Ըստ Քյարամյանի՝ վկաների ցուցմունքներով բենզինով վառարանը վառելու՝ ի սկզբանե առաջ քաշված վարկածը հիմնավորվում է
12:03 - 26 հունվարի, 2023

Ըստ Քյարամյանի՝ վկաների ցուցմունքներով բենզինով վառարանը վառելու՝ ի սկզբանե առաջ քաշված վարկածը հիմնավորվում է

Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված վարկածը այս պահին կենսունակ վարկածն է, մյուս բոլոր վարկածները ստուգվում են, և բացառման կանոնով քննությունն իրականացվում է: Այս մասին այսօրվա՝ հունվարի 26-ի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհին։ 

«Հիմնական վարկածը, որի շուրջ այս պահին քննությունն իրականացվում է, և կարծես թե, էս պահի դրությամբ ունենք ապացույցների այն անհրաժեշտ բազան, որով նաև մեղադրանք ենք առաջադրում, Կառավարության նիստի ընթացքում հրապարակված այդ հիմնական վարկածն է։ Բայց կրկնում եմ՝ քանի որ հասարակությունը անընդհատ հարցը բարձրացնում է, բոլոր վարկածների ուղղությամբ քննությունն իրականացվում է, որ հետո չհնչեն կասկածներ, որ մենք որևէ վարկած չստուգեցինք»։

Փաշինյանն էլ արձագանքեց՝ ընդգծելով, որ եթե նույնիսկ կառավարության նիստում որևէ բան հնչել է, որևէ մեկը այդ հնչածով սահմանափակված կամ կաշկանդված չէ․ «Որովհետև այդ պահին ինչ հնչել է, ինչ տեղեկություն ունեցել ենք, հանրության հետ կիսել ենք, կիսում ենք և կկիսենք։ Նկատի ունեմ՝ եթե կառավարության նիստում հնչածի 180 աստիճան հակառակ բան է եղել իրականում, մենք դրանով կաշկանդված չենք, որովհետև մենք հանրության հետ հաղորդակցության մեջ ենք»։

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ հայտնեց, որ բոլոր վկաները, որոնք մինչ այս պահը հարցաքննվել են, ուղիղ վկայում են այն մասին, որ բենզինով վառարանը վառելու՝ ի սկզբանե առաջ քաշված վարկածը հիմնավորվում է․ «Ասեմ ավելին՝ երկու օր առաջ օրապահը, որը անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ևս ցուցմունք է տվել և հիմնավորել է այդ վարկածը։ Այսինքն՝ ամեն ինչ շատ պարզ է, ու այլ բաներ փնտրելու ակնկալիքները, կարծում եմ՝ այնքան էլ ազնիվ չեն»։

Վարդապետյանի ու Քյարամյանի հայտարարություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք մանրամասներ հայտնեց քննությունից։

«Պետք է ընդգծել, որ ասվել է, որ այնտեղ օգտագործվել է բենզին, որն անհրաժեշտ է բուլդոզերների համար, որից հետո հարց է ծագել, որ բուլդոզերները դիզվառելիք են օգտագործում, հետո պարզվել է, որ բենզինն անհրաժեշտ է բուլդոզերները գործարկելու համար։

Հիմա փաստորեն գործի տվալներով հիմնավորվում է, որ վառարանի կրակը մարած է եղել, զինվորը բերել է, փայտ է լցրել մեջը, որից հետո սպան ասել է՝ մի բանով վառեք, որ կպնի, զինվորն էլ ասել է՝ մեջը մոխիր կա, լրացուցիչ բան անելու կարիք չկա։ Սպան փորձել է, այսպես ասած, վառել, հետո դիզվառելիք է փնտրել, ուզել վարորդներից, որից հետո, չգիտես ինչու, որոշել է, որ բենզինն ավելի լավ է։ Ընդ որում՝ վկան տեսել է էդ բենզինի տարան և սպայի հագուստը՝ բռնկված վիճակում, ու նաև տարածքը՝ բռնկված վիճակում։ Եվ էդ ամեն ինչը էս պահին գոնե հիմնավորվում է, և էլի եմ ասում, որ սա չի նշանակում, որ որևէ բանով կաշկանդված ենք, և քննությունը պետք է լինի շարունակական»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։ 

Պաշտոնանկություններ են եղել ՊՆ-ում։

Ձերբակալվել է ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն՝  Քրօրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Ըստ դատախազության՝ նա իր պարտականությունները չի կատարել՝ այդ թվում նաև հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել