավորման 10%-ն ու դրա բացակայության պատասխանատուն

Հայաստանի այս տարվա բյուջեում նշված էր, որ  գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի միջոցառումներից մեկի շրջանակում գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծման համար ԵՄ-ն պետք է 2,5 միլիարդ դրամ հատկացներ։ ԵՄ դրամական միջոցները, սակայն, հասանելի չեն եղել, ինչի պատճառով միջոցառումը փաստացի չի իրականացվել։

Ո՛չ վարչապետի աշխատակազմը, ո՛չ ԿԳՄՍ կամ ֆինանսների նախարարությունները չունեն այն հարցի պատասխանը, թե ինչու միջոցառման ֆինանսավորումը չի իրականացվել։ Քանի որ նշված միջոցառումը ներառված էր բյուջեի գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրում, որի արժեքն ավելի քան 25 միլիարդ 155 միլիոն դրամ է, ստացվում է, որ ծրագրի համար հատկացվել է ավելի քիչ՝ ավելի քան 22 միլիարդ 650 միլիոն դրամ։

 

Գիտկոմը տեղյակ չէ՝ միջոցառումն ինչու չի ֆինանսավորվել

2022 թ․ պետական բյուջեում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի համար պետք է հատկացվեր ավելի քան 25 միլիարդ 150 միլիոն դրամ (տե՛ս բյուջեի 2-րդ հավելված, 1162-րդ տող)։

Ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներից են գիտական ենթակառուցվածքի արդիականացումը,  գիտական և գիտատեխնիկական նպատակային-ծրագրային հետազոտությունները և այլն։

Ծրագրի 11017 միջոցառումը կոչվում է «ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծում»։

Միջոցառման շրջանակում պետք է իրականացվեին գիտական գերազանցության կենտրոնների ստեղծում, համալրում, զարգացում, գիտական սարքավորումների և հետազոտական ենթակառուցվածքների արդիականացում։ Այս ամենի իրականացման համար Եվրամիությունը (ԵՄ) պետք է տրամադրեր 2,5 միլիարդ դրամ։

Մենք հոկտեմբերի 19-ին գրավոր հարցում էինք ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ)՝ խնդրելով հայտնել հետևյալը․

  • նշված միջոցառման շրջանակում գերազանցության քանի՞ կենտրոն է ստեղծվելու, որտե՞ղ և ի՞նչ ժամկետներում, 
  • որքա՞ն գումար է հատկացվելու այդ կենտրոնների ստեղծման համար,
  • որքա՞ն գումար է հատկացվելու գերազանցության կենտրոնների համալրման և զարգացման համար,
  • միջոցառման շրջանակում գիտական ի՞նչ սարքավորումներ են ձեռք բերվելու, ի՞նչ ժամկետներում,
  • հետազոտական ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ կոնկրետ ի՞նչ միջոցառումներ են իրականացվելու և գիտական ո՞ր հաստատություններում, ինչպես նաև այդ նպատակով որքա՞ն գումար է հատկացվելու։

Հարցման պատասխանը ստացանք ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեից։ Կոմիտեն նշել էր հետևյալը․ «2021-2026 թթ. միջոցառումների ծրագրի 27.1 կետով նախատեսված է 2022-2026 թթ․ ընթացքում գիտական կենտրոնները համալրել տարեկան 4-6 գիտական խոշոր սարքավորումներով, այդ թվում՝ նաև ԵՄ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագրի համաձայն՝ 2022 թ․ համար նախատեսված էր 3 միլիարդ 580 միլիոն ՀՀ դրամ, որի մի մասը՝ 2 միլիարդ 500 միլիոն ՀՀ դրամ, համաձայն ՀՀ պետական բյուջեի 1162 ծրագրի 11017 միջոցառման, նախատեսվում էր տրամադրել նշված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Նախատեսված դրամաշնորհային միջոցները հասանելի չեն եղել, հետևաբար ծրագիրն այդ մասով չի իրականացվել»։

Գիտկոմից հավելել են, որ բազային ֆինանսավորման 11002 միջոցառման շրջանակներում կազմակերպվել և ամփոփվել է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթը, որի արդյունքում 2 միլիարդ 933 միլիոն դրամ է հատկացվել 15 գիտական կազմակերպության՝ 28 հայտով ներկայացված գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար։ Կոմիտեն, սակայն, չի տիրապետում տվյալների, թե ինչու չի ֆինանսավորվել 11017 միջոցառումը։

 

Վարչապետի աշխատակազմը վերահասցեագրում է Ֆիննախ, Ֆիննախը՝ փոխվարչապետի աշխատակազմ

Մենք նոյեմբերի 22-ին հարցմամբ դիմեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ՝ խնդրելով պարզաբանել հետևյալ հարցերը․

  • ի՞նչ պատճառներով ԵՄ դրամաշնորհային միջոցները հասանելի չեն եղել, ԵՄ-ն միջոցները ՀՀ-ին չի՞ տրամադրել, թե՞  տրամադրել է, սակայն ՀՀ կառավարությունը որոշել է դրանք այլ ուղղությամբ  ծախսել,
  • ինչո՞ւ է նշված միջոցառումը ներառվել ՀՀ պետական բյուջեում, եթե ՀՀ  կառավարությունը չէր կարողանալու ապահովել ԵՄ դրամաշնորհային  միջոցների հասանելիությունը,
  • արդյո՞ք ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագիրն ի  վերջո հասանելի լինելու է 11017 միջոցառումն իրականացնելու համար, 
  • եթե դրամաշնորհային ծրագրի միջոցները հասանելի չեն լինելու, ի՞նչ միջոցներով է իրականացվելու 11017 միջոցառումը։

Վարչապետի աշխատակազմից հարցումը վերահասցեագրվել էր Ֆինանսների նախարարություն, որտեղից էլ դեկտեմբերի 13-ին պատասխան ստացանք։ Ինչպես նախորդ երկու դեպքերում, այս անգամ էլ մեր հարցի պատասխանը բացակայում էր։

«Դրամաշնորհային միջոցների ներգրավման ուղղությամբ Եվրոպական միության հետ աշխատանքները տարվում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի կողմից, իսկ պետական բյուջեում ներառված՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող առանձին ծրագրերի առաջարկները ներկայացվել են համապատասխան ճյուղային նախարարությունների կողմից: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից աշխատանքներ են տարվել Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ՝ «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված ծրագրերի, ընթացիկ և առաջիկա տարիներին ԵՄ-ի կողմից դրամաշնորհային ֆինանսավորման ենթակա առաջնահերթ ուղղությունների համապատասխանեցման և հստակեցման ուղղությամբ»:

 

Արդյո՞ք հարցի հասցեատերն, այնուամենայնիվ, ԿԳՄՍՆ-ն է

Ֆիննախից մեզ առաջարկել էին դիմել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։ Այս թեմայով արդեն երրորդ հարցումը դեկտեմբերի 13-ին ուղարկեցինք փոխվարչապետի գրասենյակ։

Մհեր Գրիգորյանի գրասենյակից էլ պատասխաեցին, որ հարցումը վերահասցեագրվել է  ԿԳՄՍՆ՝ «հաշվի առնելով, որ նշված ծրագիրը գտնվում է նախարարության համակարգման ոլորտում»:

Հիշեցնենք, որ մենք հարցումն ի սկզբանե ուղարկել էինք հենց ԿԳՄՍՆ, որտեղից մեր հարցի պատասխանը չէինք ստացել։ Այժմ սպասում ենք ԿԳՄՍՆ նոր պատասխանին, որը ստանալուն պես կհրապարակենք։

Այսպիսով, պետական գերատեսչությունները չունեն այն հարցի պատասխանը, թե ինչու ԵՄ-ն  չի ֆինանսավորել գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի 11017 միջոցառումը, որի արժեքը 2,5 միլիարդ դրամ է, այսինքն՝ ծրագրի համար նախատեսված ավելի քան 25 միլիարդ 155 միլիոն դրամի մոտ 10%-ը։

 

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել