ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ժամանակ վերջինիս հայտնած լուրի հետ, որ Հայաստանը ներկա պահին նպատակահարմար չի համարում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել ՀՀ տարածքում։
Քարտուղարությունից նշել են, որ Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հաստատած, 2023 թվականի ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարական և վերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորման համատեղ պատրաստման պլանի համաձայն՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունը նախատեսվում է անցկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում, և Երևանն էլ հաստատել է այն։
«Ներկա դրությամբ հայկական կողմից սահմանված կարգով պաշտոնական ծանուցում չի ստացվել տվյալ զորավարժությունների չեղարկման վերաբերյալ։
Մենք հասկանում ենք ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, ինչը կարող է թույլ չտալ այս տարի ամբողջապես անցկացնել պլանավորված խաղաղապահ զորավարժությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ՀԱՊԿ քարտուղարությունն ու Միասնական շտաբը ձեռնարկում են առավելագույն քայլերը, որ համատեղ զորքերի մարտական պատրաստության պլաններն ամբողջությամբ իրականացվեն իրենց պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով՝ ի շահ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովման։
ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղարը հայտնել է, որ դիտարկվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունները ոչ թե Հայաստանի տարածքում, այլ կազմակերպության անդամ այլ երկրներում անցկացնելու տարբերակներ։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ ՀՀ-ն Հայաստանում զորավարժությունններ անցկացնելը նպատակահարմար չի համարում այս իրավիճակում։
Ավելի ուշ ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ դիտարկվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունները ոչ թե Հայաստանի տարածքում, այլ կազմակերպության անդամ այլ երկրներում անցկացնելու տարբերակներ։
comment.count (0)