tert.am: ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը հայտնել է, որ շտաբը դիտարկում է 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունները ոչ թե Հայաստանի տարածքում, այլ կազմակերպության անդամ այլ երկրներում անցկացնելու հնարավորությունները։ Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ին՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանում այս տարի ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն չի անցկացվի։
Նա պարզաբանել է, որ միացյալ շտաբի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկությունն այն մասին, որ 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ Հայաստանի տարածքում զորավարժություններ անցկացնելը նպատակահարմար չէ։
«ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը ներկայումս մշակում է առաջարկներ ՀԱՊԿ անդամ այլ պետությունների տարածքում նման զորավարժությունների անցկացման հնարավորության վերաբերյալ և հստակեցնում է 2023 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարա-վերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների համատեղ վերապատրաստման ծրագիրը», - ասել է Շչեգրիկովիչը:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը արձագանքել էր նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշման մանրամասները։
comment.count (0)