Ադրբեջանն արձագանքել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը |tert.am|

tert.am: Ադրբեջանն ի գիտություն է ընդունում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծման վերաբերյալ Եվրամիության խորհրդի որոշումը, ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության՝ այսօր՝ հունվարի 24-ին, տարածած հաղորդագրության մեջ։

«Մենք շարունակում ենք հաստատակամ դիրքորոշում ունենալ, որ նման գործողությունները, ներառյալ (հայ-ադրբեջանական) սահմանի սահմանազատման գործընթացը, որը պետք է իրականացվի բացառապես երկկողմանի հիմունքներով, չպետք է վնասի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,-հայտնել են նախարարությունից։

ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում պետք է ապահովվի պատշաճ կերպով՝ հաշվի առնելով Ադրբեջանի «օրինական շահերը», առաքելության գործունեության իրականացումը չպետք է խաթարի փոխադարձ վստահությունը, ընդգծել է ադրբեջանական կողմը։

«Հավատալով, որ առաքելությունը կաջակցի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Բաքուն համաձայնություն է տվել այդ գործունեության իրականացմանը: Չնայած (նախորդ) երկամսյա առաքելության հստակ սահմանված պարամետրերի և նպատակների վերաբերյալ բարձր մակարդակի համաձայնությանը, դիտորդական առաքելության (նախնական) գործունեությունը լուրջ հակասության մեջ էր Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ՝ ԵՄ որոշ անդամներ պետությունների կողմնակալ մոտեցումից հետո։ Սա իր հերթին ազդել է ԵՄ-ի ներսում որոշումների կայացման գործընթացի հուսալիության և թափանցիկության նկատմամբ ընդհանուր վստահության վրա»,- հայտարարել է պաշտոնական Բաքուն։

«Տարբեր մակարդակներով ԵՄ ներկայացուցիչների հետ Ադրբեջանի կողմից անցկացված մի շարք խորհրդակցությունների ընթացքում նշվել է, որ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում չպետք է պատրվակ դառնա Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելուց հրաժարվելու համար։ Երկխոսության գոյություն ունեցող մեխանիզմների դեմ ԵՄ առաքելության ներկայությանը չարաշահումը վտանգավոր է և դրանից պետք է խուսափել»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում նախնական կտեղակայվի երկու տարով, կառավարման շտաբը կգործի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Թոմաթը: 

Ըստ հաղորդագրության՝ առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով