Իրենք ապահովված են ամեն ինչով՝ բացի այդ անվտանգության նորմերի պահպանումից, որոնք խախտվել են․ Սիմոնյանը՝ զինվորների կացարանի մասին
13:16 - 23 հունվարի, 2023

Իրենք ապահովված են ամեն ինչով՝ բացի այդ անվտանգության նորմերի պահպանումից, որոնք խախտվել են․ Սիմոնյանը՝ զինվորների կացարանի մասին

Թող նախաքննությունը գնա, վստահեցնում եմ ձեզ, որ բոլոր մեղավորները նաև քրեաիրավական պատասխանատվություն կկրեն։ Այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորական վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհին։ 

Հարցին, թե արդյո՞ք կլինեն քաղաքական պատասխանատվություն կրողներ, օրինակ՝ պաշտպանության նախարարը, Սիմոնյանն ասաց․ «Պաշտպանության նախարարը որևիցե ձևով այս ամեն ինչի հետ կապ չի կարող ունենալ, որովհետև իր գործառույթի մասով ինքը իր աշխատանքը ամբողջությամբ արել է։ Այդ քաղաքական սակարկումները պաշտպանության նախարարի վերաբերյալ շատ սին եմ համարում և անտեղի, որովհետև այն բարեփոխումները, որ պարոն Պապիկյանը իրականացնում է, նաև այն պատասխանատվությունը, որ իր վրա վերցրել է, լինելով փոխվարչապետ, պատերազմից հետո այդ վիճակում նա համաձայնություն է տվել բանակը վերցնել և սկսել բարեփոխումներ»։

Լրագրողի դիտարկմանը, որ զինվորները «խրճիթում» են հայտնվել, Սիմոնյանն ասաց․ «Խրճիթ չի, շինարարական և սակրավորական ջոկատները այնտեղ են բնակվում։ Իրենք ապահովված են ամեն ինչով՝ բացի այդ անվտանգության նորմերի պահպանումից, որոնք խախտվել են, որի հետևանքով տեղի է ունեցել այդ դեպքը»։

Սիմոնյանը հավելեց․ «Այն, որ գործընկերը փորձում է խրճիթ ներկայացնել, սեփական տներ են, որոնք բավական լավ վիճակում են գտնվում և ապահովված են ամեն ինչով»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ գումար է  օգտագործվում այլ ծախսերի, օրինակ՝ ծառայողական մեքենաների, վերելակների համար, Սիմոնյանն ասաց․ «Հայաստանի Հանրապետությունը գումարի որևիցե խնդիր չունի բանակի վրա ծախսելու, և որևիցե դեպք չի եղել և չկա 2018-ից սկսած, որ գումարի պատճառով մենք որևիցե գնում չկատարենք։ Քաղաքական ղեկավարությունը իր կողմից ամեն ինչ արել է և շարունակելու է անել։ Դժբախտ պատահարը դարձնել քաղաքական շա հարկման թեմա և դա փորձել մտցնել քաղաքական օրակարգ, անտեղի եմ  համարում»։

Սիմոնյանը նաև նշեց, որ հանդիպել է հրդեհի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին։

Անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի միջազգային արձագանքին,  Սիմոնյանը կարևորեց  ԵԽԽՎ-ի զեկուցը․ «Բավականին ծանրակշիռ և կարևոր փաստաթուղթ էր մեզ համար, և կարևոր էր փաստթուղթ էր Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հետ կապված, և կարծում եմ՝ դիվանագիտական առումով բավականին հաջողություններ կան գրանցված»։ 

Անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այսօր սպասվող հանդիպմանը, Սիմոնյանն ասաց․ «Մենք բոլոր միջազգային ֆորմատներով այդ հարցը բարձրացնում ենք, և պետք է ասեմ, որ դա իր ազդեցությունը ունենում է, և կարծում եմ՝ հետևանքները մենք կտեսնենք նաև հողի վրա։ Շատ մանրամասներ պահին չեմ կարող ու չեմ էլ ուզում հայտնել»։

Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։ 

Պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել