ՀՀ քննչական կոմիտեն Մովսես գյուղի բնակիչներից հաղորդումներ չի ստացել։ Այս մասին հալտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ նշելով․
«Չնայած արդեն երկրորդ օրն է՝ առանձին լրատվամիջոցների մեկնաբանություններ եմ փոխանցում Տավուշի մարզի Մովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, սակայն բանավոր հարցումները չեն դադարում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ հարկ եմ համարում հայտնել հետևյալը.
Ոստիկանությունից ստացված հաղորդումների հիման վրա Մովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ։ Դրանիցից մեկը, կապված բնակիչներից մեկի ավտոմեքենայից առերևույթ ձայնարկիչ գողանալու դեպքի հետ, նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (գողությունը՝ գաղտնի հափշտակությունը), իսկ մյուսը՝ կապված բնակիչների ավտոդողերը վնասելու և խոտի այրման դեպքերի հետ, նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել)։
Սկսվել է նախաքննություն, որի շրջանակներում իրականացվում են քննչական ու վարութային գործողություններ՝ կատարված դեպքերի հանգամանքները պարզելու ուղությամբ։
Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու հանձնարարություն՝ նաև առերևույթ հանցանք կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու նպատակով։
ՀՀ քննչական կոմիտեն գյուղի բնակիչներից հաղորդումներ չի ստացել, այդպիսիք լինելու դեպքում սահմանված կարգով իրավական ընթացակարգ կապահովվի»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը արտառոց դեպքեր են տեղի ունեցել Տավուշի շրջանի սահմանամերձ Մովսես գյուղում։
Մովսեսի համայքապետ Զավեն Պապյանը tert.am-ի հետ զրույցում դեպքի առթիվ ասել էր․ «Անհայտ անձը գյուղի թաղամասերից մեկում գիշերը պատռել է կայանած բազմաթիվ ավտոմեքենաների անվադողերը, վառել գյուղացու խոտի 27 տուկը։ Հաջորդ օրը նույն թաղամասում մարդիկ տնից դուրս գալիս նկատել են, որ իրենց տնից անհայտ անձինք են փախչում։ Թե ովքե՞ր են եղել, ի՞նչ է պատահել, դեռ հայտնի չէ։ Ոստիկանները ու ոստիկանության փրկարարները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, այս գիշեր հանգիստ է եղել, ոչ մի արտառոց բան չի պատահել»,- ասաց Զավեն Պապյանը։
comment.count (0)